Երևան +21°
copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 18:06 27-04-2023

Նախակրթարանները մեռնում են, մասնավոր կենտրոնները` ծաղկում

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 25-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին փաթեթը։

Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացումնեի անհրաժեշտություն կա, որովհետև մինչև այժմ բոլորի ուշադրության կենտրոնում հանրակրթության ոլորտն է եղել։

«Նախադպրոցական հաստատություններն ընդհանրապես մնացել էին ուշադրությունից դուրս, և այստեղ կատարվում են շատ մտահոգող բաներ, մասնավորապես, ծնողներն աշխատում են իրենց երեխաներին պետական նախադպրոցական հաստատություններից զերծ պահել, որովհետև առաջանում են տարբեր խնդիրներ»,- ասաց Մխիթարյանը և հավելեց, որ դրանք հիմնականում այն ծնողներն են, ովքեր ֆինանսապես ապահովված են։

«Դրա համար սնկի նման, հատկապես քաղաքներում, աճում են զարգացման կենտրոնները և նմանատիպ այլ հաստատությունները, որոնք այս պահին, ըստ էության, գործում են օրենսդրությունից դուրս, որովհետև այստեղ լիցենզավորման հետ կապված խնդիրներ չեն առաջանում։

Մեկը, ով ունի ինչ-որ մի տարածք և հնարավորություն, որևէ մեկին չհարցնելով, բացում է երեխաների զարգացման կենտրոն՝ լեզուների խորացված ուսուցմամբ, այստեղից-այնտեղից վերցված տարբեր մեթոդներով և շատ բարձր վարձատրությամբ երեխաների է ներգրավում»,- ասաց Մխիթարյանը և հավելեց, որ սովորաբար նման հաստատություններում վարձավճարը շատ ավելի բարձր է լինում, քան բուհերում եղող տարեկան ուսման վարձն է։

Մխիթարյանը նշեց նաև, որ վերջերս նկատել է միտում, որ հենց ծնողներն են ձգտում իրենց երեխաներին տանել այնպիսի հաստատություններ, որոնց վարձավճարը բարձր է։

Փորձագետն ընդգծեց, որ իր մոտ տպավորություն է ստեղծվում, որ ծնողները մրցում են իրար դեմ, թե ով կարող է ավելի բարձր վարձ վճարել։

«Այն, որ դաշտը պետք է օրենսդրական կարգավորում ստանա, դա միանշանակ է։ Այստեղ անհրաժեշտ է, որպեսզի պետությունը որոշակի քաղաքականություն մշակի և այդ քաղաքականությունը կիրառի, այլապես մենք կունենաք անհասկանալի իրավիճակ, երբ նախադպրոցական ուսումնական հաստատություններում դաստիարակվում են երեխաներ, որոնք կարող են ազգային հիմքից ընդհանրապես կտրված լինել, չսովորել իրենց լեզուն՝ ընկնելով «մոդայիկ անգլերենի» հետևից, իսկ դա այդ տարիքում ազդում է երեխաների լեզվամտածողության վրա և այն արժեքները, որով դաստիարակվում են այսպիսի հաստատություններում, կարող են վաղը մյուս օրը տիրապետող դառնալ այդ երեխաների հոգեբանության վրա վատ իմաստով։

Այսինքն՝ պետությունը որքան հնարավոր է շուտ պետք է վերցնի իր հսկողության տակ այդ հաստատությունը»,- ասաց Մխիթարյանը և ավելացրեց, որ այդ նախագիծը մանրամասն չէ և անհրաժեշտություն կա, որ վերը թվարկված հարցերը մշակվի, կշռադատվի և լուծում տրվի։

Մխիթարյանը նշեց, որ դա պետք է արվի ռեֆորմների և բարեփոխումների միջոցով։ «Դա պետք է արվի պետական կամ համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների որակի բարձրացմամբ, այսինքն՝ ոչ թե մենք պետք է արգելենք մասնավորները, այլ պետք է պետական և համայնքային հաստատությունների որակը այնքան բարձրացնենք, որ մարդիկ չմտածեն, որ երեխաներին ավելի լավ կլինի տանենք մասնավորները, որպեսզի լավ կրթություն ստանան, բայց իրականում խեղվեն, որովհետև ոչ ոք չգիտի, թե այնտեղ ինչ իրավիճակ է և ինչպես են դաստիարակում։ Սա է իրավիճակը, մեր ազդեցությունը պետք է դա լինի։

Հիմա պետությունը մտածում է՝ դա այսպես ասած այդ չարչրկված ատեստավորումների միջոցով, դա սխալ ուղի է, նախատեսվում է նաև վերապատրաստումները հանել, բայց պարտադիր ատեստավորումները թողնել։ Տրամաբանություն չկա, քանի որ մենք մասնագիտական որակավորումները պետք է բարձրացնենք վերապատրաստումների միջոցով և ոչ թե անընդհատ ստուգումների»,- եզրափակեց փորձագետը։

Լիլիթ Հարությունյան