Երևան +14°
copy image url
Արտաքին 11 ամիս առաջ - 18:00 17-05-2023

Ստամբուլն ու Անկարան կրկին մերժել են Էրդողանին. Թուրքիայի խոշոր քաղաքներում առաջատարը Քըլըչդարօղլուն է

Թուրքիայում մայիսի 14-ին կայացած նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքները շարունակվում են ուսումնասիրվել մասնագիտական շրջանակների կողմից։ Այս ընտրությունները մի շարք առանձնահատկություններով տարբերվում էին այդ երկրում նախկինում տեղի ունեցած մի շարք ընտրություններից, քանի որ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր քսանամյա պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ կանգնած էր և դեռևս կանգնած է իշխանությունը կորցնելու վտանգի առաջ, իսկ ընդդիմությունը լուրջ հնարավորություն ունի Էրդողանից ազատվելու և երկրի կառավարման ղեկն իր ձեռքը վերցնելու համար։

Հատկանշական էր, որ նախագահական ընտրությունների արդյունքում թեկնածուներից որևէ մեկին չի հաջողվել ստանալ ձայների 50 տոկոսից ավելին, և նախագահի ընտրությունը տեղափոխվել է մայիսի 28-ին, որը կկայանա գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի միջև, մինչդեռ խորհրդարանական ընտրություններում Էրդողանի գլխավորած դաշինքը համոզիչ հաղթանակ է տարել։

Առաջին փուլի արդյունքներով Էրդողանը ստացել է ձայների 49.5%-ը, Քըլըչդարօղլուն՝ 44.89%-ը, Սինան Օղանը՝ 5.17%-ը, իսկ Մուհարեմ Ինջեն՝ 0.44%-ը։

Միևնույն ժամանակ Թուրքիայում ընթացող ընտրական գործընթացներում չափազանց կարևոր նշանակություն ունի, թե երկրի խոշոր քաղաքներում, մասնավորապես, Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում և այլն, որ կուսակցությունը կամ քաղաքական գործիչն է հաղթել, քանի որ այս քաղաքներում է կենտրոնացված երկրի բնակչության մեծամասնությունը, տնտեսությունը, և այս քաղաքների արդյունքները որոշիչ նշանակություն կարող են ունենալ ողջ երկրում արձանագրված արդյունքների վրա։

Այս առումով նշենք, որ Էրդողանի գլխավորած Արդարություն և զարգացում կուսակցությունը դեռևս 2019 թվականի մարտին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով, չնայած կարողացել էր տոկոսային առումով հաղթել, սակայն մի շարք խոշոր քաղաքներում խայտառակ պարտություն էր կրել, որտեղ ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության ներկայացուցիչներին հաջողվել էր իշխանություն ձևավորել։

2019-ին ընդդիմությունը հաղթել էր Թուրքիայի հինգ խոշոր քաղաքներից չորսում՝ Ստամբուլում (ընդ որում կրկնակի ընտրություններում), մայրաքաղաք Անկարայում, Իզմիրում և Անթալիայում, Էգեյան և Միջերկրական ծովի տարածաշրջանների խոշոր քաղաքներում։

Եթե վերջին երկու քաղաքներում և տարածաշրջաններում կրած պարտությունը Էրդողանը կարող էր հանդուրժել, ապա վստահաբար նույնը չի կարելի պնդել Անկարայի և հատկապես Ստամբուլի դեպքում։

Վերջինս Էրդողանի համար չափազանց կարևոր նշանակություն ունի, քանի որ նա իր քաղաքական գործունեությունը մեկնարկել է 1994 թվականին՝ ընտրվելով Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում և այդ ժամանակ հայտարարում էր՝ նա ով հաղթում է Ստամբուլում, հաղթում է ամբողջ Թուրքիայում։ Այս համատեքստում Էրդողանը ներկայումս փորձում է ամեն կերպ խմբագրել սեփական հայտարարությունը և հակառակն ապացուցել, և ակտիվ ճնշումներ է գործադրում Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ։

Հատկանշական է, որ մայիսի 14-ին կայացած ընտրությունների ժամանակ Թուրքիայի խոշոր քաղաքներում կրկնվեց 2019 թվականի ՏԻՄ ընտրությունների ժամանակ արձանագրված պատկերը։ Մասնավորապես չնայած նախագահական ընտրությունները տեղափոխվել են երկրորդ փուլ, քանի որ թեկնածուներից որևէ մեկին չի հաջողվել ստանալ ձայների 50 տոկոսից ավելին, այնուամենայնիվ խոշոր քաղաքներում ընտրապայքարի առաջատարը Քըլըչդարօղլուն է։ Վերջինիս հաջողվել է հաղթել Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Անթալիայում, Ադանայում, Մերսինում և մի շարք այլ մեծ քաղաքներում։

Այսպիսով կարող ենք փաստել, որ Թուրքիայի խոշոր քաղաքները հերթական անգամ մերժել են Էրդողանի իշխանությունը՝ նախապատվությունը տալով ընդդիմությանը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս քաղաքներում է կենտրոնացած երկրի բնակչության մեծամասնությունը, ապա կարող ենք, պնդել, որ Թուրքիայի բնակչությունը հոգնել է Էրդողանի քսանամյա իշխանությունից և փոփոխություններ է ցանկանում։

Բացի այդ ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ Քըլըչդարօղլուն խոշոր քաղաքներում հաղթանակ է տարել, սակայն Էրդողանը նույնպես զգալի ձայներ է ստացել, իսկ քաղաքներ կան, որտեղ նրանց տարբերությունը 2-3% է՝ Քըլըչդարօղլուի օգտին։

Այս պատկերը պայմանավորված է այն հանգամանքով, որ Թուրքիայի ընդդիմությունը նախագահական ընտրություններում բավականին թույլ թեկնածու առաջադրեց և զգալիորեն բարդացրեց իր հաղթելու հնարավորությունը։

Վստահաբար կարող ենք պնդել, որ եթե ընդդիմությունն առաջադրեր Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կամ Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշի թեկնածությունը, ապա Էրդողանի նկատմամբ հաղթանակ կտաներ ընտրությունների հենց առաջին փուլում։

Նկատենք, որ մայիսի 28-ին կայանալիք ընտրությունների երկրորդ փուլում երկու թեկնածուների միջև պայքարն էլ ավելի կթեժանա և թե՛ Էրդողանը, թե՛ Քըլըչդարօղլուն գործադրելու են առավելագույն ջանքերը՝ նախագահի պաշտոնում ընտրվելու և իշխանություն ձևավորելու համար։

Հեղինակ՝ Դավիթ Գույումջյան