Երևան +10°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:31 24-04-2023

Ծնողներն ասում էին, որ դասից հետո ավելի հաճախ է իրենց երեխան գնում եկեղեցի. ՀԵՊ առարկան փակվում է

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դասացանկից հանելուն, ասել է, որ 2021-ին հաստատված չափորոշիչը կներդրվի սեպտեմբերից։

ԿԳՄՍ նախարարության որոշմամբ սեպտեմբերից «Հայ եկեղեցու պատմություն» առարկան չի լինելու առանձին առարկա և ներառվելու է «Հայոց պատմության» դասագրքում։

«2021 թվականին հաստատվել է հանրակրթության պետական չափորոշիչը, որով սահմանված են մեր մոտեցումները։ Չափորոշիչը ներդրվելու է բոլոր դպրոցներում այս տարվա սեպտեմբերից, սա է իրավիճակը և այս իրավիճակը չի փոխվում», - ասել է ԿԳՄՍ նախարարը։

Նախարարն այդպես է պատասխանել այն դիտարկմանը, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը նախօրեին ասել է, որ «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի հարցով առաջարկել են՝ շարունակվեն քննարկումները և փոխընդունելի, ճիշտ լուծման, եզրահանգման հանգել։

Անդրեասյանը, խոսելով առարկայի մասին, ասել է, որ եկեղեցու կողմից բարձրացված մտահոգությունները կամ, ավելի ճիշտ, իրենց դիրքորոշումը, նոր չէ։

«Կարծում եմ՝ արդեն անցել ենք քննարկումների փուլը, քանի որ չափորոշչի քննարկման և հաստատման փուլում բազմիցս ունեցել ենք հնարավորություն այդ քննարկումների համար»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ իրենք շատ ըմբռնումով են մոտենում և, չի կարծում, որևէ պարագայում բոլոր հարցերում պետք է ունենալ մեկ մոտեցում և մեկ տրամաբանություն։

«Շատ բնական է, որ կարծիքները կարող են տարբեր լինել, նույնիսկ քննարկումներից հետո տարբեր էլ մնալ։ Բայց շատ կարևոր եմ համարում, որ մենք կարողանում ենք բաց խոսել մեր տարբեր կարծիքների մասին ու գնահատում եմ։ Կարծում եմ՝ մենք բավականին բաց խոսակցություն ենք ունեցել, ներկայացրել եմ չափորոշչի մեր մոտեցումը, մեթոդաբանությունը, վստահեցրել եմ, որ այն պատկերացումները, որոնք մենք ունենք, չպետք է վտանգեն այն կարևոր արժեքների փոխանցման հարցում, որոնք բոլորս կարևորում ենք, և տեսնում եմ, որ դիմացի կողմից, ամեն դեպքում, կա տարբեր ընկալում, որ ոչ՝ մեթոդը պետք է այլ լինի, մոտեցումը պետք է լինի առանձին առարկայի տրամաբանության մեջ։ Մենք այդպես չենք պատկերացնում, նաև բացատրել եմ՝ ինչու»,- ասել է նախարարը։

Թե ինչքանո՞վ է առարկայի դասավանդումը նպաստում աշակերտին՝ ավելի մոտենալու եկեղեցուն և թե ինչպե՞ս են արձագանքում մասնագետներն այդ փաստին՝ զրուցեցինք Չարենցավանի դպրոցի Հայ եկեղեցու պատմություն առարկայի նախկին ուսուցչուհի Զինաիդա Նազարյանի հետ, ով ասաց, որ ընդհանուր առմամբ՝ միայն 5-րդ և 6-րդ դասարանի դասագրքերն է, որ կարելի է Հայոց եկեղեցու պատմության հետ կապ ունեցող դասագրքեր համարել.

« 7-րդ, 8-րդ դասարանի դասագրքերն էլ, առհասարակ, կարծես միայն Հայոց պատմություն առարկան լինեն՝ անսահման թվեր են, 9-րդ դասարանի դասագիրքն էլ էլի ոչինչ, կաթողիկոսների կենսագրությունն էր, իսկ ինչ վերաբերվում է եկեղեցու կյանքին՝ ես չէի ասի, որ այն շատ բան է տալիս, ավելի շատ՝ ուսուցչից է կախված առարկայի դասավանդումը։

Առհասարակ, այդ առարկայի ուսուցիչներին շատ տեղ չեն էլ տալիս, ցածր դասարաններում իմ դասն անում էի, բայց բարձր դասարաններում՝ հիմնականում Աստվածաշունչ էի կարդում»։

Նազարյանի խոսքով՝ այնպես չէ, որ առարկան երեխային բերելու է դեպի եկեղեցի, դա որևէ մեկից կախված չէ. «Ես ինքս հնարավորինս աշխատել եմ եկեղեցակենտրոն դասեր անցկացնել, բայց անպես չէ, որ դրանից աշակերտը եկել է եկեղեցի, ծնողներ են եղել, իհարկե, որ ասում էին՝ իրենց երեխան այդ առարկան անցնելուց հետո է ցանկացել գալ եկեղեցի, բայց այնպես չէ, որ կոնկրետ առարկան նպաստում է դրան, որ երեխան գնա եկեղեցի, կամ էլ՝ Աստվածաշունչ կարդա, այն, ինչ ես տվել եմ, դա եղել է քառասունհինգ րոպեյվա ընթացքում, ու մեկ էլ իրենց համար շատ հետաքրքիր է եղել այդ բովանդակությամբ ֆիլմեր, Աստվածաշնչի մրցույթների կազմակերպումը, Աստվածաշնչի վերաբերյալ վիկտորինան, և կարդալն էր ու հարցերին պատասխանելը նույնպես հետաքրքրիր էր։

Հիմնական՝ իննսուն տոկոսը Եկեղեցու պատմության ուսուցիչների՝ հեքիաթ են կարդում այդ ժամերին, շտեմարան են անում։ Ուղղակի ափսոս էր մեր սովորածը, այդքան բան»։

Հիշեցնենք, որ ըստ ԿԳՄՍ նախարարի՝ խոսքը վերաբերում է ոչ միայն «Հայ եկեղեցու պատմություն» առարկային, խոսքը վերաբերում է ընդհանուր առմամբ տարբեր առարկաների մասով ուսուցմանը։

«Մենք ինտեգրված մոտեցումն ենք որդեգրել հանրակրթության պետական չափորոշչով, և սա ունի շատ պարզ նպատակ։ Մենք դպրոցում ունեինք մի իրավիճակ, երբ յուրաքանչյուր առարկա ինքնաբավ, իր համար գործում էր, երեխաների մոտ հաճախ չէր ձևավորվում միասնական պատկերացում, օրինակ՝ նույն բնության երևույթի մասին։ Ինտեգրված մոտեցումն այն մոտեցում է, որը հնարավոր է դարձնում խաչվող գաղափարները տարբեր առարկաների մեջ դարձնել ավելի հասկանալի, տեսանելի, ընկալելի։

Բոլոր հետազոտությունները ցույց են տալիս, որ երեխաների առաջադիմությունը միայն բարձրանում է, եթե մենք այդպես ենք մոտենում նրանց կրթությանը։ Կարծում եմ՝ այդ տրամաբանության շրջանակներում մեր մոտեցումները շատ հիմնավոր են։ Իհարկե, հարգանքով եմ վերաբերում եկեղեցու դիրքորոշմանը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն հայտարարել է, որ Մայր Աթոռի համար անընդունելի է այն մոտեցումը, որ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան ուզում են տարրալուծել այլ առարկաների մեջ կամ սահմանափակել 1-2 դասարանում դասավանդելով։