Թումանյանի մասին իր հուշերով կիսվելիս Վարդգես Ահարոնյանը գրում է․ «Մի օր երաժիշտ Արմեն Տիգրանյանը, որ օպերայի էր վերածել Հովհ. Թումանյանի «Անուշ» պոեմը, իր տուն հրավիրեց Թումանյանին, Սիամանթոյին և մի խումբ արվեստագետների: Հրավիրվածների մեջ էր նաև մեր նշանավոր դերասանուհին՝ տիկին Սիրանույշը:
Իբրև կին, և այն էլ տաղանդավոր ու հայտնի կին, Սիրանույշը, բնականաբար, դարձավ ներկաների ուշադրության կենտրոնը: Զրույցը տիկին Սիրանույշի շուրջ էր դառնում, խոսողը ամենից ավելի ինքը՝ Սիրանույշն էր, մինչ մյուսները, նույնիսկ զրույցի վարպետ Հովհաննես Թումանյանը, ուշադրությամբ և հարգանքով լսում էին տաղանդավոր դերասանուհուն:
Սակայն դա երկար չտևեց: Տիկին Սիրանույշը մեկն էր այն անձնավորություններից, որոնք իրենց գործից և իրենց անձից դուրս զրույցի ուրիշ նյութ չունեն: Որքան տաղանդավոր, փայլուն և հմայիչ բեմի վրա, նույնքան դժգույն բեմից դուրս, առօրյա կյանքում: Անմրցելի խաղի մեջ, խեղճ իր խաղից դուրս կյանքի հարցերի և արվեստի մյուս ճյուղերի մեջ: Բեմականությունը այնքան միս ու արյուն էր դարձել իր մեջ, որ առօրյա, սովորական զրույցի մեջ էլ այնպես էր շարժվում և խոսում, ինչպես Էդմոն դը Ռոստանի «Արծվիկը» կամ Շեքսպիրի «Համլետը» խաղալիս, ֆրանսիական բեմի կեղծ դասական դպրոցի ձևերով: Սիրանույշը բեմը փոխադրել էր կյանքի մեջ, փոխանակ կյանքը բեմ հանելու:
Իր խոսքը իր խաղացած դերերի և մանավանդ վարագույրի ետևը իր շուրջը դարձող այն ինտրիգների մասին էր, որոնցով հարուստ է բոլոր թատրոնների ներքին կյանքը:
Շուտով զգացվեց, որ տիկին Սիրանույշի նյութը սպառվել սկսեց: Ամենից շուտ դա զգաց Հովհ. Թումանյանը, որ կամաց-կամաց իր ձեռքն առավ զրույցի թելը: Խոսքի տերն այլևս ինքն էր, մինչ մյուսները ուշադրությամբ լսել սկսեցին:
Եվ դարձյալ, ի հարգանս տիկին Սիրանույշի, Հովհաննես Թումանյանն էլ իր խոսքը թատրոնի շուրջ դարձրեց:
Կա՞ր որևէ նյութ, որի մասին Թումանյանը մի հետաքրքրական խոսք չունենար ասելու:
-Տիկին Սիրանույշ, գիտե՞ք, որ քիչ էր մնացել ես էլ դերասան դառնայի,- խոսքը Սիրանույշին ուղղեց Թումանյանը:
-Ի՞նչ կըսէ՜… Ատ շատ հետաքրքրական ըլլալու է: Պատմեցե՛ք, կաղաչեմ,- ասաց Սիրանույշը:
«Սրանից քսան-քսանհինգ տարի առաջ էր,- սկսեց Թումանյանը:- Չեմ հիշում, թե դուք էլ էն ժամանակ Թիֆլիսո՞ւմն էիք, թե չէ, տիկին Սիրանույշ: Պետրոս Ադամյանը իր հիանալի խաղով գժվացրել էր բոլորիս: Ամեն մարդ ուզում էր դերասան դառնալ: Տեղից վեր կացողը բեղ ու մորուս ածիլում էր և վազում Ադամյանի մոտ, թե՝ «մեզ էլ դերասան արա»: Խելքներս կորցրել էինք, մանավանդ մենք՝ Ներսիսյան դպրոցի աշակերտներս: Գնում էինք թատրոն, մտիկ տալիս Ադամյանի խաղին և ախ քաշում՝ «ինչ կըլներ, որ Ադամյանը մեզ էլ դերասան շիներ»:
