Երևան +12°
Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 09:56 13-05-2023

Ինչ կարծիքի են սահմանամերձ Հայկաձորի բնակիչները հայ-թուրքական հարաբերությունների մասին

Սահմանամերձ Հայկաձորը գտնվում է Գյումրիից 37 կմ հարավ-արևմուտք, գյուղը նախկինում ունեցել է Կարմիր վանք, Կզըլքիլիսա Մեծ, Ղզըլքիլիսա, Ղոշավանք, Ղոշավանք Նոր, Ղուշավանք անվանումները։ Հայկաձոր է վերանվանվել 1950 թ-ին։

Հայկաձորցիները Oragir.News-ի հետ զրույցում ասում են, որ հայ-թուրքական հարաբերությունների, սահմանի բացման մասին ժամանակ առ ժամանակ լսում են, բայց առանձնապես սպասելիքներ չունեն։

Հայկաձորցի Պավլիկ Հարությունյանը, նախքան զրույցը սկսելը, ցույց է տալիս մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող թուրքական գյուղերը, հետո կես կատակ-կես լուրջ ասում է՝ մարդ էլ տարիներով ըստեղ ապրի, բայց չիդենա, թե կողքի հարևանն ով է։



«Սահմանը բացելուց հետո ամեն ինչ էլ կռնա էղնի, եթե իմ կարծիքը գուզեք իմանալ, ես կկարծեմ, որ ըդպես միանգամից պետք չէ բացել սահմանը, նախ պետք է մարդկանց պատրաստել էդ ամեն ինչին: Ուշ թե շուտ էս օրը պտի գար, իրանք՝ վերևները իրար մեջ որոշել են, ո՞վ պտի հասարակ գյուղացու կարծիքը հարցներ, թե գուզե թուրքի հետ հարաբերությունները կարգավորել, թե՞ չէ: Հասարակ մարդուն որ հարցնեք, թե իրան ինչ է պետք, կըսե՝ նորմալ, խաղաղ կյանք: Թե չէ էս ինչ կյանք է, երեխուդ դժվարությամբ կպահես, կուդաս հայրենիքին, բան չունիմ ըսելու, բայց հայրենիքը չի վերադարձնե ըմբես, ինչղ տվել ես քո երեխուն: Երեք տղա ունիմ, աչքդ բացես-փակես, արդեն ծառայության ենթակա են, ահն ու վախը սրտներս է: Մենք թուրքի հետ դարեդար թշնամի ենք եղել, չեմ պատկերացնե, թե ինչղ է հնարավոր թուրքի հետ բարեկամություն էնել, բայց ես կհիշեմ, որ նախքան երկրաշարժը առևտուր ենք էրել իրանց հետ, ապրանքափոխանակում և այլն, բայց դե թուրքը միշտ թուրք է մնում, հո ձեռագիրը չփոխվավ»,-ասում է Պավլիկ Հարությունյանը:

Հայկաձորի բնակիչն ասում է՝ ես չեմ կռնա վստահաբար ըսել, որ սահմանը հենց բացվավ բարեկամներ կեղնինք, ոչ էլ կռնամ ըսեմ, որ սահմանի բացվելուց հետո շատ վատ կեղնի։

Հայկաձորի մեկ այլ բնակիչ՝ Երանոս Գասպարյանը, ով զբաղվում է մեղվապահությամբ, ասում է՝ Հայկաձորում է ծնվել, մեծացել, բայց հարևան Թուրքիայի հետ, որպես էդպիսին, հարևանություն չի տեսել, «իրենք իրենց համար են ապրում, մենք՝ մեր»:



«Ընդհանուր օգտագործման ջրամբար ունինք, ջուր չափելու օրերին գուկան, չափենգը, թե ինչքան ջուր են օգտագործել, կամ ինչքան ջուր ենք մենք օգտագործել: Ընդհանրապես թուրքի հետ հարաբերություններ, թեկուզ գյուղի բնակիչների մակարդակով, չունինք և հարևանություն չենք էլ էրել նախկինում, երևի հնարավոր էլ չէ թուրքի հետ հարևանություն էնել: Եթե իմ պապը ընդեղից փախել-եկել է ըստեղ, ուրեմն իրանց հետ հարևանություն էնել հնարավոր չի եղել: Գործող կառավարությունը գուզե սահմանը բացել, իրենց ըսելով՝ էս էն թուրքը չէ, տեսնինք, ժամանակը ցույց կուդա: Ըմբես է ստացվել, որ էս տարածաշրջանում պտի կողք կողքի ապրենք, ինչ էնենք»,- ասում է Երանոս Գասպարյանը:

Հայկաձորի բնակչի խոսքով՝ թուրքին դժվար է հավատալ, ամեն ինչ պետք է հաշվի առնել: Հիշում է, որ 2000-ականներին հայկական կողմից 60-70 գլուխ անասուն անցավ թուրքական կողմ, բայց հետ չկարողացան վերադարձնել, բայց դեռևս խորհրդային տարիներին, երբ թուրքական կողմից անցել էին մեր կողմ, նույն օրվա մեջ վերադարձվել է թուրքական կողմին:

Հայկաձորցիները խուսափում են տեսախցիկի առջև խոսելուց, բայց տեսախցիկից այն կողմ անկաշկանդ ասում են, որ փակ սահմանը լավ բան չէ, բայց կծան շան կողքից անցնելիս ձեռքիդ փայտը պիտի չգցես։