Երևան +12°
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 21:00 01-05-2023

Չինական ընկերությունները վերափոխում են Վրաստանի աշխարհագրությունը և բարելավում երկրի առևտրի դիրքերը

Արդեն ավելի քան մեկ տարի շարունակվող ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով Եվրասիայում արագորեն փոխվում են հաղորդակցության ոլորտի օրինաչափությունները։ Ռուսաստանի տարածքով անցնող երթուղին, որը կապում էր Եվրամիությունը Չինաստանի հետ, այժմ սահմանափակ կիրառություն ունի, ինչը ԵՄ անդամ երկրներին և Չինաստանին դրդել է այլընտրանքային միջանցքներ փնտրել: Այս համատեքստում կարևոր աշխարհաքաղաքական նշանակություն է ստացել Միջին միջանցքը։

Միջին միջանցքը, որը ձգվում է Սև ծովից մինչև Կենտրոնական Ասիա Հարավային Կովկասով, ամենակարճ ճանապարհն է Արևմտյան Չինաստանի և ԵՄ-ի միջև: Այս նախագծով կարևոր է դեր է խաղում Վրաստանը՝ շնորհիվ իր առկա ենթակառուցվածքների և աշխարհագրական դիրքի: Դեռևս 2022 թվականի սեպտեմբերի 21-ին Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ հանդիպում ունեցավ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, որի ընթացքում ընդգծեց Միջին միջանցքի, (կամ Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու կարևորությունը (անցնում է անմիջապես Վրաստանի տարածքով՝ տարածաշրջանային տարանցման համար)։

Միևնույն ժամանակ Չինաստանի գլոբալ հավակնությունների դրսևորումներից մեկը «նոր մետաքսի ճանապարհի» աշխարհաքաղաքականությունն է, որն այլ կերպ անվանվում և Մեկ գոտի և Մեկ ճանապարհ, ընդգրկում է «Մետաքսի ճանապարհ, տնտեսական գոտի» և «21-րդ դարի ծովային մետաքսի ճանապարհ» նախաձեռնությունները։ Այս նախաձեռնություններն ընդգրկում են ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային միջանցքներ՝ ներառելով 60 պետություններ, ավելի քան 4.4 մլրդ բնակչություն և գլոբալ ՀՆԱ-ի 40 տոկոսը:

Չինաստանի հետաքրքրությունը Վրաստանի նկատմամբ պայմանավորված է նախ և առաջ նոր մետաքսի ճանապարհի վրա վերջինիս ռազմավարական դիրքով, որն ապահովում է ելք Սև ծով և ցամաքային կոմունիկացիաներով կապ Թուրքիայի հետ: Վրացական Անակլիայում նոր խորջրյա, 2.5 մլրդ դոլար արժողությամբ և 100 մլն տոննա թողունակությամբ նավահանգստի կառուցումը, ինչպես նաև Բաքու-Թբիլիսի-Կարս նոր կառուցված երկաթգիծն ավելի են մեծացնում Վրաստանի տարանցիկ աշխարհագրական դիրքի նշանակությունը:

Հատկանշական է, որ նոր մետաքսի ճանապարհի նախաձեռնության շրջանակներում Չինաստանը փորձում է ստեղծել տարբեր և համընդգրկուն տրանսպորտային միջանցքներ, որոնք չեն հակադրվում և լրացնում են ենթակառուցվածքների ոլորտում գոյություն ունեցող նախաձեռնությունները՝ այդ կերպ փոքրացնելով Չինաստանի ֆինանսական բեռը:

2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Չինաստանի հետ կնքված Ազատ առևտրի համաձայնագիրը: Արևելյան գործընկերության երկրներից Վրաստանը միակն է, որի հետ Չինաստանը ստորագրել է այդպիսի համաձայնագիր:

Երկու երկրների համագործակցության հիմնական ուղղություններից են տրանսպորտային և կոմունիկացիոն ճյուղերը: Ենթակառուցվածքների շինարարության նախագծեր են առաջ քաշվել չինական Sinohydro Corporation և China Railway 23rd Bureau Group Co., Ltd ընկերությունների կողմից: Դրանցից առաջինը Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող Rikoti թունելի վերականգնումն է (19,8 մլն եվրո), երկրորդը՝ աջարական շրջանցիկ ճանապարհի շինարարությունն է, որը ֆինանսավորվում է Ասիական զարգացման բանկի կողմից (48 մլն եվրո), երրորդը՝ Թբիլիսին շրջանցող երկաթգծի կառուցումն է, որը ֆինանսավորվում է համատեղ ԵԶՎԲ-ի և ԵՆԲ-ի կողմից (350 մլն եվրո է): 2015թ. հունիսի 15-ին Վրաստանը ստորագրել է պայմանագիր Չինաստանի գլխավորությամբ գործող Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի /AIIB/ հետ, որպեսզի վերջինս 114 մլն դոլար տրամադրի Բաթումը շրջանցող ավտոճանապարհի կառուցումը ֆինանսավորելու համար:

