Երևան +11°
copy image url
Ներքին Խոսք 11 ամիս առաջ - 16:04 16-05-2023

Բրյուսելի հայտարարությունը հակասում է Հայաստանի ներքին օրենսդրությանը

Մայիսի 14-ին Բրյուսելում Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելը հանդես եկավ հայտարարությամբ՝ փաստելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։

«Հաջորդ քայլը լինելու է սահմանների դելիմիտացիան 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրով, որը ենթադրում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում, մասնավորապես, Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում 29․8 հազար քառակուսի կիլոմետրի սահմաններում, և Ադրբեջանինը` 86․6 հազար քառակուսի կիլոմետրի սահմաններում»,- հայտարարել է Շառլ Միշելը։

Սահմանադրագետ Գոհար Մելոյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ Շառլ Միշելի հայտարարության կարևորագույն կետերից մեկն այն է, որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքը, իսկ դա նշանակում է, որ Փաշինյանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։

«Ադրբեջանի 86․6 հազար քառակուսի կիլոմետր տարածքը որպես կանոն համապատասխանում է Ադրբեջանի պահանջած թվին։ Ինքս ստուգել եմ, որ Ադրբեջանի պաշտոնական աղբյուրենրում տեղադրված է նույն այդ 86․6 հազար քառակուսի կիլոմետր տարածքը, իսկ իրենք մշտապես Արցախը ներառել են այս քառակուսի կիլոմետր տարածքում։

Նշված է, որ հետագայում դելիմիտացիան և դեմարկացիան ավելի կհստակեցնեն սահմանները, բայց այս պահի դրությամբ բանավոր հայտարարություն է առկա առ այն, որ Հայաստանի ղեկավարն ընդունել է Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի կազմում»,- ասաց Մելոյանը։

Սահմանադրագետի խոսքով՝ իրավական առումով դեռ փաստաթուղթ չկա, ընդամենը դիվանագիտական տիրությում գտնվող հարց է՝ բանավոր ձեռքբերված պայմանավորվածություն, բայց չի բացառվում, որ առաջիկայում Փաշինյանը հերթական փաստաթղթի տակ կստորագրի․ «Այնպես չէ, որ մեր երկրի ղեկավարը հերքել է, որ նման ուղիով է գնում, երկար ժամանակ տարբեր կերպով թե ինքը, թե իր ուժի ներկայացուցիչները Օվերտոնի պատուհանը բացել էին և հայ հանրությանն այդ ուղիով էին տանում՝ Արցախից հրաժարման ուղիով, իսկ Արցախը հայկական Երրորդ Հանրապետության ու հայ ժողովրդի 30 տարվա պատմության կարևորագույն հենասյուներից է։

Այդ հայտարարությունն այս պահի դրությմաբ հակասում է մեր ներքին օրենսդրությանը, մեր հիմնարար փաստաթղթերին, խոսքը Անկախության հռչակագրի մասին է, որը պետականության ակունքներում է գտնվում, խոսքը մեր սահմանադրության նախաբանի մասին է, խոսքը Գերագույն խորհրդի որոշման մասին է՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, որը հավանաբար, մեր հիմնադիր հայրերը նման վտանգ կանխազգալով, ուղղակիորեն դրույթ են նախատեսել, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում նախատեսող ցանկացած միջազգային և ներպետական փաստաթուղթ անվավեր պետք է համարվի։

Այս պահի դրությամբ այդ հայտարարությունը հակասում է մեր պետության, պետականության հիմքում գտնվող հիմնարար փաստաթղթերին, մեր պետության գոյության տրամաբանությանը»։

Ճշտող հարցին՝ ի՞նչ քայլեր են հաջորդելու այս գործընթացին, որպեսզի Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածությունը կյանքի կոչվի, սահմանադրագետը պատասխանեց, որ միջազգային պայմանագիր ստորագրելուց առաջ նախ պետք է վավերացման փուլ անցնի՝ Սահմանադրական դատարանը դրա վերաբերյալ պետք է տա եզրակացություն, այնուհետ Ազգային ժողովի կողմից փաստաթուղթը պետք է վավերացվի։

«Բայց մենք օրինակներ ունենք, նույն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, հունվարի 11-ի, երբ ընդամենը Նիկոլ Փաշինյանը ստորագրել է և չի խորշել անգամ այդ վավերացման փուլը ապահովել»,- նշեց Մելոյանը։

Հարցին, եթե Նիկոլ Փաշինյանն, առանց վերը նշված գործընթացներն ապահովելու, օրենքի կոպտագույն խախտումներով ստորագրի նման փաստաթղթի տակ, հետագայում հնարավոր կլինի՞ այն առոչինչ ճանաչել և բանակցություններն այլ կետից շարունակել, Գոհար Մելոյանը պատասխանեց․ «Բնականաբար, հետագայում Կառավարությունների փոփոխության պարագայում Ադրբեջանը չի ընդունելու այն հանգամանքը, որ Հայաստանում ներպետական ընթացակարգեր չեն պահպանվել, օրենսդրություն է խախտվել, դա անգամ ծիծաղելի ժանրից է։

Նման ճոխություն թույլ տալու համար, մենք պետք է կարողանանք մեր պետականությունը վերականգել, մեր Զինված ուժերն այն մակարդակի պետք է լինի, որ կարողանանք մեզ նման ճոխությունը թույլ տալ այդ դաշտում իրենց հետ նոր բանակցային գործընթաց սկսել, բայց այս ուժը բանակցային գործընթացի հիմքերն այնքան է թուլացրել, որ սերունդների համար ահռելի բեռ ենք ժառանգություն թողնում։

Բանակցային գործընթացում բեկում մտցնելու միակ տարբերակը Փաշինյանի հեռացումն է»։