copy image url
Խոսք Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 18:30 12-05-2023

Հայաստանի գործող իշխանությունը որքան մեծ զիջումներ է կատարում, այնքան Ադրբեջանն ավելին է պահանջում

Ինչպես հայտնի է, վերջին շրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը ակտիվացել է, և կողմերի միջև ներկայումս բանակցություններ են ընթանում մի քանի հարթակներում։ Մայիսի 1-4-ը երկու երկրների արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը բանակցություններ են վարել Վաշինգթոնում՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ, մայիսի 14-ին Բրյուսելում կհանդիպեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, մայիսի 19-ին կրկին կհանդիպեն երկու երկրների արտգործնախարարները՝ այս անգամ Ռուսաստանի միջնորդությամբ, ինչպես նաև Փաշինյան-Ալիև հանդիպում է սպասվում նաև Քիշնևում հունիսի 1-ին՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, չնայած դեռևս վերջին հանդիպման մասով վերջնական պայմանավորվածություն ձեռք չի բերվել։

ԱՄՆ-ն պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վաշինգթոնյան բանակցությունները կառուցողական էր որակել` նշելով, որ կողմերը զգալի առաջընթաց են գրանցել բարդ խնդիրների լուծման գործում՝ առանց հստակեցնելու, թե կոնկրետ ինչ հարցերի մասին է խոսքը: Միևնույն ժամանակ հայկական և ադրբեջանական կողմերը հայտնել էին, որ առանցքային հարցերում տարաձայնությունները պահպանվել են։ Սակայն նախօրեին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը խմբագրել էր սեփական հայտարարությունը` նշելով, որ Վաշինգթոնում հաջողվել է մեկ քայլ առաջ շարժվել:

Հատկանշական է, որ Վաշինգթոնում կայացած հաջող բանակցությունների մասին հայտարարություններից հետո և Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ Ադրբեջանը նախօրեին հերթական անգամ սրեց սահմանային իրավիճակը, ինչի հետևանքով լարվածությունը շարունակվում է մինչև այս պահը։

Oragir.News-ի հետ զրույցում «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աննա Կարապետյանը նշեց, որ Ադրբեջանի այս ձեռագիրը նոր չէ և զարմանալու տեղիք չի տալիս, քանի որ տարիներ շարունակ ականատես ենք եղել այն բանին, որ բարձր մակարդակով ցանկացած հանդիպման, բանակցությունների նախաշեմին, կամ դրանցից անմիջապես հետո Ադրբեջանը մշտապես սահմանային սադրանքների է դիմել՝ նպատակ ունենալով ուժի կիրառման միջոցով հայկական կողմի վրա ճնշում գործադրել, փորձել սեփական օրակարգն առաջ մղել կամ միջնորդներին ուղերձ հղել և այլն։ Նրա համոզմամբ՝ այս սրացումը, որն այսօր տեսնում ենք, նույնպես տեղավորվում է այդ տրամաբանության մեջ։

«Բաքուն այս կերպ, ըստ էության, փորձում է բանակցային գործընթացին զուգահեռ նաև հարակից ճնշում գործադրել և փորձել իր օրակարգը և պահանջները առաջ մղել»,- կարծում է քաղաքագետը։

Հարցին, թե ինչ խնդիր է ցանկանում լուծել Ադրբեջանը՝ բանակցությունների ժամանակ սահմանային իրավիճակը լարելով, Աննա Կարապետյանը պատասխանեց՝, որ ելնելով կայացած բանակցությունների ինտենսիվությունից՝ Վաշինգթոն, Բրյուսել, այնուհետև Մոսկվա, Քիշնև և այլն, ակնհայտ է, որ ընթանում է շատ ակտիվ քաղաքական գործընթաց, որտեղ միջնորդները՝ առաջին հերթին Արևմուտքը, ջանքեր են գործադրում, որպեսզի կողմերին տանեն որոշակի հստակեցման։ Քաղաքագետը չի բացառում, որ բանակցությունների արդյունքում կողմերը հասնեն փաստաթղթի ստորագրման, կամ դրույթների ավելի հստակեցման, սառած գործընթացի վերակենդանացման։ Նրա համոզմամբ՝ այս պարագայում Բաքուն փորձում է մի կողմից բանակցային սեղանի վրա իր պահանջներն առաջ մղել, իր օրակարգը թելադրել, իր ցանկացած սկզբունքները ամրագրել փաստաթղթում, մյուս կողմից ուժի կիրառման միջոցով ճնշում է գործադրում, որպեսզի ցույց տա, որ եթե բանակցային գործընթացի միջոցով չհասնի հարցի լուծմանը, ապա դա կանի ռազմական ճանապարհով։

Քաղաքագետն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ այս հարցում Բաքուն այսօր ավելի համարձակ է, քան եղել է երբէև, ինչը հետևանք է նաև այն բանի, որ, ըստ էության, 44-օրյա պատերազմը «մարսեցվեց» միջազգային հանրությանը, դրա համար Ադրբեջանը որևէ սանկցիաների չենթարկվեց, որևէ քաղաքական գնահատականի չարժանացավ, և նույնիսկ դրանից հետո Ադրբեջանի նախագահը համարձակվեց հայտարարել, որ քանի որ խնդիրը չէր հաջողվում բանակցությունների միջոցով լուծել, ինքը դա արեց պատերազմի ճանապարհով։

«Այսօր, ըստ էության, Բաքուն արդեն նույնը Հայաստանի տարածքում և սահմանին է անում և ցույց է տալիս, որ եթե մի անգամ թույլ տվեցին դա մարսել, ապա հետևաբար ոչինչ չի կաշկանդում Ադրբեջանին կրկին փորձել նույն ձեռագրով և ճանապարհով ընթանալ»,- կարծում է նա։

Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակում հայկական կողմի արձագանքին և հնարավոր քայլերին, ապա քաղաքագետն ընդգծում է, որ Հայաստանի գործող իշխանությունները հետևողականորեն այնքան թույլ և զիջողական գծով են առաջ ընթացել, որ այսօր շատ բարդ է ասել, թե այս իշխանությունը ինչ կարող է անել, որպեսզի բանակցային գործընթացն ընթանա հայկական կողմերի օգտին։ Նրա խոսքով՝ մեկ բան ակնհայտ է, որ թեկուզ պատերազմից հետո հետևողականորեն շարունակվող կորուստները փաստում են, որ Բաքուն և Անկարան չեն պատրաստվում որևէ պարագայում կանգ առնել, և Հայաստանի գործող իշխանությունը որքան մեծ զիջումների է գնում, այնքան ավելին է պահանջում Ադրբեջանը։ «Հետևաբար եթե գնա նոր զիջման, Բաքուն նոր պահանջներ կառաջադրի, առավել ևս, որ այսօր անթաքույց տարածքային հավակնություններ ունի Հայաստանի նկատմամբ՝ ի դեմս 8 գյուղերի, ի դեմս այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի, ի դեմս ամբողջ Սյունիքի նկատմամբ հավակնությունների, այսպես կոչված Արևմտյան Զանգեզուրի և Արևմտյան Ադրբեջանի համայնքի, որը ցանկանում է վերադառնալ և ապրել «իր տներում»։ Այսինքն, այս հավակնությունները չունեն կարմիր գիծ, որից ավելին չեն գնալու, հետևաբար ցանկացած զիջում բերելու է նոր պահանջների և ավելի մեծացող ախորժակի»,- եզրափակել է նա։

Դավիթ Գույումջյան

Ձեզ գուցե հետաքրքրի