Վերջինս տարիներին Վրաստանը մասնակցել է բազմաթիվ միջկառավարական հանդիպումների, որոնց նպատակն է խթանել միջանցքի ներուժը։ Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու մշակումը եղել է քառակողմ հայտարարության առարկա, որը ստորագրվել է Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Ղազախստանի կողմից նախորդ տարվա մարտի 31-ին։

2022 թվականի մայիսին Անկարայում Վրաստանի, Թուրքիայի և Ղազախստանի ներկայացուցիչների միջև քննարկվել է Միջին միջանցքի նախագիծը։ Նույն ամսին ավելի ուշ «Վրացական երկաթուղի» տարանցիկ ընկերությունը հայտարարեց, որ համագործակցում է Ադրբեջանի և Ղազախստանի ընկերությունների հետ՝ վրացական Փոթի նավահանգստի և ռումինական Կոնստանցա նավահանգստի միջև ծովային նոր երթուղի ստեղծելու համար: Բացի սրանից, Վրաստանի ղեկավարությունը նախորդ տարի ակտիվ այցեր էր կատարում Կենտրոնական Ասիայի հանրապետություններ։

Այնուամենայնիվ, չնայած այս խոստումնալից աշխարհաքաղաքական իրավիճակին, Վրաստանը հայտնի է նաև իր աշխարհագրական անթափանցելիությամբ: Հեղեղատները, կիրճերը և գրեթե անանցանելի լեռները ծառայել են որպես հուսալի պաշտպանության միջոց, սակայն միևնույն ժամանակ հանդիսացել են նաև որպես հիմնական խոչընդոտ՝ երկրի տարածքում տարանցիկ նախաձեռնությունների իրականացման համար:

Իրականում, այսպես ասած աշխարհագրությանը հակասող ենթակառուցվածքների կառուցումը պահանջում է մեծ ներդրումներ իսկ, ամենից շատ, գիտելիք և փորձ: Այս առումով Վրաստանի և Չինաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում չինական ընկերությունները վերափոխում են Վրաստանի աշխարհագրությունը՝ բարելավելով երկրի դիրքերը եվրասիական տարբեր առևտրային ուղիների համար:

Դեռևս 2019 թվականին չինական China Railway 23rd Bureau Group ընկերությունը հայտարարել է, որ Վրաստանում կկառուցի 22.7 կմ երկարությամբ Քվեշեթի-Կոբի նոր ճանապարհը։ Ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվում է 1.2 մլրդ լարի (428,6 մլն դոլար): Չինաստանի երկաթուղային ընկերությունը Վրաստանում կկառուցի 13 կիլոմետր ճանապարհ, որը Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի մաս է կազմում:

Չինական կողմը նաև առաջատար դեր ունի Խուլո-Զարզմա ճանապարհի արդիականացման աշխատանքներում, որը կհանդիսանա ամենակարճ ճանապարհը Սամցխե-Ջավախքի և Աջարիայի շրջանների միջև: Վերականգնված հատվածը կսկսվի Խուլոյից և կավարտվի Ադիգենի Զարզմա գյուղում՝ Գոդերձի լեռնանցքով: Նորացված ճանապարհը 90 րոպեով կկրճատի Բաթումից Ախալցխա ճանապարհորդության ժամանակը։

Չինաստանի պետական շինարարական ինժեներական կորպորացիայի վրացական մասնաճյուղի կողմից իրականացվում է միջազգային E60 մայրուղու Չումաթելեթի-Խևի հատվածի արդիականացումը։ Այս հատվածի F1 հատվածն անցնում է Խաշուրիի և Խարագաուլիի շրջաններով։ Ճանապարհը սկսվում է Չումաթելեթիի Խաշուրի գյուղից և ավարտվում Խարագաուլիի մունիցիպալիտետի Խևի գյուղի մոտ, որտեղ այն միանում է հատվածի հաջորդ F2 հատվածին։

Չինական մասնակցությամբ իրականացվող մեկ այլ խոշոր ծրագիր էլ Վրաստանի E60 ավտոճանապարհի Ուբիսա-Շորապանի հատվածում 13 կիլոմետրանոց ցեմենտ-բետոնե ճանապարհի, 27 կամուրջների և 18 թունելների կառուցումն է: Այս թունելների երկարությունները տատանվում են 300-ից մինչև 1600 մետր, և 27 կամուրջներից 13-ը գտնվում են Թբիլիսի-Արգվետա, իսկ մյուս 14-ը՝ հակառակ ուղղությամբ։ Վերականգնողական աշխատանքները սկսվել են նաև Ժինվալի-Բարիսախո-Շաթիլի ավտոճանապարհի 25-րդ կիլոմետրում։ Այս հատվածը 40 տարի չի վերականգնվել, իսկ ճանապարհը մեծ վնաս է կրել, ինչը խոչընդոտել է բնակչության տարանցմանը։

Բացի այդ, Բակուրցիխե-Ծնորի շրջանցիկ նախագծով նախատեսվում է կառուցել 16.6 կմ երկարությամբ ասֆալտբետոնե ասֆալտապատ ճանապարհ, վեց կամուրջ և երկու երթևեկության հանգույց (վերգետնյա անցումներ): Շրջանցիկ ճանապարհը լինելու է Կախեթիի շրջանի (Թբիլիսի-Բակուրցիխե-Լագոդեխի) գլխավոր ճանապարհներից մեկի մասը, որն անցնում է խիտ բնակեցված տարածքով և բնութագրվում է տարանցիկ երթևեկության բարձր ինտենսիվությամբ։

Միանգամայն պարզ է դառնում, որ չինական ընկերությունները կտրուկ վերաձևում են Վրաստանի լանդշաֆտը։ Այս նախագծերի ֆինանսավորումը հիմնականում ստացվում է միջազգային դոնորներից, սակայն նախագծերում անմիջականորեն ներգրավված չինական ընկերությունների թիվը Վրաստանում որոշ հարցեր է առաջացրել: Վրաստանի ենթակառուցվածքների շուկայում չինական ընկերությունների այս գերիշխանությունը վրդովմունք է առաջացրել Վրաստանում ԵՄ անդամ որոշ երկրների դեսպանների, ինչպես նաև վրացական շինարարական ընկերությունների շրջանում։

Այնուամենայնիվ, չնայած Վրաստանում չինական ընկերությունների աճող ներկայությանը, Թբիլիսիի և Պեկինի հարաբերություններում հիմնականում գերակշռում է բացասական աշխարհաքաղաքական հեռանկարը: Ժամանակին, թվում էր, թե հարաբերությունները զապգանում էին խոստումնալից ուղղությամբ: Դեռևս 2017 թվականին Չինաստանը և Վրաստանը ստորագրեցին ազատ առևտրի համաձայնագիր՝ վերացնելու մաքսային խոչընդոտները, մի քայլ, որը վրացի պաշտոնյաների պատկերացմամբ, կխթանի երկրի արտահանումը և կօգնի զարգացնել վրացական տնտեսությունը։ Այս նպատակով Թբիլիսիում մի քանի լայնածավալ ներդրումային ֆորումներ են անցկացվել։

Վրաստանի և Չինաստանի միջև ավելի սերտ կապերի խթանումը դիտարկվում էր որպես Ռուսաստանի տարածաշրջանային ազդեցության դեմ հավասարակշռություն հաստատելու Վրաստանի ձգտման կարևոր բաղադրիչ: Սակայն կարող ենք փաստել, այդ հույսերը չիրականացան։ Չնայած երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալն անշեղորեն աճել է, վիճակագրությունը ցույց է տալիս, որ Վրաստանը հիմնականում հումք է արտահանում Չինաստան, օրինակ՝ պղինձ և տարբեր քիմիական նյութեր։ Նմանապես, ավելացել են կոռուպցիոն պրակտիկայի վերաբերյալ մտահոգությունները, հատկապես կապված այն բանի հետ, թե ինչպես են չինական ընկերություններին պայմանագրեր շնորհվել: Վերոհիշյալ դեպքը վերաբերում է չինական PowerChina ընկերության դուստր ձեռնարկությանը՝ Sinohydro-ին, որը Վրաստանում շահել է 26,3 միլիոն եվրո արժողությամբ տենտեր՝ Խուլո-Զարզմա ճանապարհի 42 կիլոմետրանոց հատվածի վերակառուցման համար։

Սակայն Վրաստանում չինական ընկերությունների տարածումը կփոխի երկրի տարանցիկ կարողությունները: Այնուամենայնիվ, չնայած բազմաթիվ առավելություններին, չին-վրացական հարաբերությունները խորացնելու լուրջ հնարավորություններ և չօգտագործված պոտենցիալ է առկա։ Իրականում այդ հարցում հիմնական խոչընդոտը շարունակում է մնալ տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը: Վրաստանի սերտ կապերն Արևմուտքի հետ և Ռուսաստանի ամուր դիրքերը Հարավային Կովկասում բացառում են չին-վրացական կապերի զգալի աճը։

Այսպիսով կարող ենք փաստել, որ չնայած որոշակի թերությունների առկայությանը Վրաստանը կարողացել է երկրում զգալի չինական ներդրումներ ներգրավել, որոնք նախևառաջ նպաստում են երկրի տնտեսության զարգացմանը և զգալի չափով առաջ մղում իրականացվող ճանապարհաշինության տեմպերը։