copy image url
Ավելին 11 ամիս առաջ - 15:28 13-05-2023

«Եվրատեսիլը» վնասակար երևույթ է մեծացող սերնդի համար

Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում ընթացող «Եվրատեսիլ-2023»-ի երկրորդ կիսաեզրափակիչում Հայաստանը ներկայացնող Բրյունետը «Future lover» երգով հաջողությամբ անցավ մրցույթի եզրափակիչ փուլ: Եզրափակիչը տեղի կունենա այսօր՝ 23:00-ին։

Oragir.News-ի հետ զրույցում երաժշտագետ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի դասախոս Լիլիթ Մարտիրոսյանն ասաց, որ «Եվրատեսեիլին»՝ իբրև երաժշտական մրցույթի, իբրև մշակութային միջոցառման, չի վերաբերվում։

«Դա զուտ ակնհայտ քաղաքականություն է, շատ կոպիտ դրսևորումներով, գռեհիկ հռետորաբանությամբ քաղաքականություն է»,- նշեց Մարտիրոնյանը։

Խոսելով «Եվրատեսիլում» հնչող երգերից՝ Մարտիրոսյանն ասաց, որ դրանք նորմավորված են ինչ-որ չափանիշների մեջ։

«Այնտեղ կա ժամանակային չափանիշ, տեքստային պարտադիր բաղադրիչ, որը պետք է լինի անգլերենով, էլեմենտներ կարող են լինել տվյալ ազգի լեզվի բաղադրիչներով, բայց գլխավորապես երգը պետք է լինի անգլերեն, ինչը ինքնին հակասում է երաժշտությանը, երաժշտական տրամաբանությանը, քանի որ Կոմիտասի խոսքից գիտենք, որ ամեն ժողովրդի երաժշտություն իր լեզվի հնչյուններից կծնվի և կծավալվի։ Սա նշանակում է, որ երաժշտության ինտոնացիոն հենքը իր լեզվական ինտոնացիաներն են։ Ցանկացած լեզու ունի իրեն հատուկ հնչողություն, ելևէջումներ, դրանից էլ ծնվում է այդ ժողովրդի երաժշտությունը»,- ասաց Մարտիրոսյանը։

Մարտիրոսյանը նշեց նաև, որ «Եվրատեսիլում» հնչող երաժշտությունը սովորաբար չի ունենում այն բարձր գեղարվեստական արժեքը, որ հետո ենթադրվում է տարածել աշխարհով մեկ։

«Սա սովորաբար կրում է պոպուլյար, պարզեցված երաժշտական արտահայտչամիջոցներով մի նկարագիր, որ աստիճանաբար, հիմնավորվելով հատկապես երիտասարդության շրջանակներում, համահարթեցման է տանում երաժշտական ճաշակը՝ ամբողջ աշխարհով մեկ իջեցնելով այդ ճաշակի գեղարվեստական չափանիշները»,- ասաց Մարտիրոսյանը և հավելեց, որ միաժամանակ երկու բան է տեղի ունենում, որ այն տարածվում է իբրև մի ընդհանուր ստանդարտ՝ լեզվական, երաժշտական, և միաժամանկ իջեցնում է այն։

Ըստ մեր զրուցակցի՝ սա զուտ ժամանցային նշանակություն ունի։ «Ես՝ իբրև մտածող մարդ, «Եվրատեսիլը» համարում եմ վնասակար մի երևույթ աշխարհի, մեծացող սերունդների համար, ապրող երիտասարդության համար»,-նշեց Մարտիրոսյանը և հավելեց, որ տեղին կլինի հիշել Ալֆրեդ Շնիտգեի խոսքը, որ ասում էր․ «Шлягер - это зло в музыке»։

«Մատչելիությամբ և դրա ներքո տեղադրված ոչ բարձր բովանդակությամբ ինքը՝ իբրև ցածր բովանդակություն, ստեղծում է հասանելիության և քոնը լինելու պատրանք։ Մեծ լսարանները չմանրանալով, չմտնելով դրա էության մեջ, անմիջապես կուլ են տակիս այդ հեշտ սնունդը և իրենց թվում է, որ այդ երգը իրենց մասին է ևս»,- ասաց Մարտիրոսյանը։

Խոսելով մեր մասնակցի ելույթից՝ Մարտիրոսյանն ասաց, որ երգը սկսվում էր գունային, միրաժային խաղով, այսինքն՝ դա ակնհայտորեն երազանքի ինչ-որ վիճակ է, պատրանքային մի վիճակ է, և հետո ավելի հստակ է դառնում, որ դա իրականում պատրանք է։

