Ուղիղ եթեր
copy image url
Խոսք Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 20:00 10-05-2023

Փաշինյանն ու Ալիևը Բրյուսելում կշարունակեն ԱԳ նախարարների վաշինգթոնյան բանակցությունները

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մայիսի 14-ին Բրյուսելում կկայանա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։

Շառլ Միշելը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ վերջին անգամ ոչ պաշտոնական հանդիպումներ էր ունեցել այս տարվա փետրվարին՝ Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակներում։ Միևնույն ժամանակ Եվրոպական խորհուրդը հայտնել է, որ արդեն կա պայմանավորվածություն հունիսի 1-ին նաև հնգակողմ հանդիպում անցկացնել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի մասնակցությամբ Մոլդովայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում:

Շառլ Միշելը մտադիր է նաև Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդներին երկրորդ հանդիպումն անցկացնել արդեն հոկտեմբերին Իսպանիայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հավաքի շրջանակում:

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը նշեց, որ Բյուսելում Փաշինյանի և Ալիևի բանակցությունները կընթանան որպես շարունակություն՝ Վաշինգտոնում երկու երկրների արտգործնախարարների միջև ընթացած բանակցություններին։

Նրա խոսքով՝ գուցե հնարավոր լինի բանակցային գործընթացում առաջընթաց ապահովել, սակայն հանգուցալուծումների մասին այս պահին խոսք չկա։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն այսօր հայտարարել է, որ սկզբունքային հարցերում դեռևս առաջընթաց չի արձանագրվել՝ քաղաքագետը ընդգծեց, որ հավանաբար տարբեր հարթակներում ընթացող բանակցությունները միտված են հենց այդ սկզբունքային հարցերի վերաբերյալ կողմերի դիրքորոշումները մոտեցնելուն, և Հայաստանն ու Ադրբեջանը շարունակական գործընթացի հերթական փուլում են։

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված բանակցային գործընթացում տևական դադարից հետո նկատվող ակտիվությունը՝ Ռոբերտ Ղևոնդյանը նկատեց, որ բանակցային գործընթացում ակտիվությունն աննախադեպ չէ, պարզապես որոշ ժամանակ միջազգային հանրությունը զբաղված էր այլ խնդիրներով, սակայն այս պահին, կարծես, նորից վերադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդական առաքելություն իրականացնելուն։

Նա ուշադրություն հրավիրեց այն բանին, որ այս պահին բավականին ցայտուն կերպով դրսևորվում է Միացյալ Նահանգների միջնորդությունը։ «Հավանաբար այն ռիսկերը, որոնք կառավարելի էին մինչև հիմա, մասնավորապես, Միացյալ Նահանգների համար, որոշակի առումով անհանգստություն են առաջացնում, և ԱՄՆ-ն փորձում է այդ ռիսկերը գոնե գործընթացի միջոցով կառավարելիության սահմաններում պահել։ Իհարկե, նորից կրկնեմ՝ այս պահին հանգուցալուծումների մասին խոսելն անիրատեսական է»,- նշեց Ղևոնդյանը։ Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ապա քաղաքագետը կարծում է, որ այն կախված է բազմաթիվ գործոններից, որոնց միայն մի մասն է Հայաստանի և Ադրբեջանի կառավարելիության տիրույթում։

Նրա խոսքով՝ գործոններից, որոնք կախված չեն Հայաստանից և Ադրբեջանից, ռուս-ուկրաինական պատերազմն է, Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունը, տարածաշրջանային խաղացողների վարքագիծը, օրինակ՝ Թուրքիայում կիրակի օրը կայանալիք ընտրությունները, որոնց արդյունքները մեծ ազդեցություն են ունենալու բանակցային գործընթացի վրա։

«Այսինքն՝ մենք չենք կարող, միայն մի ուղղությամբ ակտիվություն նկատելով, կանխագուշակել, թե այդ ակտիվությունն ի վերջո կբերի՞ հանգուցալուծման, թե՞ ոչ։ Նկատելի է, որ մոտ ժամանակներս չի բերի, սակայն հետագայում այդ հանգուցալուծումը կլինի՞, թե՞ ոչ, ինչպիսի՞ն կլինի, ո՞ր կողմը կշահի կամ կկորցնի, այնքան շատ փոփոխականներից է կախված, որն այս պահին որոշակի հավաստիությամբ կանխատեսել հնարավոր չէ»,- կարծում է նա։

Անդրադառնալով մի քանի հարթակներում ընթացող բանակցություններին՝ Ղևոնդյանը կարծում է, որ դրանք ունեն ինչպես փոխլրացնող, այնպես էլ մրցակցային կոմպոնենտներ։ Նրա խոսքով՝ դա նախևառաջ պայմանավորված է այն հանգամանքով, որ ուժային կենտրոնները փորձում են այդ գործընթացում ներառել իրենց մասնակցությունը և շահերը։

Նա նաև շեշտեց, որ տարբեր հարթկներում տարբեր մոտեցումներ ունեն, իսկ կողմերն այդ հարթակների հնարավորություններն օգտագործում են՝ տարբեր հարցերում միմյանց նկամամբ առավելություն ձեռք բերելու համար, ինչն էլ համընկնում է այդ ուժային կենտրոնների շահերին։

Դավիթ Գույումջյան