copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:00 12-12-2022

Ադրբեջանական թեզերի քարո՞զ, թե՞ պատահականություն. «ՀԺ»-ն ադրբեջանամետ ձևակերպումներ է օգտագործում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք նախօրեին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նոտա էր հղել Ռուսաստանի Դաշնությանը` կապված Արցախի Հանրապետության տարածքում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի գործունեության հետ։ Պաշտոնական Բաքուն դժգոհել էր, որ Արցախի բնակիչները ադրբեջանցիներին թույլ չէին տվել մուտք գործել Մարտակերտի շրջանում գտնվող հանքավայրեր,իսկ ռուս խաղաղապահներն այդ առնչությամբ ոչինչ չէին ձեռնարկել։

Առհասարակ Հայաստանի իշխանության ամենատարբեր ներկայացուցիչներ շատ հաճախ մեղադրում են տարբեր լրատվամիջոցների, հասարակական և քաղաքական գործիչների` ադրբեջանական թեզերը հայկական մամուլում տարածելու և դրանով թշնամու քարոզչությանը նպաստելու համար։ Սակայն նախօրեին Հայաստանի վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» լրատվական կայքը հրապարակել է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը, որում տեղ են գտել մի շարք ադրբեջանական թեզեր` առանց չակերտների, կամ որևէ այլ ձևակերպման, որը կփաստեր, որ այդ ձևակերպումները պատկանում են ադրբեջանական կողմին։

Հրապարակումը սկսում է հետևյալ նախադասությամբ. «Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ռուսական կողմին նոտա է հանձնել՝ կապված Ղարաբաղի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը, տեղի ունեցած իրադարձությունների հետ»։


Հատկանշական է, որ Արցախի Հանրապետության տարածքում տեղակայված խաղաղապահ ուժերի վերաբերյալ միայն ադրբեջանական լրատվամիջոցներն ու այդ երկրի պետական կառույցներն են, որ յուրաքանչյուր հրապարակման մեջ հիշեցնում են, որ խաղաղապահ ուժերը ժամանակավոր են տեղակայված։ «Հայկական ժամանակ»-ը նույնպես առանց որևէ միջանկյալ ձևակերպման նշում է, որ Արցախի տարածքում ռուս խաղաղապահները ժամանակավորապես են տեղակայված։

Սա բացահայտ ադրբեջանամետ թեզ է, քանի որ Ադրբեջանի իշխանությունները սեփական հասարակությանը փորձում են համոզել,որ Արցախի չօկուպացված հատվածում ռուս խաղաղապահների տեղակայումը պարզապես Ադրբեջանի բարի կամքի դրսևորումն է,որը կրում է ժամանակավոր բնույթ։ Ավելին շատ հաճախ ադրբեջանական մամուլի կողմից Արցախի տարածքը նշվում է,որպես «Ադրբեջանի տարածքներ,որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները»։

Հանուն արդարության գոհունակությամբ արձանագրենք, որ «Հայկական ժամանակ»-ը Արցախը չի ներկայացել որպես Ադրբեջանի տարածք։

Բացի այդ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից հետո հրամանագիր է ստորագրել,որով լուծարել է Լեռնային Ղարաբաղ անունով վարչաքաղաքական միավորը։ Հետագայում մեկ այլ հրամանագրով Ադրբեջանում ստեղծվեցին նոր տնտեսական շրջաններ, որոնց համաձայն Արցախի Հանրապետության տարածքն ընդգրկվեց այսպես կոչված Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանների կազմում։

Պաշտոնական Բաքուն միջազգային հանրության ներկայացուցիչներից պահանջում է, որ վերջիններս չկիրառեն Լեռնային Ղարաբաղ անվանումը, դրա փոխարեն օգտագործեն «Ղարաբաղի տնտեսական շրջան» արհեստական ձեւակերպումը։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի իշխանություններն այս նախաձեռնությամբ փորձում են հիմնավորել իրենց այն քարոզչական թեզը, թե Արցախյան հակամարտությունը կարգավորված է, իսկ արցախահայության խնդիրները «Ադրբեջանի ներքին գործն են»։

Ցավոք Հայաստանի վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցն այս պարագայում ևս Արցախի Հանրապետությունը ներկայացնում է որպես «Ղարաբաղի տարածք, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները»։



Երբ Հայաստանի իշխանություններն են խուսափում Արցախի Հանրապետություն, ինքնորոշման իրավունք և այլ նմանատիպ ձևակերպումներից, դա նույնպես ցավալի է, սակայն վերջիններս դա հիմնավորում են բանակցություններին չվնասելու ցանկությամբ։ Սակայն տարակուսելի է, որ Հայաստանի իշխանությունների հետ անմիջական կապեր ունեցող լրատվամիջոցը նման հակահայկական ձևակերպումներ է կիրառում։

Դժվար է ասել խաղաղության դարաշրջան տանող ճանապարհին նման դեպքը ադրբեջանամետ թեզերի միտումնավոր քարո՞զ է, թե՞ պատահականություն, սակայն փաստի առկայությունն ինքնին առնվազն դատապարտելի է։ Ցանկալի կլիներ, որ լրատվամիջոցների աշխատանքը մշտապես փնովող և վերջիններիս ադրբեջանական թեզերը տարածելու մեջ մեղադրող իշխանավորներն առնվազն վերահսկեին սեփական լրատվամիջոցների աշխատանքը, և թույլ չտային վերջիններս կողմից ադրբեջանամետ թեզերի տարածումը, եթե, իհարկե, դա միտումնավոր բնույթ չի կրում։