Ավելի քան 1 ամիս առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Արցախյան վերջին պատերազմի ընթացքում հայկական կողմը 11․000 դասալիք է ունեցել։
Կարճ ժամանակ անց արդեն, Աճարկուտ գյուղի բնակիչների հետ հանդիպմանը ելույթի ժամանակ, դասալիքների մասին
հայտարարություն արեց նաև վարչապետի կին Աննա Հակոբանը՝ կրկնելով թշնամական երկրի ղեկավարի հայտարարած թիվը։
Տեղի ունեցածի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար
Oragir.News-ը հարցում ուղարկեց ՀՀ դատախազություն՝ պարզելու համար, թե
• Ինչպես կարող էր Ալիևի ձեռքի տակ հայտնվել հստակ թվով՝ 11․000 դասալիքի վերաբերյալ տեղեկություն։
• Հաշվի առնելով ՀՀ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից՝ Ալիևի հայտնած տեղեկության նույնական կրկնության փաստը, արդյո՞ք Աննա Հակոբյանը, բացի ադրբեջանական աղբյուրներից, տեղեկատվության այլ աղբյուրներ ունի։ Արդյո՞ք Հակոբյանին հատուկ փոխանցվում են այդպիսի տվյալներ։
• Հաշվի առնելով իշխանության ներկայացուցիչների կոչը՝ ադրբեջանական աղբյուրներից ստացված տեղեկությունը հայկական լրատվադաշտում չհրապարակելու վերաբերյալ՝ արդյոք Աննա Հակոբյանի կողմից դասալիքների մասով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարած թիվը հրապարակայնորեն կրկնելն ադրբեջանական կողմի պրոպագանդա չէ։
• ՀՀ դատախազությունն ինչ քայլեր է ձեռնարկել կամ ձեռնարկելու՝ Աննա Հակոբյանի կողմից ադրբեջանական կողմի հրապարակած տվյալների տարածման ու ադրբեջանական պրոպագանդա իրականացնելու փաստի առթիվ։
• Արցախյան վերջին պատերազմի ժամանակ ու դրանից հետո դասալքության քանի դեպք է բացահայտվել։
• Մինչև հարցման պահը քանի քրեական գործ է հարուցվել՝ դասալքության մասով։
Հարցումից շուրջ 3 շաբաթ անց, մեր խմբագրություն ստացվեց ՀՀ դատախազության պատասխանը, որը հրապարակում ենք ամբողջությամբ։
«ՀՀ զինվորական դատախազության սպասարկման տարածքում 2020 թվականի 44-օրյա պատերազմի և հայտարարված ռազմական դրության ժամանակահատվածում (2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի մարտի 24-ը) 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 7-րդ մասով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը), 362-րդ հոդվածի 3-րդ մասով (դասալքությունը), 364-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը), ինչպես նաև նշված հոդվածների հետ այլ հոդվածների համակցությամբ, հարուցվել է 1786 քրեական վարույթ՝ 10687 անձի վերաբերյալ:
Նախաքննության ընթացքում նշված քրեական վարույթների միացման արդյունքում, ներկայում նախաքննական մարմնի վարույթում գտնվող վերոնշյալ հոդվածներով քննվող քրեական վարույթների թիվը 226 է։
2020 թվականի 44-օրյա պատերազմի և ռազմական դրության ժամանակահատվածում (2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի մարտի 24-ը) 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 7-րդ մասով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը), որպես մեղադրյալ ներգրավվել է 180 անձ, 362-րդ հոդվածի 3-րդ մասով (դասալքությունը)՝ 132 անձ և 364-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը) 444 անձ։
44-օրյա պատերամզի և ռազմական դրության ժամանակ արձանագրված դեպքերով՝ 18,04,2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 7-րդ մասով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը), 362-րդ հոդվածի 3-րդ մասով (դասալքությունը) և 364-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը) հարուցված քրեական վարույթներից մեղադրական եզրակացություններով դատարան է ուղարկվել 118 գործ՝ 143 անձի վերաբերյալ։
118-ից 97-ը՝ 102 անձի վերաբերյալ, եղել է 18․04․ 2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 7-րդ մասով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը), 2 գործ՝ 2 անձի վերաբերյալ՝ 362-րդ հոդվածի 3-րդ մասով (դասալքությունը) և 19 գործ՝ 39 անձի վերաբերյալ՝ 364-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը)։
Դատարան ուղարկված 118 գործից 58 գործով՝ 64 անձի վերաբերյալ, դատաքննությունն ավարտվել է։ Կայացվել են դատական ակտեր, իսկ 60 գործ՝ 79 անձի վերաբերյալ, գտնվում է դատաքննության փուլում։
Ընդհանուր դատաքննությունն ավարտված 64 անձի վերաբերյալ 58 գործերից 1-ով 1 անձի վերաբերյալ կայացվել է արդարացման վերդիկտ, 57 գործով 63 անձի վերաբերյալ՝ մեղադրական վերդիկտ։
Ինչ վերաբերում է սահմանված պատժաչափերին, ապա դրանց վերաբերյալ Դատախազությունը հաշվառում չի իրականացնում»,- ասված է ՀՀ դատախազության պատասխանում։
Դատախազությանը նույնաբովանդակ հարցում էր ուղարկել և նույնական պատասխան ստացել էր նաև հասարակական- քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։ Նա ֆեյսբուքյան հրապարակման մեջ վարչապետի տիկնոջն
առաջարկել է հանդես գալ հերքումով և ներողություն խնդրել հայ ժողովրդից՝ զրպարտության համար:
«Նրա փոխարեն դա կարող է անել նաև իր ամուսինը՝ որպես տան տղամարդ և պետական պաշտոնյա: Եթե դա տեղի չունենա խելամիտ ժամկետներում, խոստանում եմ հետամուտ լինել, որպեսզի գործադրվեն բոլոր հնարավոր իրավական լծակները՝ վերը նշվածին հասնելու համար»,- գրել էր նա: