Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 10:54 21-04-2023

Աղջիկների համար կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգ կներդրվի

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին:

Քննարկման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ փաթեթով նախատեսվում է ներդնել իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգ:

«Սահմանվում են կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության անցնելու ցանկություն հայտնած իգական սեռի քաղաքացիների կողմից դիմումի ներկայացման, նրանց զինվորական հաշվառման, զորակոչի, ծառայության վայր նշանակման, ծառայության ավատից հետո պատվովճարի հաշվարկման հետ կապված հարաբերությունները:

Մասնավորապես, կամավոր հիմունքներով պարտադիր զինծառայության անցնելու համար դիմած իգական սեռի քաղաքացիների համար պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կազմում է 6 ամիս։ Կարգավորվում են իգական սեռի քաղաքացիների կողմից դիմում ներկայացելու ժամկետները այն հաշվարկով, որպեսզի հնարավոր լինի ամբողջ ծավալով իրականացնել նրանց զիվորական հաշվառման և առողջական վիճակի գնահատման գործընթացը»,- նշեց Պապիկյանը:

Նա նաև հավելեց, որ պարտադիր ծառայության դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիների վրա չեն տարածվում ընտանեկան պայմաններից ելնելով տարեկետման և վաղաժամկետ արձակման հիմքերը։ Կարգավորումը սահմանվել է այն տրամաբանությամբ, որ ծառայության վեցամսյա ժամկետի պայմաններում դա անիմաստ է, քանի որ նման պայմանների հնարավոր առկայությունն ստուգվում է մինչ զորակոչվելը։ Միևնույն ժամանակ Սուրեն Պապիկյանը նշեց, որ մինչև զորակոչի օրը դիմում ներկայացրած իգական սեռի ներկայացուցիչները հնարավորություն ունեն հրաժարվելու ծառայությունից:

Փաթեթը սահմանում է վեցամսյա պարդադիր զինծառայություն, որը կազմակերպվելու է ուսումնական զորամասերում։ Վեցամսյա զինվորական ծառայությունից հետո քաղաքացիները կստանան 1 մլն դրամ պատվովճար։ Առողջական պատճառներով վաղաժամկետ զորացրվելու դեպքում պատվովճարը կսահմանվի ըստ փաստացի ծառայած ամիսների։

«Իրավունք են ունենալու վեցամսյա ժամկետը լրանալու հիմքով զորացրվելու փոխարեն «Պաշտպան հայրենյաց» ծրագրով դիմել և անցնել հինգ տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայության»,- հավելեց Սուրեն Պապիկյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ այս պահին քննարկում ենք մեր բանակի և մեր երկրի պատմության մեջ նոր էջ բացելու հարցը:

«Սա իրականում պրոֆեսիոնալ բանակ ունենալու մեր հայեցակարգի շրջանակում է: Մենք ասում ենք՝ կանայք կամավոր կարող են զորակոչվել և պարտադիր 6-ամյսա ծառայություն անցնել: Այդ ծառայությունը չի լինելու զբոսանք զորամասում, լինելու է նորմալ զինծառայություն: Կլինեն մարդիկ, որ 6 ամիս անց կզորացրվեն և կվերադառնան քաղաքացիական կյանքի: Այդ մարդիկ կհամալրեն մեր զինված ուժերի պահեստազորը: Կլինեն մարդիկ, որոնք կցանկանան 6 ամիս անց կցանկանան անցնել պրոֆեսիոնալ ծառայության և կհամալրեն մեր գործող բանակը և կանցնեն պայմանագրային զինծառայության: Խոսքը մարտական զինծառայության մասին է»,-ասաց Փաշինյանը նա հավելեց, որ ընկալումն է պետք փոխել, որ բանակում կանայք հիմնականում կամ մեծ մասամբ սպասարկող անձնակազմի ներկայացուցիչներ են. «Ոչ, կանայք պետք է դառնան լիարժեք զինծառայության մաս»,- ասաց նա: