Ուղիղ եթեր
Փողոցից իշխանության գալու արդյունքը․ ով իր մասին ինչ է կեղծում
copy image url

Փողոցից իշխանության գալու արդյունքը․ ով իր մասին ինչ է կեղծում

Ներքին 2 տարի առաջ - 10:09 29-04-2023
Ծիծաղելի է տեսնել, թե ինչպես են մեր պաշտոնյաները «խմբագրում» իրենց կենսագրությունները։ Եւ քանի որ սովորության եւ կարողությունների համաձայն ամեն ինչ անում են փնթի, այս դեպքում եւս բազմաթիվ հետքեր են թողնում։ Մասնավորապես, որոշ ՔՊ-ականներ «մոռացել են», թե ինչ աշխատատեղեր էին նշել 2017թ ընտրությունների նախընտրական ցուցակներում, այժմ կենսագրության այդ հատվածը վերաշարադրել, ճոխացրել եւ փոխել են։

Օրինակ՝ Արայիկ Հարությունյանը 2017թ հպարտությամբ նշել էր, որ աշխատել է ԵՊՀ-ի արաբագիտության ամբիոնում դասախոս, այժմ այդ մասին տվյալները բացակայում են։

Ալեն Սիմոնյանին թվացել է, թե կենսագրության մեջ բառերը ավելացնելուց, ճոխացնելուց իր հեղինակությունը կաճի, բայց իզուր, 2017թ նա գրել էր, որ «Մեդիա Նյուս» ՍՊԸ-ում գլխավոր խմբագիր է աշխատել, իսկ հետո շատ սահուն այս ամենը դարձավ «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր, իր հիմնադրած «Ararat Media Group» ՍՊԸ («araratnews.am» կայք եւ «Արարատ» ամսագիր) գլխավոր խմբագիր։

Արարատ Միրզոյանը առհասարակ 2017թ նշել էր, որ չի աշխատում, իսկ հետո հիշողությունը վերականգնվել է եւ մի քանի տող կենսագրություն է ավելացել, այն է՝ Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ և 100 կյանք» նախաձեռնություն, հետազոտական խմբի ղեկավար, Բազմակուսակցական ժողովրդավարության նիդերլանդական ինստիտուտ (NIMD), քաղաքական կուսակցությունների և ռազմավարական պլանավորման փորձագետ։

Ռոմանոս Պետրոսյանը դեռեւս 2017թ անկեղծորեն նշել էր, որ եղել է վաճառքի ավագ մենեջեր, սակայն հետո մտքափոխվել է եւ կենսագրության մեջ ներկայացրել իրեն «Բիզնես Ռեջենթ» ՍՊԸ տնօրեն։

Այսպիսի օրինակները բազմաթիվ են, օրինակ՝ Էմմա Պալյանը նշել էր, որ եղել է խմբագրի օգնական, սակայն հետո վերախմբագրել էր կենսագրությունը՝ ներկայացնելով իրեն araratnews.am կայքի խմբագիր։

Կամ Քրիստինե Պողոսյանը, ով 2017թ նշել էր, թե եղել է իր անվամբ Ա/Ձ-ում, սակայն հետո նշել, թե եղել է «Tre gufo» հայկական արծաթյա զարդերի խանութի հիմնադիր տնօրեն:

Նիկոլ Փաշինյանի աներձագը՝ Հրաչյա Հակոբյանը եթե 2017թ նշել է, որ աշխատել է «Դարեսկիզբ» ՍՊԸ-ում, ապա հետո հանել է այդ տեղեկատվությունը։

Արուսյակ Մանավազյանը, ով նշել, էր որ հաշվապահ է աշխատել «Դարեսկիզր» ՍՊԸ, «Մեր Տպարանը» ՍՊԸ-ոմ, հետո նաեւ ավելացրել է, որ տնօրեն է աշխատել։

Ռուբեն Ռուբինյանը 2017թ նշել էր, որ մի սովորական թարգմանիչ-խմբագիր է եղել «Սոֆթ կոնստրակտում», սակայն հետո այդ ամենը վերածվել է գիտական գործունեության։

Նույն ձեւ վերափոխվել է նաեւ Էդուարդ Աղաջանյանի կենսագրությունը, ով 2017թ նշել էր, որ աշխատել է իր անվան Ա/Ձ-ում, սակայն հետո կենսագրությունը ճոխացրել էր, թե զբաղվել է մասնավոր ձեռնարկատիրությամբ, աշխատել է «HSBC» բանկի ռիսկերի կառավարման մասնագետ:

Իսկ ումից է պակաս Տիգրան Ավինյանը, նա եւս վերաշարադրել է իր կենսագրությունը, եթե 2017թ Ավինյանը նշել է, որ աշխատել է «Իրիգեյթ» ՍՊԸ, անօրեն, ապա հետո ավելի ճոխացրել է կենսագրությունը, թե եղել է ոռոգման համակարգերի տեղադրմամբ և լանդշաֆտային դիզայնով զբաղվող «Իրիգեյթ» ընկերության հիմնադիր և ղեկավար, «Շիրակ» տեխնոլոգիական ընկերությունում թվայնացման համակարգերի խորհրդատու, ծրագրային ապահովմամբ զբաղվող «Սայբեր Վիժըն» ընկերության ղեկավար։

Թերեւս ոչինչ չկա զարմանալու, պատմություն կեղծողները, օրուգիշեր խաբողները սեփական կենսագրությունը կարող էին սրբագրել։