copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 09:30 31-10-2023

Քաշաթաղի լույսերը այստեղից երևում են․ արցախցի ընտանիքը Սյունիքի Տեղում է տեղավորվել

Արցախցի Հարությունյանների ընտանիքը Սյունիքի մարզի Տեղ գյուղում է հաստատվել։ Նրանք Արցախից դուրս են եկել այն մտավախությամբ, որ հնարավոր է ճանապարհին մի քանի գիշեր անցկացնեն։ Երեք անչափահաս երեխաների հետ այդ պայմաններում այդքան ճանապարհն անցնելը դժվար կլիներ։

Oragir.News-ի հետ զրույցում ընտանիքի մայրը՝ Մարգարիտա Ղուշունցն ասաց․ «Դժվար ենք դուրս եկել Արցախից, նրա համար, որ հայրենիքից, թեկուզ, անորոշ ժամանակով հեռանում ենք՝ թողնելով այնտեղ տուն, հիշողություններ և մի ամբողջ կյանք։ Մենք Արցախից դուրս ենք եկել սեպտեմբերի 26-ին, 28 ժամ ճանապարհ ենք եկել, դրանք գիտակցական կյանքիս ամենադաժան ժամերն էին։ Անցակետից այս կողմ մեր կյանքը կիսատ է»։

Մարգարիտան ընտանիքի հետ իր հայրական տանն է տեղավորվել, բայց միևնույն է Ստեփանակերտի իր փոքրիկ տունն է կարոտում․ «Ամեն անգամ, մեծ ցավ եմ ապրում, երբ մեր պատշգամբից նայում եմ դեպի Արցախ տանող ճանապարհին, որտեղով անհիշելի անգամ անցել ու հասել եմ Ստեփանակերտ ու այն այս պահին ինձ համար անհաս է։ Այն մտքից, որ այդ ճանապարհով կարող է այլևս չանցնեմ խելագարվում եմ»։

«Թող պաթոսով չհնչի, բայց Արցախում ապրած օրերը իսկապես երջանիկ օրեր էին մեզ համար, հատկապես մինչև 2020 թ․-ը։ Դժվար է ամեն անգամ տեսնել Քաշաթաղի վառվռուն լույսերը և չհիշել լույսերի հովհարային անջատումները։ Երեկոները չեմ էլ ուզում դուրս գալ տնից, Քաշաթաղի լույսերն այստեղից երևում են։ Եթե ուզենանք կարող ենք մայրաքաղաքին մոտ ապրել, բայց այսպես մի փոքր ավելի շատ ենք զգում, որ Արցախում ենք, Արցախին մոտ ենք»։
Քաշաթաղի լույսերը այստեղից երևում են․ արցախցի ընտանիքը Սյունիքի Տեղում է տեղավորվել։

Մարգարիտայի փոքրիկը բլոկադայի ընթացքում է ծնվել։ Մարգարիտան հաճախ նրան կատակով Բլոկադինա է անվանում։ Բլոկադիկը 7 ամսական է, նա շատ բան չի հասկանում, բայց այ 7-ամյա Արթուրն ամեն Աստծո օր մայրիկին խնդրում է Ստեփանակերտից նկարներ ցույց տալ, տղան կարոտում է։

Մարգարիտան չէր պատկերացնում, որ այսքան ծանր կորող էր տանել հայրենիքի կորուստը։ Նա կարոտում է իր տունը, անգամ, այն նեղ ու ծանր օրերը։