Թուրքիայում կիրակի օրը տեղի ունեցած ընտրություններից հետո արևմտյան դիվանգետները մտահոգված են այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահության հնարավոր երկարաձգմամբ, քանի որ դա կսրի Արևմուտքի և Անկարայի միջև առկա թշնամությունը։ Ինչպես փոխանցում է բրիտանական Financial Times պարբերականը, նրանք Էրդողանին անվստահելի ու անկանխատեսելի են համարում։
Հաղորդվում է, որ դիվանագետները կարծում են, որ Էրդողանի ևս մեկ ժամկետով նախագահ մնալը նշանակում է, որ Արևմուտքի և Անկարայի միջև անհանգստացնող հարաբերությունները կպահպանվեն։ Էրդողանի նկատմամբ դիվանագետների վերաբերմունքը սահմանակից է ատելությանը, մինչդեռ նրանք գտնում են, որ Էրրդողանի գլխավոր հակառակորդ Քեմալ Քըլըչդարօղլուն անկեղծ և համակրելի է։
«Արևմուտքը պատրաստվում է ևս հինգ տարի «անվստահելի» Էրդողանին Թուրքիայի ղեկին» վերնագրով հոդվածում նշվում է, որ ԱՄՆ-ի և Եվրոպայի պաշտոնյաները պատրաստվում են Էրդողանի հետ խորդուբորդ ճանապարհի, ում նրանք ընկալում են որպես անհանգիստ և անկանխատեսելի:
Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Էրիկ Էդելմանը Financial Times-ի հետ զրույցում նշել է, որ այդ երկիր «վետերան առաջնորդի» ևս մեկ պաշտոնավարումը կհանգեցնի Անկարայի հետ Արևմուտքի ծանր հարաբերությունների շարունակությանը: «Մենք ունենալու ենք շատ անվստահելի դաշնակից, որի քաղաքականությունը առաջնորդվելու է մեկ մարդու քաղաքական կարիքներով և քմահաճույքներով»,- ասել է նա՝ հավելելով, որ արևմտյան պաշտոնյաների շրջանում Քըլըչդարօղլուի նկատմամբ մեծ բարի կամք կա։
Հոդվածում անդրադարձ է կատարվել նախորդ տարիներին Էրդողանի կառավարման փորձին՝ այդ թվում ամերիկացի հոգևորականի կալանավորմանը, Ռուսաստանից S-400 համակարգերի ձեռքբերմանը, արևմտյան դեսպաններին արտաքսելու սպառնալիքներին, ինչպես նաև Էրդողանի կողմից ԵՄ սահմանին փախստականների ճգնաժամ ստեղծելու սպառալիքներին։
Մադրիդի Կառլոս III-ի անվան համալսարանի եվրոպական աշխարհաքաղաքականության պրոֆեսոր Իլկե Թոյգուրը նախազգուշացրել է, որ հարաբերությունները կարող են վատթարանալ իրենց առանց այն էլ ցածր հիմքից, եթե արևմտյան երկրները հրաժարվեն այն զսպվածությունից, որ ցուցաբերում էին վերջին մեկ տարվա ընթացքում: «Նրանք զսպում էին, քանի որ չէին ցանկանում նախագահ Էրդողանի քարոզարշավի համար նյութ դառնալ։ Բայց եթե նա հաղթի երկրորդ փուլում, հետ կանգնելու պատճառ չկա»,- կարծում է նա։
Նախկին թուրք դիվանագետ Ալփեր Քոսքունը, որն այժմ բնակվում է Վաշինգտոնում, ասում է, որ անհանգստացած է Արևմուտքի հետ լարվածության խորացման երկարաժամկետ հետևանքներից, երբ թուրքական հասարակությունն արդեն խորապես անվստահություն է զգում ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Եվրոպայի նկատմամբ: Նրա համոզմամբ՝ եվրոպական ինտեգրացիան առաջընթաց է ապրում, բայց առանց Թուրքիայի մասին հիշատակման։ «Եվս հինգ տարի, և այդ օտարումն ավելի խորանալու է»,- կարծում է նա։
Քոսքունը հավելել է, որ դա ազդեցություն կունենա թուրքական հասարակության աշխարհայացքի վրա, և այն չափով, որ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը և Չինաստանը, կարող են սնուցել այդ հակարևմտյան հոգեբանությունը Թուրքիայում։
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Թուրքիայում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում թեկնածուներից որևէ մեկին չի հաջողվել ստանալ ձայների 50 տոկոսից ավելին, և նախագահի ընտրությունը տեղափոխվել է մայիսի 28-ին, որը կկայանա գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի միջև։ Առաջին փուլի արդյունքներով Էրդողանը ստացել է ձայների 49.5%-ը, Քըլըչդարօղլուն՝ 44.89%-ը, Սինան Օղանը՝ 5.17%-ը, իսկ Մուհարեմ Ինջեն՝ 0.44%-ը։ Խորհրդարանական ընտրություններում առաջատարը Էրդողանի գլխավորած Ժողովուրդ դաշինքն է։