Հայաստանը զոհաբերելով՝ Պուտինը կրկնում է Բյուզանդիայի կայսր Վասիլ II-ի սխալը. Figaro
copy image url

Հայաստանը զոհաբերելով՝ Պուտինը կրկնում է Բյուզանդիայի կայսր Վասիլ II-ի սխալը. Figaro

Արտաքին 1 տարի առաջ - 18:00 04-05-2023
Պատմաբան Արամ Մարտիրոսյանը ֆրանսիական Figaro պարբերականի իր սյունակում պատմական զուգահեռներ է անցկացրել ներկայումս Հայաստանում ստեղծված իրավիճակի և 1071 թվականին Բյուզանդական կայսրության դեմ թուրքական կողմի իրականացրած արշավանքի ժամանակաշրջանի հետ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես Բյուզանդիայի կայսր Վասիլ II-ը, մեծ ռիսկի է դիմում՝ Հայաստանին միայնակ թողնելով։

Մարտիրոսյանը նկատում է, որ եթե Ռուսաստանը թույլ տա, որ Թուրքիան և Ադրբեջանը կործանեն Հայաստանը և Արցախը, հավատալով, որ այդպիսով Հայաստանն էլ ավելի կհպատակվի իրեն՝ Պուտինը կանի նույն սխալը, որը շուրջ հազար տարի առաջ արել էր Բյուզանդիայի կայսր Վասիլ II Մակեդոնացին։

Նշվում է, որ Արևելյան Հռոմեական կայսրությունը, որը սխալմամբ կոչվում էր Բյուզանդական կայսրություն, իր հզորության գագաթնակետին հասավ այս բազիլևսի իշխանության ներքո, որը հայկական ծագումով կայսերական դինաստիայի ամենահայտնի զավակն էր: Լինելով փայլուն զինվորական, ականավոր կառավարիչ՝ նա կարողացավ ջախջախել բուլղարներին և իսլմական տերություններին, սակայն նա թույլ տվեց լուրջ քաղաքական սխալ, որի կործանարար հետևանքները դրսևորվեցին երկարաժամկետ հեռանկարում։

Հայկական ծագմամբ բյուզանդական կայսրը մտածում էր ամեն կերպ ավելացնել իր կայսրության մեծությունն ու իր անձնական փառքը, և այս ճանապարհին նա վերացրեց Հայաստանի անկախությունը, որը հարգում էին անգամ Հռոմի երկու ամենափառապանծ կայսրերը՝ Կոստանդինն ու Հերակլը։ Միևնույն ժամանակ, Վասիլի II-ը ոչ միայն վերակենդանացրեց Հուստինիանոսի աղետալի ավտորիտարիզմը, այլ նաև մերժեց դեռևս Օգոստոս կայսեր ժամանակներից ի վեր հստակ հաստատված մի սկզբունք՝ Հայաստանի միջանկյալ դիրքը կայսրության և Մերձավոր Արևելքի տերությունների միջև։

Վասիլ II-ը և նրա իրավահաջորդները մուսուլմանական պետությունների դեմ պայքարում իրենց համարում էին բավականին ուժեղ և կարծում էին, որ կարող են պայքարել առանց հայերի աջակցությամբ։ Այսպիոսով նրանք հիմնականում անտեսեցին Հայաստանի հազարամյա դերը՝ որպես քաղաքակրթական պատնեշ տափաստանային բարբարոսության դեմ:

Այսպիսով Վասիլ II-ը փաստորեն նշանավորեց Հռոմեական կայսրության վերջի սկիզբը։ Նրա մահից կես դար չանցած՝ 1071 թվականին Մանազկերտում սելջուկներից կրած պարտությունը նշանավորեց Անատոլիայում թյուրքական ցեղերի խրախճանքի սկիզբը։

Հոդվածում նշվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նախքան հայերին թուրք-ադրբեջանցիների և նրանց ջիհադիստ հրոսակների դեմ միայնակ թողնելը, տարիներ շարունակ զենք է մատակարարել Բաքվին։ Հեղինակն ընդգծել է, որ Պուտինը Արցախում ընթացող պատերազմին միջամտեց միայն այն ժամանակ, երբ հայկական կողմը մեծ հաշվով արդեն պարտված էր, սակայն դեռ ամբողջությամբ չէր կորցրել իր վերահսկողությունն Արցախի նկատմամբ։

