Ուտելո՞ւ են, թե՞ քանդելու Եղեռնի հուշահամալիրը. կաթոցներից ազատվելու համար 1 մլրդ դրամը ծիծաղելի է
copy image url

Ուտելո՞ւ են, թե՞ քանդելու Եղեռնի հուշահամալիրը. կաթոցներից ազատվելու համար 1 մլրդ դրամը ծիծաղելի է

Ներքին 1 տարի առաջ - 20:41 09-05-2023
Կառավարությունը 1 մլրդ դրամ է հատկացրել Եղեռնի հուշահամալիրի վերանորոգմանը։

Պատմական գիտությունների դոկտոր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ դա իրեն զարմացնում է, չի կարողանում հասկանալ, թե ինչի համար է վերանորոգմանը այդքան գումար հատկացվել։

«Մեծ եղեռնի հուշահամալիրը և թանգարանը ամբողջությամբ հիմնավերանորոգվել և ընդարձակվել են, 2014-15 թվականներին ամփոփեցինք»,-ասաց Հայկ Դեմոյանի և հավելեց, որ 2017 թվականին էլ են թեթևակի խնդիրներ եղել կաթոցների հետ կապված, բայց իրենց ուժերով, առանց պետական աջակցության այդ խնդրին լուծում է տրվել։

Դեմոյանը նշեց, որ 2018 թվականին, երբ նոր տնօրեն է ընտրվում, 2019 թվականից նորից սկսվում է վերանորոգումը։

«Խոսքը հարթ տանիքի վերանորոգման մասին է, եթե հիշում եք 2019 թ․ սալիկները հանված էին, դա խնդիր էր, ամբողջ 15-20 տարիների ընթացքում նման խնդիր երկու անգամ է եղել»,- ասաց Դեմոյանը և ավելացրեց, որ այն ամենը, ինչի համար որ հիմա գումար է հատկացվում, ողջ աշխատանքը 2019 թ․ արդեն արվել է։

Դեմոյանն ընդգծեց, որ շատ հարցեր են առաջանում, և դրանք գլխավորապես պետք է ուղղվեն տնօրինությանը։

«Եթե աշխատանքներն արվել են այդ խնդիրները վերացնելու համար, ինչու է նորից գումար հատկացվում, որ շինարարական ընկերությունն է աշխատանք իրականացրել, ինչու է նորից խնդիր առաջացել, որ այս անգամ արդեն քսանապատիկ և երեսունապատիկ գումար է հատկացվում»,- ասաց Դեմոյանը և հավելեց, որ դա անլուրջ է։

Դեմոյանն ընդգծեց, որ այդտեղ շատ մութ ծալքեր կան, ինքը այդտեղ տեսնում է դասական կոռուպցիոն վտանգ։

«Թանգարան-ինստիտուտի և հուշահամալիրի գոյության ընթացքում երբևէ այդքան գումար չի տրամադրվել։ Ես այստեղ տեսնում եմ դասական կոռուպցիոն սխեմաներով իրականացվելիք վտանգ։ Նախ ասենք, որ հուշահամալիրը վերանորոգման կարիք չունի, թանգարանում կային փոքրիկ խնդիրներ կենտրոնական սրահում, բայց դրանք 1 մլրդ գումարի չէին։ Աշխատասենյակի կաթոցները մեկ մլրդ-ով չեն փակվում, դա աստղաբաշխական գումար է նման խնդիրներ լուծելու համար, նույնիսկ ծիծաղելի է»,- ասաց Դեմոյանը և ավելացրեց, որ իրեն շատ հետաքրքիր է, թե ինչ համար է դա արվում։

Դեմոյանը նշեց նաև, որ ներկայիս տնօրենը՝ Հարություն Մարությանը, քրեական գործ է հարուցել հափշտակումների հետ կապված, իրեն հրավիրել են հարցաքննության։

«Իր հարուցած քրեական գործի շրջանակներում հիմա Հարություն Մարությանը իմ ցուցմունքների մեջ մեղադրվում է 4 քրեորեն հետապնդելի արարքներում, այդ թվում՝ նախաքննությանը կեղծ, ոչ ճշմարտացի տվյալներ տալու։ Հիմա քննիչը երկար ման է գալիս, ասում է, որ իմ ցուցմունքը չի գտնում, հիմա ես այնպես եմ անում, որ օգնեմ իրեն՝ գտնի ցուցմունքը կամ դիմեմ դատախազություն, որ գտնի իր սենյակում կորած իմ ցուցմունքները, որտեղ ասում եմ, որ այս ցանկը, որը տրամադրվել է, կեղծ է, և հետագայում պարզվեց, որ Հարություն Մարությանի կաշին փրկելու գործընթացն է գնում»,-ասաց Դեմոյանը և ավելացրեց, որ շատ հնարավոր է համարում, որ այս գումարները կարող են ներկայացվել որպես այն գումարը, որը մութ հանգամանքներում կորել է։

Դեմոյանն ընդգծեց, որ ինքը մտահոգություն ունի, որ այդ ներդրվող գումարը կարող է ներկայացվել այն անհետացած գումարի փոխարեն։

Դեմոյանն ասաց նաև, որ ինքը այդ գումարների անհետացման մասով նամակներ է գրել Փաշինյանին, Արթուր Վանեցյանին՝ գումարները հայտնաբերելու համար, որոնք անհետացել են իր՝ ԱՄՆ մեկնելուց հետո։

«Այս տարբերակով իրենք ուզում են ցույց տալ, որ գումարը չի անհետացել կամ ինչ-որ ձևով ծախսվում է թանգարանի համար, բայց էլի գումարը ահռելի է»,- ասաց Դեմոյանը և հավելեց, որ շուտով ավարտվում է Հարություն Մարությանի պաշտոնավարման ժամկետը, և շատ հնարավոր է, որ այստեղ էլ հաշվարկներ կան, որ վերջին ստորագրությունները թղթերի տակ դնեն, և հետո տնօրենը պաշտոնապես էլ տնօրեն չլինի։

Դեմոյանը նշեց նաև, որ կա ևս մեկ մտավախություն, որ շատ հնարավոր է, որ նրանք ցանկություն ունենան ամբողջ ցուցադրությունը փոխել՝ համարելով՝ եղածը հնացած է։

Ամենից շատ դիտված