copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:31 18-04-2023

Գլխավոր դատախազի նորանշանակ տեղակալի կենսագրությունն ու ունեցվածքը

Նախօրեին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով Եղիազար Ավագյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:

Oragir.News-ը ներկայացնում է գլխավոր դատախազի նորանշանակ տեղակալի կենսագրությունն ու ներկայացրած հայտարարագիրը։

Ով է Եղիազար Ավագյանը

ՀՀ գլխավոր դատախազի նորանշանակ տեղակալը Արդարադատության առաջին դասի խորհրդական է։
Ծնվել է 1977 թվականի հուլիսի 15-ին, Արագածոտնի մարզ, Ծաղկահովիտ:

Մասնագիտական գործունեություն

2023 թվականի ապրիլի 17-ին նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ,
2016 - 2023թթ. - ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության պետ,
2015 - 2016թթ. - ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ,
2012 - 2015թթ. - ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի ավագ դատախազ,

2009 - 2012թթ. - ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի դատախազ, 2007 - 2009թթ. - ՀՀ գլխավոր դատախազության օտարերկրյա դատական ատյաններում պետական շահերի պաշտպանության բաժնի դատախազ,
2006 - 2007թթ. - Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազի օգնական, 2005 - 2006թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության առաջատար մասնագետ,
2003 - 2005թթ. - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության տնտեսական օրենսդրության բաժնի առաջին կարգի մասնագետ,

Կրթություն

2008 թվականի հունիս-դեկտեմբեր - ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց,
1994-1999թթ. - Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ:


Այլ տվյալներ

Արդարադատության առաջին դասի խորհրդական է,
1999 - 2001 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում,

Հեղինակ է 3 գիտական հոդվածի,
2020թ. հոկտեմբերի 25-ին զորահավաքային զորակոչի միջոցով ներգրավվել է ՀՀ զինված ուժերում և մեկնել պաշտպանության բանակի գոտի:

Պարգևներ

2012 թվականին պարգևատրվել է ՀՀ ոստիկանության պետի «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով,
2014 թվականին պարգևատրվել է ՀՀ ԱԻ նախարարի «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալով, 2019 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով,
2019 թվականին պարգևատրվել է . «ԱՊՀ երկրների դատախազների միության» «Օրինականության և իրավակարգի ամրապնդման համար» մեդալով,
ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով պարգևատրվել է մի շարք այլ խրախուսանքի տեսակներով, կոչումներով և կրծքանշաններով:

Ունեցվածքը

2021 թ․-ի տարեկան հայտարարագիրն Ավագյանը ներկայացրել է 2022 թ-ի մայիսի 20-ին։

Ավագյանը հայտարարագրել է 2010 թ-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում նվիրատվություն ստացած բնակարանը, ինչպես նաև Երևանի Արաբկիր համայնքում ժառանգություն ստացած անհատական բնակելի տունն՝ իր հողամասով, ավտոտնակով, հողին ամրակալված այլ անշարժ գույքով։

Նա նաև հայտարարագրել է 2005 թ- արտադրության 2010 թ-ին նվիրատվություն ստացած TOYOTA մակնիշի ավտոմեքենա։ Տարեվերջին նրա բանկային ավանդները կազմել են 4 մլն դրամ։

Հայտարարագրած 9 բանկային հաշիվներից մեկին տարեվերջին եղել է 25 հազար դրամ, երկրորդին՝ 430 հազար դրամ, երրորդին՝ 31 հազար դրամ, 72 հազար դրամ, հինգերորդին՝ 85 հազար դրամ, մյուս 4 բանկային հաշիվների գումար չի եղել։ Տարեվերջին կանխիկ գումարը կազմել է 2,5 մլն դրամ։

Տարվա ընթացքում ստացած եկամուտը կազմել է 11 մլն 43 հազար դրամ, որից 10 մլն 376 հազար դրամը՝ Գլխավոր դատախազությունից ստացված աշխատավարձն է, 20 հազար դրամը՝ Արդարադատության ակադեմիայից ստացված վարձատրությունը, 363 հազար դրամը՝ տրված փոխառությունների ստացված տոկոսը, 180 հազար դրամը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿից վարձակալության համար ստացված գումարը, իսկ 102 հազար դրամը՝ կնոջ՝ «Արմենուհի Ավագյան» ԱՁ-ից ստացված եկամուտը։ Տարեվերջին երկու սպառողական վարկերից մեկի մայր գումարը կազմել է 166 հազար դրամ, իսկ երկրորդինը՝ 349 հազար դրամ։