copy image url
Արտաքին Խոսք 1 տարի առաջ - 19:45 18-04-2023

Ես կշարունակեմ ձգտել հայ-թուրքական սահմանի բացմանը, անգամ եթե պատգամավոր չլինեմ. Գարո Փայլան

Թուրքիայի մեջլիսի քրդամետ «Ժողովուրդների ժողովրդավարություն» կուսակցության հայազգի պատգամավոր, ով այս ընտրություններում չի առաջադրել իր թեկնածությունը, խոստանում է շարունակել իր ջանքերը, այդ թվում՝ նպաստելով հայ-թուրքական սահմանի բացմանը։ Այս մասին Փայլանն ասել է թուրքական Gerceknews լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադառնալով պատգամավորական նախորդ երկու ժամկետներում իր գործունեությանը, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու իր փորձին։

Փայլանը շեշտել է, որ իր նախորդ երկու ժամկետներում պատվով է ծառայել որպես քրդամետ կուսակցության պատգամավոր։ Նա ասել է, որ ներկուսակցական արգելքի համաձայն երկու անգամ պատգամավոր ընտրվելուց հետո երրորդ անգամ չի կարող մասնակցել ընտրություններին։ Վերջինս նշել էր, որ այս կանոնը լիազորված հանձնաժողովների կողմից որոշ գործիչների պարագայում կարող էր մեղմվել, ինչը հանրության շրջանում իր առաջադրման վերաբերյալ դրական ակնկալիքներ էր առաջացրել, սակայն այդ ակնկալիքը չի արդարացել։

Պատգամավորն ափսոսանք է հայտնել, որ իր կուսակցության ցուցակով որևէ հայ գործիչ չի առաջադրվել որպես պատգամավորության թեկնածու՝ նշելով, որ դա էական թերություն է։ Նա միևնույն ժամանակ կոչ է արել կենտրոնանալ «Ժողովուրդների ժողովրդավարություն» կուսակցության հաջողության վրա, այլ ոչ թե քննադատել, թե ընտրություններում ով է առաջադրվել և ով չի առաջադրվել։

Գարո Փայլանը շեշտել է, որ հայերը տասնամյակների լռությունից հետո վերջին 20 տարում ավելի տեսանելի են դարձել Թուրքիայի քաղաքական դաշտում։ «Այս տեսանելիության առարկան ես էի նաև վերջին շրջանում։ Իմ պաշտոնավարման ավարտը և հայ թեկնածուի բացակայությունը լուրջ բաց կստեղծի։ Մենք ԺԺԿ-ն հիմնել ենք ռոմանտիկ զգացմունքներով ու մտքերով։ Մի միջավայրում, որտեղ անտեսվում էին տարբերությունները, ԺԺԿ-ն նման էր Նոյյան տապանի։ Այդ ոգին մեզ 6%-ից հասցրեց 13%-ի։ Իմ կուսակցությունում հայ թեկնածուի բացակայությունը և նրա բազմակարծության թուլացումը, անկասկած, թերություններ են»,- ասել է նա՝ խոստանալով այդ ուղղությամբ ջանքեր գործադրել։

Պատասխանելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին հարցին՝ Փայլանը նշել է, որ չնայած վերջին տարիների քրտնաջան աշխատանքին, իրենց դեռևս չի հաջողվել հասնել հայ-թուրքական սահմանի բացմանը։ «Չնայած Փաշինյանի կառավարության կառուցողական դիրքորոշմանը և վստահության ամրապնդման որոշ քայլերին, հայ-թուրքական սահմանը, որը երեսուն տարի փակ է և եղել է այս հարաբերությունների աղետը, մենք դեռևս չենք կարողացել բացել այն։ Կա կամք, որ հունիսի սկզբին սահմանը բացվի երրորդ երկրների քաղաքացիների համար, ես ոգևորված սպասում եմ այս քայլի իրականացմանը»,- ասել է նա։

Փայլանը նշել է, որ առաջարկել է հայ-թուրքական սահմանային անցակետն անվանել Հրանտ Դինքի անունով՝ հույս հայտնելով, որ այս ակնկալիքը կիրականանա։ «Թուքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո Հայաստանից եկան փրկարարական ջոկատներ և օգնության մեքենաներ։ Սահմանը բացվեց երեսուն տարի անց՝ բարեգործության առիթով։ Ես ակտիվ դերակատարություն եմ ունեցել այս գործում։ Մենք մեծ մասամբ կոտրել ենք նախապաշարմունքները, հիմա սահմանը բացելու ժամանակն է, և ես կշարունակեմ ձգտել դրան, եթե անգամ պատգամավոր չլինեմ»։

Վերջինս նաև հավելել է, որ 8 տարի շարունակ Թուրքիայի մեջլիսում պատվով է կրել հայի ինքնությունը։ Նա նշել է, որ ընտրվել է որպես հայ պատգամավոր, սակայն իր գործունեության ընթացքում զբաղվել է տարբեր խնդիրներով։ «Երբ հետ եմ նայում, տեսնում եմ, որ բավականին շատ եմ տնտեսական խնդիրներով զբաղվել։ Բավականին ոգեւորիչ է, որ հասարակության լայն զանգվածներ գնահատում են իմ աշխատանքը։ Շատերը տխրեցին, երբ իմացան, որ այլեւս չեմ առաջադրվելու պատհգամավորի թեկնածու»,- ասել Փայլանը։ Նա հավելել է, որ խորհրդարանում մշտապես ճնշումների տակ է եղել, երբեմն նաև ֆիզիկական բռնությունների է ենթարկվել էկրանների առաջ։

Ձեզ գուցե հետաքրքրի