copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:47 02-03-2023

Առաջին անգամ կիրառել ենք «հատուկ կարծիքի» ինստիտուտը․ մտադիր են օգտագործել այլ մարմիններում ևս․ Արծվիկ Մինասյան

«Նախորդ հերթական նիստերից հետո Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում դրական տեղաշարժեր չունենք, անվտանգության համակարգում շարունակվում են նույն մարտահրավերներն ու սպառնալիքները, շարունակվում է ՀՀ իշխանության անձեռնահաս վարքագիծը։ Այս մասին այսօր ԱԺ-ում խմբակցությունների ճեպազրույցի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Պատգամավորը նշեց, որ առաջին անգամ կիրառել են «հատուկ կարծիքի» ինստիտուտը, որի էությունն այն է, որ հանձնաժողովի անդամների մեկ քառորդը եթե ունի այլ մոտեցում, կամ հանձնաժողովի մեծամասնության կարծիքն է, ապա իրավունք ունեն ԱԺ նիստում ներկայացնել և հավասարազոր՝ հիմնական և հարակից զեկուցողներն այս ուղղությամբ իրենց պատկերացումները ներկայացնեն: Այս ինստիտուտը մտադիր են նաև օգտագործել այլ մարմիններում ևս, այդ թվում՝ ՍԴ, դատական այլ ատյաններ բողոքներ բերելու շրջանակներում:

«Երկու հարցով բերեցինք հատուկ կարծիք, մեկը պետական գաղտնիքի վերաբերյալ օրենսդրությանն էր առնչվում: Այս ոլորտում ակնհայտ է, որ օրվա քաղաքական իշխանությունը վատ ավանդույթը շարունակելու և էլ ավելի վատացնելու սկզբունքի ներքո փորձում է այս գործիքն օգտագործել իբր ազգային անվտանգության շղարշի ներքո, բայց փաստացի քաղաքական գործունեությամբ զբաղվող անձանց իրական հետապնդումներ, գաղտնալսումներ և այլ տիպի աշխատանքներ իրականացնելու ուժով: Եվ այս օրենսդրությունը որոշակի ձևով օրինականացրեց օրվա քաղաքական իշխանության ցանկությունը: Երկրորդը դատախազության վերաբերյալ օրենսդրության փոփոխությունն էր, որտեղ նորից շարունակելով վատ ցանկությունների բավարարման մոտեցումը, օրվա քաղաքական իշխանությունը անհասկանալի իրավունք վերապահեց Գլխավոր դատախազությանը, ողջ դատական համակարգին, որպեսզի նրանք ունենան Խորհրդային Միության ժամանակներին բնորոշ հսկողական գործառույթ, ինչը նշանակում է, որ Գլխավոր դատախազության և դատական համակարգի ձեռքում է կենտրոնանալու նաև տեղական ինքնակառավարման մարմիններում այն բոլոր անձանց նկատմամբ հետապնդումներ իրականացնելը, որոնք օրվա քաղաքական իշխանության ցանկությունները չեն բավարարում: Դա պետական շահ անվան տակ համայնքային շահի ներմուծումն է և դրանով պայմանավորված՝ նաև, այսպես կոչված, նոր վարույթներ հարուցելու իրավասության ստանալն է»,- նշել է Արծվիկ Մինասյանը:

Ամենից շատ դիտված