Բացի այդ Մարտիրոսյանն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Պուտինն իր քայլով նաև պատժեց հայերին, ովքեր 2018 թվականից Արևմուտքի հետ մերձեցման ցանկություն էին հայտնել Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ում քաղաքական գործունեությունը լավագույն դեպքում կարելի է բնորոշել որպես անկարողություն, իսկ վատագույն դեպքում՝ աններելի դավաճանություն։ Միևնույն ժամանակ հեղինակը նկատում է, որ այդ քայլով Ռուսաստանը Հարավային Կովկասում կարողացավ ավելի խորը դիրքեր ձեռք բերել և 2000 ռուս զինծառայողներ տեղակայել այն տարածքներում, որոնք Ադրբեջանը նոր էր գրավել։

Նշվում է, որ Հայաստանին իր մահկանացու թշնամիների առաջ միայնակ թողնելը, որոնց վերջնական նպատակը այն ամբողջությամբ ոչնչացնելն է, լուրջ սխալ է Մոսկվայի շահերի համար։ Հեղինակը շեշտում է՝ օրեցօր ավելի պարզ է դառնում, որ 2020-ի ռուսական ցինիկ մանևրի հիմնական շահառուներն առաջին հերթին Անկարան և Բաքուն են։ Վերջինս համեմատական է անցկացնում նաև 100 տարի առաջ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի հետ և նկատում՝ թուրքերը տարածաշրջանից վտարվելուց այդքան ժամանակ անց կարողացան նորից մտնել Հարավային Կովկաս։

Մարտիրոսյանի համոզմամբ՝ Պուտինն իր խաղի խաղաքարտ է համարում Թուրքիայի և Ադրբեջանի հետ քաղաքական, դիվանագիտական և տնտեսական դաշինքը։ «Բայց Կրեմլի տիրակալը, ինչպես Վասիլի II-ը, մեծ սխալ է գործում՝ արհամարհելով Երևանին և թույլ տալով անզուսպ հարձակում Հայաստանի վրա, որն իր միակ կառուցվածքային դաշնակիցն է, թեկուզ թուլացած։ Նա իրեն պահում է գռեհիկ ու անկիրթ մենեջերի պես, որը մանրուքների վրա վիճում է, այլ ոչ թե որպես պետության ղեկավար երկարաժամկետ քաղաքակրթական քաղաքականություն առաջարկում»,- ասվում է հոդվածում։

Հեղինակը շեշտում է՝ Թուրքիան և Ադրբեջանը, որոնք միշտ իրենց դիրքավորել են որպես «երկու պետություն, մեկ ազգ», միշտ եղել են Ռուսաստանի կառուցվածքային թշնամիները։ Նա ափսոսանք է հայտնում, որ Պուտինը կարծեց կորցրել է իր ստրատեգի հմտությունները և այժմ , այժմ պատրաստ է ընդունել ամեն ինչ այս «դաշնակիցներից», որոնք իրենց հերթին չեն վարանում Կիևին զենք մատակարարել։

«Ինչպե՞ս կարող է Պուտինը ընդունել, որ Ռուսաստանի նման հեղինակավոր տերությունը նվաստացվում է Ադրբեջանի կողմից, որը ոչ այլ ինչ է, քան մի տեսակ գանգստերական պետություն, որը ղեկավարվում է Ալիև-Փաշաևների մաֆիոզ կլանների կողմից, որոնց հիմնական ներդրումը մարդկության պատմության մեջկոտորածների և չարաշահումների գրեթե շարունակական շարքն է։ Ավելի կարևոր է, թե ինչպես կարող է Պուտինը չտեսնել Էրդողանի կայսերական նկրտումները, ով այդքան հմտորեն համատեղում է իսլամա-պանթուրքիզմն ու նեոօսմանիզմը:

Դրանով նա մերկացնում է Երրորդ Հռոմը, որի անձնավորումը Ռուսաստանը համարում է իրեն, դնելով նույն վախճանի վտանգի տակ, որը երկրորդ Հռոմն ապրեց 1453 թվականի դժբախտ երեքշաբթի օրը»,- ասվում է հոդվածում։