«Հետո գույները փոխվում են սև և սպիտակի, հոգեվիճակի փոփոխություն է լինում, և հետո ինքը բացատրում է այն ամենը, ինչ իր հետ տեղի է ունենում»։

Մարտիրոսյանը նշեց, որ ելույթում մենք տեսնում ենք, որ բեմադրել են ինչ-որ տագնապային իրավիճակ. աղջիկը ունի կախվածություն սիրային փոխհարաբերություններից` այդ գաղափարից, երևույթից ինքնին։ Երազում է սիրելիի, սիրելի ունենալու մասին, ունենում հոգեբանական տագնապներ, շարունակ չի կարողանում կենտրոնանալ և այլն։ Սա տիպիկ բնութագիր է հոգեբանակա, հոգեկան այդ խնդրի։

«Նախ՝ սկսում է խոսվել նրանից, որ ուզում է սիրեցյալի հետ այցելել հին գրքերի խանութ, հետո հյութ խմել, այսինքն՝ այստեղ արժեհամակարգերի ինչ-որ կոնկրետացում չկա, պարզապես կենցաղային ինչ-որ մոտեցումներ են, հետո խոսում է երազանքից, տագնապայից, հետո նշում, որ այլ պլաններ չունի, երգում անընդհատ ասում է, որ ինքը ուզում է լինել լավը, լավ տեսք ունենալ, այսինքն իր առաջ անընդհատ խնդիր է դնում՝ սիրելու ենթակա լինելու»,- նշեց Մարտիրոսյանը և հավելեց, որ դա հիվանդագին մոտեցում է, քանի որ մարդուն չեն սիրում նրա համար, որ նա լավն է սիրում են, որովհետև սիրում են։

Խոսելով երգում առկա հայերեն հատվածից՝ Մարտիրոսյանն ասաց, որ դա ամբողջությամբ հակասության մեջ է տեքստի մնացած մասի հետ։

«Սկզբում երգում է երազանքի մասին, իսկ հետո ասում, որ նա լքված է և հեռու, սա կամ տեքստը հորինողի, կատարողի, կամ այդ ամբողջ ստեղծագործական խմբի ստեղծագործական անկարողության արդյունք է, մարդիկ բառ չեն գտել, ինչ-որ ձևով հանգերը համաձայնեցրել են, մի բան հիշել են, գրել են կամ խոսում է առջկա հիվանդագին հոգեվիճակի մասին կամ երկուսը միասին, քանի որ իր երգի ամբողջ տրամաբանությունը ցույց է տալիս, որ ինքը ո՛չ գիտի՝ ինչ է ուզում, ո՛չ գիտի՝ դա կա, թե չկա, հեռու էլ քված է, ինչ է, և այլն, և այլ»,- ասաց Մարտիրոսյանը և հավելեց, որ այդ ամբողջը անհավասարակշիռ վիճակի մասին խոսող տեքստեր են։

Խոսելով բեմադրությունից, մասնակցի հագուստից՝ ասաց. «Դա իրականում որևէ առնչություն չունի հայ երաժշտական, պարային մշակույթի հետ, այնտեղ պարային շարժումների մեջ բացարձակապես մեզ հետ կապ չունեցող մի բան էր»,- ասաց Մարտիրոսյանը և ավելացրեց, որ դրանք մեր պարային շարժումների տրամաբանությանը դեմ են, քանի որ մեր շարժումները բխում են մեր հոգեկերտվածքից։

«Անգամ մեր ռազմապարերը նման հիստերիկ շարժուձև չեն ենթադրում, ագրեսիա չունեն, մեր ռազմապարերի մեջ անգամ կա վճռականություն, ուժ, կամք, բայց ագրեսիա չկա, իսկ այդ ելույթում ամեն ինչ խառն էր»,- նշեց մեր զրուցակիցը։

Դիտարկմանը, որ կիսաեզրափակչից հետո ֆեյսբուքյան շատ օգտատերեր գովաբանող գրառումներ էին արել՝ նշելով, որ հիասքանչ ելույթ էր, Մարտիրոսյանն արձագանքեց․ «Պետք է ցանկացած երևույթ տալ մասնագետին, որ գնահատի։ Դուք ինձ կարող եք տալ մի թանկ զարդ, ես ենթադրեմ, որ դա աղբ է և թափեմ, քանի որ ոչինչ չեմ հասկանում»։

Մարտիրոսյանը նշեց, որ տնտեսագետության ոսկե կանոնը այստեղ չի գործում։ Քանի որ հանրության 98 և ավելի տոկոսը երաժշտական կրթություն և լուրջ պատկերացումներ երևույթների վերաբերյալ չունի, բնական է, որ պետք է հիանային։


Լիլիթ Հարությունյան

Ամենից շատ դիտված