Երևան +21°
copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 17:51 25-04-2023

Մեզ ամեն ինչ կարելի է․ ինչու է Ստյոպա Սաֆարյանը ֆեյք լուրեր տարածում

Ես չեմ հայտարարել, որ հաղորդուղիների ու 250 մլրդ դոլարի ապրանքատեղափոխման վերաբերյալ այդպիսի բան է ստորագրվել։ Ես հայտարարել եմ, որ գիտեմ, որ մի քանի օր առաջ այդպիսի բանակցություններ են մեկնարկել։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։

«Իհարկե, իրանական տելեգրամ ալիքները տարածել են ստորագրման մասին։ Ես, լավագույն դեպքում, դա․․․ միգուցե կարող են ուղղակի քաղաքական համաձայնությունների գալ, դա էլ մեծ արդյունք կլինի առաջին փուլի համար, բայց ես փաստ չունեմ, որ ստորագրվել է, ուղղակի գիտեմ, որ լուրջ պրոցես է, այդ ֆորմատը կա, սկսվել է արդեն, երեք կողմերն արդեն իսկ պայմանավորվել են, որ այդ ֆորմատը պիտի լինի։ Եվ երեք կողմերը, այդ թվում և Հայաստանի ԱԳՆ-ն, չեն թաքցրել, թե օրակարգում ինչ հարցեր են դրված և դրանցից մեկը հաղորդուղիների ու բեռնափոխադրումների խնդիրն է՝ մեծ աշխարհագրությամբ՝ Հնդկաստանից մինչև Հայաստան և, բնականաբար, անդին»,- ասաց նա։

Սաֆարյանի խոսքով՝ ինքը, թեև տեղեկությունը տարածել է, լուրի ստորագրման մասին փաստող որևէ հավաստի աղբյուր, այդուհանդերձ, չկա։

«Ստորագրման փաստը հաստատված չէ։ Բայց ես գիտեմ, որ այդպիսի պրոցես կա և դա ակնհայտ է։ Այդ մասին գրում են Հնդկաստանի ու Իրանի հարթակներում։ Ես, այո, ասել եմ տելեգրամ ալիքի լուրը, բայց ես չեմ պնդել, որ դա ստորագրվել է։ Ես նման պնդում չեմ արել։ Դա իմ և՛ առաջին գրառման մեջ կա, և՛ երկրորդ գրառման մեջ»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է այդ տելեգրամ ալիքում ներկայացված 250 մլրդ դոլարի ապրանքատեղափոխման ծավալների իրատեսական լինելուն․ «Հնդկական կողմն առնվազն երկու հրապարակում ունի՝ «Indian Times»-ը և «The Print»-ը, երկու լրատվամիջոցներ և՛ հիմնվելով ՀՀ ԱԳՆ տեղեկատվության վրա, և՛ նաև իրենց կողմից նշել են, թե ինչ հարցեր են քննարկվում։ Այդքանով դա հավաստի է։ Ինչ վերաբերում է 250 մլրդ դոլարին՝ ես տնտեսագետ չեմ ու այդ թվերը չեմ մեկնաբանի։ Այս է պրոցեսը»,- ասաց նա։

Այդուհանդերձ, քաղաքագետի բնորոշմամբ՝ երբ հայտարարվում է առաջին փուլի հաջող ընթացքի մասին, կարելի է լավատեսորեն տրամադրվել նաև գործընթացի հետագա զարգացման հարցում։

«Այսինքն՝ սա նշաակում է, որ ֆորմատն արդեն ձևավորվել է։ Եվ երբ ֆորմատի օրակարգային հարցեր են քննարկվում, դա նշանակում է, որ այդ ուղղությամբ աշխատանքներ գնում են։ Հիմա թե դա երբ կվերածվի ստորագրության, իսկ ավելի կարևոր է՝ դա երբ կվերածվի առարկայական ծրագրի՝ ժամանակի խնդիր է։ Կրկնում եմ, եթե խոսվում է առաջին փուլի մասին, նշանակում է, որ կան երկրորդ, երրորդ, չորրորդ ու այլ փուլեր, կա ֆորմատ և կա օրակարգ»,- ասաց նա։

Այս առումով փորձագետը չի բացառում նաև առաջին փուլի բանակցությունների ամփոփիչ արձանագրության առկայության փաստը։

«Ցանկացած հանդիպում ունենում է իր արձանագրությունը։ Քանի որ ստորագրման մասին տեղեկությունը պարսիկների տելեգրամյան ալիքներով էին տարածել և պարսիկ օգտատերեր էին տարածել, հավանաբար, միգուցե պարսիկներն այս պահին նկատի ունեն այդ արձանագրությունը։ Ինձ համար որքան էլ կարևոր է, որ իրականում ստորագրված փաստաթուղթ լինի, բոլոր դեպքերում, ես բնականաբար, գիտեմ, որ տակը կա պրոցես։ Դա չեն հերքում ո՛չ պարսիկները, ո՛չ Հայաստանը, ո՛չ Հնդկաստանը»,- ասաց նա։

