Անսպասելի բան կատարվեց հունիսի 28-ին։ Ոմանց կարծիքով՝ այն հրաշք էր, ոմանք քաղաքական ենթատեքստ են փնտրում։ Իրատեսները միանգամից նկատեցին առարկայական հիմքեր ու պարզագույն մի «շուստրիություն»։
«Առաջարկում եմ հանրային կոնսենսուս ձեռքբերել, որ մի իքս ամսաթվից հանրային–քաղաքական–հրապարակային դաշտում հայհոյախոսությունը եւ հիբրիդային թիրախավորումը դադարեցնում ենք եւ անցնում բացառապես քաղաքակիրթ եւ հարգալից բանավեճի, եւ միայն ստուգված փաստերի վրա հիմնվելու տրամաբանությանը։ Ես առաջարկում եմ հուլիսի 1–ը որպես կոնսենսուսի մեկնարկի ամսաթիվ եւ այս պահից մինչեւ հուլիսի 5–ը վետո եմ դնում իմ կողմից «պարականոն» բառապաշարի եւ խոսույթի կիրառման վրա։ Հուլիսի 5–ին կկիսեմ իմ տպավորությունը, թե ինչ արձագանք է գտել առաջարկը հանրության եւ սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում։ Շնորհակալ եմ»,- գրել էր Նիկոլ Փաշինյանը։
Ինչո՞ւ հիմա է այսպիսի մորատորիում հայտարարում Փաշինյանը։
Լավատեսները կարծիք հայտնեցին, թե հրաշք է տեղի ունեցել, Նիկոլ Փաշինյանի մեջի չար դևերը դուրս են եկել, նա գիտակցել է, որ հայհոյելը վատ բան է, այլասերում է հասարակությունը, ազգային անվտանգային ռիսկեր ստեղծում և պետության կործանման վտանգ Սոդոմի օրինակով։
Քաղաքական հետաքրքրություններ ունեցողները կարծեցին, թե միակողմանի մորատորիումը պայմանավորված է գալիք ընտրություններով։ Եվ նա իբր այսպիսով փորձում է մեղմել իր և ՔՊ-ի հասցեին հնչող հայհոյանքները։ Սա տրամաբանական վարկած չէ, քանի որ հայհոյախոսությամբ նա կարող է բոլորին գերազանցել։ Այսինքն՝ եթե 2026-ի ընտրապայքարում չլինի գաղափարների, ծրագրերի բանավեճ, այլ հայհոյախոսության մրցապայքար, ապա Փաշինյանն անկասկած կհաղթի։
Հանրության մի մասը խիստ վրդովված է վերջին օրերի ձերբակալություններից։ Մարդիկ կարծում են, թե մեղադրանքները շինծու են կամ չափազանցված։ Վրդդովվել են ԱԱԾ-ի ներխուժումից վեհարան։ Միքայել Սրբազանի կալանավորումը ևս լայն արձագանք ստացավ։ Հետևաբար՝ կանխատեսելի է, որ առաջիկա օրերին հաջակցություն Բագրատ Սրբազանի և Միքայել Սրբազանի կկազմակերպվեն ցույցեր և կբազմապատկվի Փաշինյանին հայհոյողների քանակը։ Դրա համար է նա խնդրում միմյանց չհայհոյել։
Կա նաև հոռետեսական վարկած, ըստ որի Նիկոլ Փաշինյանը հուլիսի 1-5-ը շատ վատ բան է ծրագրել, այնպիսի մի վատ բան, որը ժողովրդական ընդվզման մեծ ալիք կարող է բարձրացնել և նույնիսկ դաստիարակված մարդիկ չեն կարող զսպել նրան հայհոյելու ցանկությունը։ Եվ այդ պատճառով է առաջարկում չհայհոյել։ Իսկ եթե մարդիկ նրան հայհոյեն նաև հուլիսի 1-5-ը, ապա առիթ կունենա ասելու, որ շանս էր տվել քաղաքական համայնքին ընտրապայքարն անցկացնել առանց հայհոյանքի, բայց գործընկերները չընդունեցին այդ կարգը, նախընտրեցին հայհոյախոսությունը, «դե հիմա եկեք, ասեմ»։
Ի վերջո՝ այս ամեն կասկածների վրա լույս սփռեցին իրատեսները, որոնք միանգամից նկատեցին, որ Փաշինյանի նախաձեռնության իրական դրդապատճառը պարկեշտությունը չէ, հանրային խոսքի որակը, հարգանքն ու արժեքը չեն: Նույնիսկ քաղաքական ենթատեքստ չկա այստեղ։ Հանրային հոգեբանական առողջության հանդեպ հոգոտարություն էլ չկա։ Իրականում Ֆեյսբուքը հեռացրել էր Փաշինյանի հայհոյախառն գրառումը, որտեղ նա հայհոյանք էր գրել հոգևորականների հասցեին։ «Մետա» ընկերությունը, հավանաբար, նաև նկատողություն է արել նրան, որոշ ժամանակ տվել, որի ընթացքում, եթե նման անպարկեշտ գրառումներ անի, ապա Ֆեյսբուքը կարգելափակի նրա էջը։ Եվ այս իրավիճակում Փաշինյանը ստիպված է եղել մորատորիումի առաջարկով հանդես գալ, որ չզրկվի Ֆեյսբուքի էջից։ Այսինքն՝ խնդիրը պարկեշտությունը կամ քաղաքական պատասխանատվության գիտակցումը չէ, այլ «Մետա» ընկերության պատժի սպառնալիքը, որից վախեցած Նիկոլ Փաշինյանը գործընկերներին առաջարկում է մի քանի օր միմյանց չհայհոյել, մինչև անցնի էջը փակելու իրական վտանգը։
Թաթուլ Մկրտչյան