Վաշինգտոնյան հանդիպման վերջում հավանաբար պատրաստ կլինի խաղաղության պայմանագիրը
copy image url

Վաշինգտոնյան հանդիպման վերջում հավանաբար պատրաստ կլինի խաղաղության պայմանագիրը

Ներքին 2 տարի առաջ - 21:38 04-05-2023
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բարյամովի հանդիպումը։

Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ դեռ վաղ է հանդիպման արդյունքներից խոսել, քանի որ դեռ այն շարունակվում է և հանդիպման մասին բավարար ինֆորմացիա չկա։

«Որոշակի լրատվականների հրապարակումներից կարելի է ենթադրել, որ խոսքը գնում է հայ-ադրբեջանական հարաբերությունների հստակեցմանը, ըստ այդմ՝ նաև կոնֆլիկտի հանգուցալուծմանը ուղղված որոշակի դրույթների հստակեցմանը։ Այդ կտրվածքով հակված եմ կարծել, որ բանակցությունները գնալու են, այսպես ասած, խաղաղության պայմանագրի ավարտական տեսքի բերելուն։ Ես կարծում եմ, որ արտգործնախարարները վերջում հանդես կգան հայտարարությամբ, որ կա՛մ ամբողջությամբ պատրաստ է խաղաղության պայմանագիր ասված փաստաթուղթը, կա՛մ որոշակի դրական ձեռքբերումներ են արձանագրել, որի մասին կարող են բարձրաձայնել»,- ասաց Կարապետյանը և հավելեց, որ այստեղ հարցի մյուս կողմը այն է, թե ինչ ներքին պայմանավորվածության արդյունքում է այդ պայմանագիրը լույս աշխարհ ելել։

«Որոշ լրատվականներով շոշափվում է այն թեման, որ խոսքը գնում է ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին, հետևաբար Լեռնային Ղարաբաղի ազգերի ինքնորոշման սկզբունքի մասով կարծես թե բանակցություն չի ընթանում, այլ խոսքը կարծես թե վերաբերում է երկուստեք փոքրամասնությունների իրավունքներին, դա նշանակում է, որ այստեղ ստորադասվում է արցախահայության ազգերի ինքնորոշման իրավունքը, որի համար ես խիստ կարծքի կհայտնեմ»,- ասաց Կարապետյանը և հավելեց, որ դա անընդունելի է, որովհետև հայ-ադրբեջանական իրավունքները կարգավորող նման փաստաթուղթը չի կարող անդրադարձ չունենալ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի իրավունքներին, առհասարակ որպես հիմք չընդունի ազգերի ինքնորոշման իրավունքը։

Կարապետյանը նշեց, որ իր կարծիքով՝ այս փուլում որոշակի հստակեցում կգնա հսկիչ անցակետերի աշխատունակության մասին։

«Քանի որ դեռ դելիմիտացիա և դեմարկացիա իրականացված չեն, այսինքն՝ հստակեցված չեն պետական սահմանները, բայց այսօրվա դրությամբ ունենք փաստ, որ Ադրբեջանը Հակարիի կամրջի վրա տեղադրել է հսկիչ անցագրային կետ և սկանավորման ռենտգեն ապարատ, հայկական կողմն էլ իր հերթին կամուրջից այն կողմ տեղադրել է ժամանակավոր տնակներ, որտեղ որ սահմանապահ զորքերը ծառայություն են իրականացնում։ Փաստացի սա նշանակում է, որ կողմերը ունեն որոշակի համաձայնություն, թե որտեղ է վերջանում մեկ երկրի պետական սահմանը, և որտեղից է սկսվում մյուս երկրի սահմանը»,- ասաց Կարապետյանը և հավելեց, որ բնականաբար սա մտահոգող է։

Կարապետյանն ասաց, որ դա շատ լուրջ հարց է, և պետք է հստակեցում մտցվի, քանի որ այդ անցակետի տեղադրումը չի նշանակում, որ ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որի մեջ ներառվում է Լեռնային Ղարաբաղը։

«Լեռնային Ղարաբաղը արցախահայության հետ միասին կատարել է իր որոշումը, ազգերի ինքնորոշման հիման վրա կայացրել է որոշում և անկախացել, դա որևիցե կերպ ղեկավար կազմի կողմից չպետք է ստորադասվի»,-ասաց Կարապետյանը։