Թուրքիայում տեղի ունեցող համապետական ընտրությունների գործընթացում չափազանց կարևոր նշանակություն ունի արտասահմանյան երկրներում ընթացող քվեարկությունը, որը հիմնականում ավարտվում է Թուրքիայում ընթացող քվեարկությունից մի քանի օր առաջ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չափազանց մեծ կարևորություն է տալիս արտասահմանաբնակ թուրքերի քվեարկությանը, որպեսզի վերջիններս նաև այդ ճանապարհով պահպանեն իրենց ազգային ինքնությունը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախօրեին կայացած ընտրությունների արդյունքում թեկնածուներից որևէ մեկին չի հաջողվել ստանալ ձայների 50 տոկոսից ավելին, և նախագահի ընտրությունը տեղափոխվել է մայիսի 28-ին, որը կկայանա գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի միջև։ Առաջին փուլի արդյունքներով Էրդողանը ստացել է ձայների 49.5%-ը, Քըլըչդարօղլուն՝ 44.89%-ը, Սինան Օղանը՝ 5.17%-ը, իսկ Մուհարեմ Ինջեն՝ 0.44%-ը։
Միևնույն ժամանակ նկատենք, որ արտասահմանյան քվեարկության արդյունքում բավականին ուշագրավ պատկեր է արձանագրվել։ Այս քվեարկությամբ նույնպես առաջատարը Էրդողանն է՝ ձայների 57.20%-ով։ Նրան հաջորդում է Քլըըչդարօղլուն՝ 39.85%, Սինան Օղանը՝ 1.90% և Մուհարեմ Ինջեն՝ 1.06% (արտասահմանյան քվեարկության ժամանակ Ինջեն դեռևս չէր հայտնել ինքնաբացարկի մասին)։
Չնայած գործող նախագահ Էրդողանը առաջատար է արտասահմանյան քվեարկության ընդհանուր արդյունքներով, այնուամենայնիվ վերջիններս ուշագրավ են առնվազն մի քանի երկրների առումով։
Մասնավորապես Ադրբեջանում չնայած հաղթող է ճանաչվել Էրդողանը, սակայն նրան չի հաջողվել ստանալ ձայների 50 տոկոսից ավելին։ Ադրբեջանում Էրդողանի օգտին է քվեարկել այդ երկրում բնակվող թուրքերի 49.42%-ը, նրա մրցակից Քըլըչդարօղուի օգտին՝ 41.92%-ը, իսկ երկու թեկնածուների միջև ձայների քանակի տարբերությունը կազմում է 495 քվե։ Այս պատկերն առնվազն զարմանալի է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի իշխանություններն ամեն կերպ աջակցել են Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, իսկ այդ երկրում անցակացված հետազոտությունների արդյունքների համաձայն՝ Էրդողանը մշտապես բացարձակ առաջատար էր։
Միևնույն ժամանակ նկատենք, որ Թուրքիայում տեղի ունեցած նախընտրական քարոզարշավի շրջանակներում բավականին ակտիվ շահարկվում էր Արցախյան 44-օրյա պատերազմում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերված աջակցության թեման, իսկ իշխանության ներկայացուցիչները պնդում էին, որ ընդդիմությունը դեմ է եղել Բաքվին աջակցություն ցուցաբերելուն։ Այս լարվածությունն էլ ավելի խորացավ նախորդ շաբաթ, երբ Քըլըչդարօղլուն հրապարակեց Թուրքիայից Չինաստան տանող ճանապարհի քարտեզը, որն անցնում էր Իրանի և Միջին Ասիայի երկրների տարածքով՝ շրջանցելով Ադրբեջանը և այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը։
Այս համատեքստում հարց է առաջանում՝ ադրբեջանաբնակ թուրքերն այլևս չե՞ն աջակցում իրենց մեծ եղբայր Էրդողանի քաղաքկանությանը։ Բացի այդ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շտապել էր առաջինը շնորհավորել Էրդողանին այն դեպքում, երբ ընտրությունների արդյունքներն ամբողջովին չէին հրապարակվել և վերջնական պատկերը հայտնի չէր։
Բացի այդ՝ չափազանց հետաքրքիր պատկեր է արձանագրվել նաև Ռուսաստանում բնակվող թուրքերի պարագայում։ Մի շարք փորձագետների համոզմամբ՝ Ռուսաստանի Դաշնությունն այս ընտրություններում ամեն կերպ աջակցում է Էրդողանին, որպեսզի վերջինս կարողանա պահպանել իր քսանամյա իշխանությունը։ Ավելին, օրեր առաջ Քըլըչդարօղլուն Ռուսաստանին հորդորել էր չմիջամտել Թուրքիայում ընթացող ընտրական գործընթացին, իսկ այդ երկրի իշխանությունների համար դա լավ առիթ էր հանդիսացել ընդդիմադիր թեկնածուին թիրախավորելու և քաղաքական դիվիդենտներ շահելու համար։
Սակայն հրապարակված արդյունքների համաձայն՝ Քըլըչդարօղլուն Ռուսաստանում բնակվող թուրքերի շրջանում համոզիչ հաղթանակ է տարել՝ ստանալով ձայների 54.68%-ը, իսկ Էրդողանը ստացել է 37.95% ձայն։ Այսպիսով, չնայած Ռուսաստանի կողմից Էրդողանին ցուցաբերված աջակցությանը՝ այնուամենայնիվ այդ երկրում բնակվող թուրքերը Թուրքիայի նախագահի պաշտոնում տեսնում են Քըլըչդարօղլուին։
Թուրքիայի ընդդիմության թեկնածուն առաջատար է նաև սկանդինավյան երկու երկրներում՝ Շվեդիայում և Ֆինլանդիայում բնակվող թուրքերի շրջանում կայացած քվեարկության արդյունքներով, որոնք դիմել էին ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, սակայն Թուրքիան տևական ժամանակ անց հաստատեց միայն Ֆինլանդիայի հայտը, իսկ Շվեդիան դեռևս սպասում է իր անդամակցության հաստատմանը։ Այս առումով Քըլըչդարօղլուն խոստացել է աջակցել Շվեդիայի անդամակցության հաստատմանը, ինչի համար Էրդողանը առաջ է քաշել մի շարք նախապայմաններ։ Հատկանշական է, որ Շվեդիայում Քըլըչդարօղլուն ստացել է ձայների 53.62%-ը, իսկ Էրդողանը՝ 43.98%-ը։ Ֆինլանդիայում պատկերը համապատասխանաբար կազմում է 78.89 և 23.18%։ Այս տվյալներից կարելի է ենթադրել, որ սկանդինավյան այս երկու երկրներում բնակվող թուրքերը չեն աջակցում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում Էրդողանի կողմից Շվեդիայի և Ֆինլանդիայի նկատմամբ իրականացվող քաղաքականությանը։
Ուշագրավ պատկեր է ստացվել նաև Ուկրաինայում կայացած քվեարկության արդյունքում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռուս-ուկրաինական պատերազմի թեման նույնպես բավականին ակտիվ շահարկվել է այս ընտրություններում։ Մասնավորապես Թուրքիայի իշխանությունները պնդում էին, որ իրենց հմուտ քաղաքականության արդյունքում հաջողվել է չեզոքություն պահպանել և միջնորդական առաքելություն իրականացնել, ինչպես նաև սպառնում էին երկրի բնակչությանը, որ ընդդիմությունը իշխանության գալու պարագայում երկիրը կներքաշի պատերազմի մեջ։ Ուկրաինայում Քըլըչդարօղլուն ստացել է ձայների 59.30%-ը, իսկ Էրդողանը՝ 35.31%-ը։
Բացի այդ Քըլըչդարօղլուն հաղթել է Միացյալ Նահանգներում, Կանադայում, Իսպանիայում, Իտալիայում, Հունաստանում, Բուլղարիայում, Բրազիլիայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Չինաստանում, Ղազախստանում, Թուրքմենստանում և մի շարք այլ երկրներում։
Սակայն Էրդողանին հաջողվել է հաղթել Գերմանիայում, Ֆրասիայում, Ավստրիայում, որտեղ առկա են ամենամեծ թվով թուրք ընտրողները։ Հենց սրա շնորհիվ է Էրդողանին հաջողվել հաղթանակ տանել արատասհամանյան քվեարկության ընդհանուր արդյունքներում։ Էրդողանը առաջատար է նաև Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր արևելքի երկրներում։ Վերջինիս այս տարածաշրջաններն առանձնահատուկ կերպով կարևորում է և այստեղ հետևողական քաղաքականություն է վարում։
Ստորև ներկայացված քարտեզում արտահայտված են Թուրքիայի նախագահական ընտրությունների արտասահմանյան քվեարկության արդյունքները. կարմրով նշված երկրներում առաջատարը Քըլըչադարօղլուն է, իսկ դեղինով նշվածներում՝ Էրդողանը։ Մոխրագույնով նշված երկրներում քվեարկություն չի կայացել։
Հեղինակ՝ Դավիթ Գույումջյան