Ստյոպա Սաֆարյանն անդրադարձավ նաև հարցադրմանը, թե որքանով է ճիշտ քաղաքական վերլուծաբանի կողմից տարածել հստակ աղբյուր չունեցող ու պաշտոնապես չհաստատված տեղեկությունը։

«Եկեք վերանանք «ստորագրում» բառից։ Ես ասացի, թե ինչպես եմ մեկաբանում այդ բառը։ Ստորագրվել է այսպես ասած՝ հյուսիս-հարավ ճանապարհի մասին համաձայնությունը։ Ես դա մեկնաբանում եմ, որ առաջին ռաունդում կողմերն, անշուշտ, առաջին փուլի վերաբերյալ ամփոփիչ արձանագրություն ունեն։ Իմ դիտարկմամբ՝ ստորագրում ասելով նկատի ունեն դա։ Ես այդպես բառերի վրա չէ, որ կենտրոնանում եմ։ Ինձ համար խնդիրն այն է, թե կա՞ այդ պրոցեսը, թե ոչ։ Իսկ պրոցեսը կա, բարեբախտաբար։

Հիմա ասում եք՝ որքանով է ճիշտ տեղեկության տարածումը։ Նույն կերպ, Հնդկաստանում երկու ոչ պակաս հեղինակությամբ` «Indian Times» անգլալեզու թերթն է տպել։ Չանդրադառնա՞ հայ վերլուծաբանը դրան։ Կարծում եմ՝ արժե։ Պարսկական լրատվական ալիքերն են տպել․․․ ինձ ճիշտ հասկացեք, ես չեմ ողջունում տելեգրամյան ալիքներով տարածված անանուն կամ անվստահելի տեղեկությունների տարածմանը։ Բայց սա, մի փոքր այլ բան է։ Այստեղ կա՛ պրոցես։ Եթե այդ պրոցեսն անլուրջ լիներ, անկախ նրանից, թե ինչ է ստորագրվել, ստորագրվածն արձանագրություն է, թե ոչ, որն արտացոլում է օրակարգի խնդիրները․․․ անկախ ամեն ինչից, մի բան ակնհայտ է․ բոլոր կողմերը հայտարարել են, որ այդ պրոցեսը կա։

Բոլոր կողմերը հայտարարել են, որ այդ պրոցեսի օրակարգում այդպիսի մեծ, մեգառեգիոնալ հաղորդակցական ուղու ստեղծումն է, տնտեսական ոլորտում գործակցությունն է, մարդկային շփումներն ինտենսիվացնելը։ Այսինքն, ես դա վերցրել եմ հենց հնդկական օրակարգից, այսինքն, հնդկական լրատվամիջոցի հրապարակումից»։

Այս առումով Ստյոպա Սաֆարյանը ևս համոզմունք հայտնեց, որ բուն բանակցությունների արդյունքների մասին հրապարակում անել պետք է՝ հղում կատարելով պաշտոնական աղբյուրներին։ «Բայց հավատացեք, վերլուծաբանների դեպքում, այս իրադարձության վերլուծությունը, այս լուրերի վերլուծությունը ունի արդարացվածություն, ունի հիմնավորվածություն, որովհետև դա հաստատվում է բոլոր կողմերից։

Փաստ է, անգամ Haqqin.az-ի նյութն իր ծանրակշռությամբ ու սթափությամբ զարմացրեց ինձ, առանց հիստերիաների։ Կարծում եմ, որ անգամ իրենք են դա լուրջ ընդունում, որովհետև, համենայն դեպս, տեսնում են և՛ ռազմատեխնիկական գործակցություն՝ Հայաստանի և Հնդկաստանի միջև, որը տեղի ունենալ չի կարող առանց Իրանի կամ որևէ այլ երկրի։

Նրանք տեսնում են և՛ Հնդկաստանի հայտարարությունները։ Հայաստանի սահմանների ագրեսիայի կապակցությամբ Հնդկաստանը հստակ դատապարտեց Ադրբեջանի ագրեսիան։ Իրենք էլ են չէ՞ հասկանում, որ դա լուրջ է»,- ասաց նա։

Այս ամենն, ըստ Սաֆարյանի, կարող է նպաստել լուրջ գործակցության, որի մասին, իր խոսքով, փաստում է նախարարությունների ֆորմատով կայացած հանդիպումն ու ձեռք բերված պայմանավորվածությունները։