Երևան +10°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:13 06-05-2023

Արցախցի ընտանիքը մի քանի ամսով էր եկել, բայց արդեն 2.5 տարի Շիրակում են ապրում

2020 թ-ի նոյեմբերի 9-ից հետո շատ արցախցիների համար Հայաստանի բնակավայրերը դարձան մշտական բնակության վայր, բայց անհաշտ են այն մտքի հետ, որ երբևէ վերադարձ չի լինելու։ Արցախցի ընտանիքներից ոմանք թեպետ հարմարվել են տեղի պայմաններին կամ միջավայրին, բայց դժվար են աշխատանք գտնում, խնդիրն ավելի բարդ է Շիրակի մարզում։

Անյուտայի ընտանիքը Արցախի Շահումյանի շրջանի Հավսաթաղ գյուղից է եկել և բնակվում է Շիրակի մարզի Մայիսյան գյուղում։ 48-ամյա Անյուտա Գրիգորյանը ծնունդով Մարտակերտից է, բայց 13 տարուց ավելի ամուսնու և դստեր հետ ապրել են Շահումյանի շրջանի Հավսաթաղ գյուղում։ 25 տարի Հովսաթաղի դպրոցում հայոց լեզու և գրականություն է դասավանդել: Ուսուցչի աշխատանքին ու հայրենի տանը անվերադարձ հրաժեշտ է տվել՝ 44-օրյա պատերազմից հետո, հիմա Հավսաթաղը Ադրբեջանի վերահսկողության տակ է։

«Սկզբից եղբորս ընտանիքի հետ Երևանում էինք, հետո տեղափոխվեցինք Գյումրի․ մի կին` Հերիքնազ Դավոյանը, հյուրընկալել է մեզ, իր աղջիկն էլ հյուրընկալել է Օվսաննային։ Ես էլ իրենց տանն էի մնում, որ մեր տարածքները հանձնեցին, մենք ստիպված սկսեցինք վարձով տուն ապրել»,- պատմում է Արցախից Հայաստան վերադարձած Անյուտա Գրիգորյանը։

2020 թվականից ընտանիքի համար սկսվում է դժվարությունների շրջանը։ Մի քանի տուն են փոխել, ժամանակավոր ապաստանել են Գյումրիում, հետո Սարիար գյուղում, մինչև հաստատվել են Մայիսյան գյուղում։ Արդեն 1․5 տարի է այս տանը վարձով են ապրում։ Արցախցի կինն ասում է՝ սա էլ վերջնական կետն է։



Անյուտան հիմնական զբաղմունք չունի․ գարնանն ու ամռանը հող է մշակում, հավ ու նապաստակ էլ է պահում։ Բայց նպատակը ուսուցչի աշխատանքին վերադառնալն է։ Ամուսինը հիմա Ռուսաստանի Դաշնությունում է, բայց գործերն այնքան էլ լավ չեն։ Ապրուստը վարձակալած տան բակի բարիքներով են ստեղծում, հողի տվածով արցախյան բաղադրատոմսով պահածոներ է արել։ Արցախի իր տանն էլ է հողագործությամբ զբաղվել, ասում է՝ բերքն այնքան շատ է եղել, որ նույնիսկ վաճառել է։

«Պետությունը էս պահին 40․000 դրամ է տալիս, դեկտեմբեր ամսին մեզ վերջնահաշվարկ տվեցին (90,000 դրամ) ու արդեն մենք փաստացի գործազուրկ ենք։ Ոչ միայն ես, այլև իմ նման շատերը, ովքեր գյուղում ուսուցիչ էին աշխատում»,-ասում է Անյուտա Գրիգորյանը։

Արցախից հատկացվող ամսական 40․000 դրամից 30․000-ը տան վարձն է տալիս, մնացածով էլ կոմունալ ծախսերը փակում։ Հայաստանում բնակարան գնելու տարբերակ առայժմ չունի։

«Սերտիֆիկատ տալիս են վերաբնակիչներին, որոնք ժամանակին ըստեղից գնացել էին Ղարաբաղ և էնտեղ վերաբնակեցվել էին։ Հետո, որ էդ տարածքները տվեցին թուրքերին, դրանից հետո իրենք որ արդեն եկան ըստեղ, երկու տարվա ընթացքում էդ սերտիֆիկատները ստացան։ Նույնիսկ մեր գյուղում ես ճանաչում եմ մարդկանց, որոնք մեկ հոգի էին կամ բավականին տարիքով, իրենք ստացել են սերտիֆիկատ, բայց ես, որ զանգել եմ Արցախի բնակկոմիտե, ասում են, որ պիտի գնանք Արցախ։ Հիմա էս իրավիճակը տեսնելով ո՞նց գնաս Արցախ»,-նշում է արցախցի կինը։

Բայց դեռ բնակարան ունենալու հույսը ընտանիքը չի կորցնում։ Մայիսյան գյուղում մշտական բնակվելու ցանկությունը մեծ է։ Անյուտայի 14 տարեկան դուստրը՝ Օվսաննա Օսիպյանը, սովորում է գյուղի դպրոցում, հաճախում է արտադպրոցական պարապմունքների, շտապելով ցույց է տալիս իր նկարները, որտեղ պատկերել է հայրենի Հավսաթաղը։

«Ամեն մարդու համար իր հայրենիքը լավ ա, դե էստեղ համակերպվել ենք, բայց Արցախում ես ինձ ավելի լավ էի զգում, ես կուզեի, որ գոնե մեկ օրով լինեի այնտեղ, որտեղ մենք ապրում էինք, որովհետև ես շատ եմ կարոտել։ Ես այնտեղ ընկերներ ունեի, որոնց հետ հիմա չեմ կարող շփվել»,- պատմում է 14-ամյա Օվսաննա Օսիպյանը։