Երևան +17°
copy image url
Խոսք Ներքին 11 ամիս առաջ - 22:00 16-05-2023

Արցախի ժողովուրդն ու իշխանություներն են իրենց պետականության պահպանման միակ իրավատերը

Oragir.News-ը զրուցել է Արցախի նախկին արտաքին գործերի նախարար Արման Մելիքյանի հետ։

-Բրյուսելում չորս ժամ տևած հայ-ադրբեջանական բանակցություններից հետո դրանք հյուրընկալող Եվրոպական խորհրդի նախագահը հայտարարեց, որ Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հանձնառությունը։ Ընդ որում՝ այս անգամ Շառլ Միշելը ընդգծեց երկու երկրների տարածքները՝ Հայաստանի 29 հազար 800 և Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կմ-ը։ Այս 86 հազար 600 քառակուսի կմ-ի մեջ մտնում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Սա նշանակո՞ւմ է, որ Հայաստանը Արցախը վերջնականապես ճանաչեց Ադրբեջանի կազմում։

-Վարչապետ Փաշինյանը նախկինում մի քանի անգամ արդեն շեշտել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը դիտարկում է 29800 քառակուսի կիլոմետր տարածքի սահմաններում: Դեռևս չեմ լսել, որ ասած լինի, որ Ադրբեջանի տարածքը կազմում է 86600 քառակուսի կիլոմետր: Անգամ եթե ասի էլ, դա չի համապատասխանի իրականությանը: Շառլ Միշելի ասածն էլ իրականությանը չի համապատասխանում, այլ արտացոլում է հարցի եվրոպական ընկալումը: Օրինակ, եթե չեմ սխալվում, Թուրքիան չի ճանաչում Նախիջևանը որպես ունիտար Ադրբեջանի մաս և միանգամայն իրավացի է, քանի որ անգամ Կարսի պայմանագրով այն Ադրբեջան պետության տարածք չի ճանաչվել: Այդուհանդերձ պարոն Միշելը Նախիջևանի 5500 քառակուսի կիլոմետր տարածքը ներառել է իբր ադրբեջաապատկան 86600 քառակուսի կիլոմետրի մեջ: Նույնը վերաբերվում է Արցախի Հանրապետությանը, որի տարածքը մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը ներքին օրենսդրության համաձայն կազմել է մոտ 12000 քառակուսի կիլոմետր: Ադրբեջանի կողմից ուժի կիրառմամբ զավթված տարածքները իրավական առումով շարունակում են արցախապատկան մնալ, իսկ զինված ագրեսիայի միջոցով ստացված Բաքվի տարածքային ձեռքբերումները միջազգային իրավունքի շրջանակներում իրավաչափ ճանաչվել չեն կարող ո՛չ այսօր, ո՛չ էլ երբևէ ապագայում: Այլ հարց է, որ Արցախի ժողովուրդն ու իշխանություներն են ներկայումս իրենց պետականության ու տարածքային ամբողջականության պահպանման հետ կապված խնդիրների միակ իրավատերը, իսկ իրենց դիրքերն էլ այժմ անչափ թույլ են, խոցելի:

-Հայտարարության մեջ նաև նշվում է, որ շարունակվել են նաև բանակցությունները «նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակվող հայերի իրավունքների և անվտանգության հարցերի շուրջ»: Արդյո՞ք այստեղ Արցախի սուբյեկտայնությունը ընդգծելու տարր տեսնում եք։

-Այս պարբերությունում ուշագրավ է նախկին ԼՂԻՄ-ի հիշատակումը․ չէ որ այդ խորհրդային վարչատարածքային միավորը հայերի համար գոյություն չունի 1991 թվականի սեպտեմբերի 2-ից, երբ հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ ներառելով նաև հյուսիսային Արցախի հայաբնակ շրջանները, իսկ Ադրբեջանն էլ իր հերթին լուծարեց ԼՂԻՄ-ը, կարծեմ, 1992 թվականին: Հիմա Շառլ Միշելի հիշողությունը պեղեց ԼՂԻՄ-ը և ինչ-ինչ նպատակներով բերեց քաղաքական ասպարեզ: ԵՄ-ն փութաջանորեն մեզ վերադարձնում է Խորհրդային Միության իրողություններին:

-Հատկանշական է, որ վաշինգտոնյան հանդիպումից հայտարարությունները բավական զուսպ էին։ Արդյո՞ք Մինսկի խմբի անդամ երկրները կարող են հաշտ լինել այս լուծման հետ։

-Իրավիճակը բարդ է, բազմաշերտ, սակայն դրանում արձանագրվում են թեև փոքր, բայց անդադար փոփոխություններ, որոնք միտված են մեր տարածաշրջանում միանգամայն նոր ռազմաքաղաքական իրավիճակ ու միջավայր ձևավորելուն: Մինսկի խմբի անդամ պետությունների ներուժն այս համատեքստում տարբեր պահերի կարող է ինչպես համադրվել, այնպես էլ հանգեցնել առճակատումների: Առանցքային խնդիրը մեզ համար լինելու է Իրանի կղերապետական իշխանության ճակատագիրը և Ռուսաստանի պատրաստակամությունը՝ համագործակցելու պաշտոնական Թեհրանի հետ, վերջինիս դեմ իրականացվող գործողություններին հակազդելու համատեքստում:

-Արցախում արդեն խոսվում է հաշտեցման, ինտերգրման հարթակ ձևավորելու մասին։ Արցախի նախագահը հայտարարել է խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ։ Դուք Արցախի համար ի՞նչ հնարավորություններ եք տեսնում։

-Չեմ ուզում շտապողականություն դրսևորել ներկայումս Արցախում ծավալվող ներքաղաքական գործընթացների և Բաքվի հետ ապագա հարաբերությունների բովանդակության ու որակի վերաբերյալ: Գուցե հունիսի մեջ այս խնդիրների հետ կապված հնարավոր կլինի իրապես հիմնավոր ասելիք ունենալ:

Ամենից շատ դիտված