Մի օր երկու-երեք ընկերներով սիրտ արինք և գնացինք Ադամյանի մոտ: Խնդրեցինք, աղաչեցինք, որ մեզ դերասան անի: Էլ չեմ իմանում թե ոնց եղավ, բայց Ադամյանը մեր խնդիրը կատարեց:
-Վաղը փորձի եկեք,- ասաց:
Էլ մեր քեֆին քեֆ կհասնե՞ր: Ոտքներս կտրվեցին գետնից: Տուն գնալիս չէինք քայլում, այլ թռչում:
Մյուս օրը մեր մի-մի բեղը ածիլեցինք ու գնացինք թատրոն:
Ադամյանը պատրաստում էր Կարինյանի «Վարդանանց պատերազմը»: Ինձ և երկու ընկերներիս մեկ-մեկ դեր տվեց: Ավարայրի կռվին մասնակցող անխոս զինվորներ պիտի լինեինք, կռվի մեջ պիտի սպանվեինք, վեր ընկնեինք և անշարժ պառկեինք, մինչև որ գործողությունը վերջանար:
Գնացինք եկանք, փորձերին մասնակցեցինք, դուրսն էլ հպարտ-հպարտ ման եկանք: Հանա՞ք էր, Ադամյանի հետ խաղացող դերասաններ էինք:
Հասավ ներկայացման օրը:
Բեղ ու մորուս կպցրին մեր երեսներին, սաղավարտներ դրին գլխներիս, մեկ-մեկ հատ փայտե նիզակ տվին ձեռքներս և բեմ հանեցին:
Մենք պարսիկներին զարկեցինք, պարսիկները մեզ զարկեցին, վերջապես սպանվեցինք և ընկանք գետնին:
Ես ընկել էի մի ժայռի վրա: Ժայռ որ ասում եմ, դե, գիտեք էլի, բեմի ժայռ՝ փայտից, տախտակից շինված մի բան: Աչքերս խփել, պառկել էի: Մեռած եմ, չէ՞: Մեկ էլ լսեցի Ադամյանի ձայնը: Ադամյանը բեմ մտավ ու Եղիշեի դերի մեջ սկսեց իր մենախոսությունը։ Ականջս սրեցի, աչքերս էլ կամաց-կամաց բացեցի: Ա՜խ, էն ո՛նց էր խոսում Ադամյանը: Բեմն ու սրահը շունչը պահած լսում էին նրան:
Ես մոռացա, թե մեռած եմ: Պառկածս տեղից կամաց-կամաց սողացի դեպի ժայռիս եզրը, որ ավելի լավ տեսնեմ և լսեմ Ադամյանին:
Ադամյանը քանի գնաց ավելի տաքացավ: Ես մի քիչ էլ առաջ սողացի:
Մին էլ չիմացա թե ի՞նչ պատահեց՝ երկի՞նքը փուլ եկավ, թե՞ ժաժք եղավ:
Դու մի ասիլ էնքան եմ մոտեցել ժայռիս եզրին, որ մին էլ էն իմացա, ինչ՝ ես՛ էլ, ժայռս էլ գլորվեցինք Ադամյանի ոտքերի տակ:
Ա՜յ քեզ խայտառակություն: Էլ ի՞նչ անեի: Նիզակս ու սաղավարտս թողի գետնին, ելա ու փախա բեմի ետևը:
Զրահս հանելը, բեղ ու մորուսս պոկելը և դուրս փախչելս մեկ եղավ:
Ետևիցս հասավ Ադամյանի ձայնը՝ «ատ ո՞ր թշվառականն էր, որ խաղս ավրեց, ո՞ւր կորավ ատ անպիտանը»:
Վարագույրը իջել էր, և Ադամյանը բեմի ետև էր անցել ու ինձ էր փնտրում: Բայց ու՜ր, ես շունչս մեր տան առջին առա:
Էն էր ու էն՝ էլ ոտք չդրի հայոց բեմը: Հայոց ազգը էսպես զրկվեց ինձ նման երևելի դերասանից»,-վերջացրեց Թումանյանը՝ ինքն էլ ծիծաղելով:
Տիկին Սիրանույշը ձեռքից գնաց ծիծաղից»: