Երևան +19°
copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 21:13 17-04-2023

Ձեռագրերը չեն այրվում․ Եղիշե Չարենց և Ռեգինա Ղազարյան

Բանտային հերթական այցելությունից հետո Իզաբելլա Կոդաբաշյանը իր հետ տուն էր տարել ամուսնու սպիտակեղենը՝ լվանալու։ Երբ սպիտակ շապիկը ընկղմում է ջրով լի տաշտի մեջ, անմիջապես հայտնվում է քիմիական թանաքով արված գրությունը․ Եղիշե Չարենցն իր կնոջից պահանջում էր անմիջապես տուն կանչել նկարչուհի Ռեգինա Ղազարյանին և նրան հանձնել իր բոլոր ձեռագրերը, քանի որ ամեն պահի դրանք կարող էին առգրավվել, ոչնչացվել, իսկ Չարենցի պատիժը՝ խստացվել։

Այսօր հայ նկարչուհի, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, Երևանի պատվավոր քաղաքացի, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից Ռեգինա Ղազարյանի ծննդյան օրն է, որը, սակայն, իր կյանքի ամենամեծ առաքելությունն էր համարում Չարենցի ձեռագրերը փրկելը։



«Իմ կյանքը շատ ու շատ բանով թերի կլիներ, եթե չհանդիպեի Չարենցին, չլինեի նրան մտերիմ, և որ ամենահիմնականն է, ոչնչացումից չփրկեի բանաստեղծի 1935-37 թթ. գրած և իր կողմից նամակ-հանձնարարականով ինձ վստահված անտիպների զգալի մասը: Չարենցի ձեռագրերի պահպանումն իմ ամենանվիրական ծառայությունն եմ համարում հայ ժողովրդին»,- մի առիթով ասել է նա։

Ղազարյանը Չարենցի հետ ծանոթացել է, երբ ընդամենը 15 տարեկան էր՝ 1930 թ․։ Այն ժամանակ նա տարված էր հեծանվային սպորտով, գրում էր բանաստեղծություններ, դրանք ցույց էր տալիս հայտնի գրողներին՝ այդպիսով փորձելով ծանոթանալ նրանց հետ։ Չարենցի հետ ծանոթացել էր «Ինտուրիստ» հյուրանոցում Գուրգեն Մահարու շնորհիվ։

Աղջնակն անմիջապես գրավում է բռնկուն պոետի ուշադրությունը․ չէ՞ որ Ռեգինան տարբերվում էր բոլորից իր ատլետիկ կազմվածքով, համարձակ, տղայական կեցվածքով։

Իր հուշերում գրում է․ «Երբեք չեմ մոռանա իմ կյանքի այդ նշանավոր օրը, երբ նա հյուրանոցի ճաշարանի մատուցողին սուրճ և մրգեր պատվիրելուց հետո արևելյան ճաշակով տնային մի երկար ու լայն վերնազգեստ գցեց վրան (նախապես հանելով վերնաշապիկը), ծալապատիկ նստեց իր սիրած փափուկ թախտին ու թազբեհը խաղացնելով ձեռքերում` սկսեց մեծ ոգևորությամբ զրուցել:

Աստված իմ, այդպիսի ձեռքեր…

Ձեռքերի ափերը նուրբ վարդագույն էին ու ձեռքի երեսից եզրագծված կարծես քանոնով:

Մատները երկար էին ու ծայրերին ունեին թեթև բարձիկներ: Ձեռքերը նուրբ էին, բայց առնական, մի հազվադեպ գեղեցկություն. յուրաքանչյուր հռչակավոր դաշնակահար, կարծում եմ, կերազեր ունենալ Չարենցի ձեռքերը:



Հուշագրական ժամանակագրության որոշակի խախտումով ասեմ, որ Չարենցը հետագայում ինձ երբեմն հարցրել է, թե արդյոք տգեղ է ինքը: Կար միայն մեկ պատասխան, որ ինքը գեղեցիկ է, և դա ասում էի խորը համոզումով: Եվ, իրոք, չնայած փոքր հասակին՝ Չարենցը ուներ շատ համաչափ կազմվածք և իր ներքինն ամփոփող արտահայտիչ ու ազնվաշուք կեցվածք: Հապա աչքե՜րը… Խոսելիս լիներ, թե պարզապես նայելիս, նա կարողանում էր դիմացինին գերել, ենթարկել իրեն:

Դժբախտաբար, ես ամենևին չեմ հիշում, թե ինչի մասին էր այդ առաջին օրվա զրույցը, այն աստիճան թովված էի նրանով, այդ նյութական, շոշափելի մոտիկությունից և թարմ, առաջին անգամ ինձ ներկայացող տպավորություններից: Որոշակի հիշում եմ միայն, որ ժխորի հասնող աշխուժություն էր սենյակում, իսկ ամենից աղմկոտը ինքը՝ տան տերը:



Այդ օրվանից Չարենցը դարձավ իմ կուռքը, իմ անկաշառ պաշտամունքը, և մոռանալով ամեն ինչ ու ամենքին՝ օր չէր անցնում, որ չայցելեի, նրա ուղեկիցը չլինեի տարբեր հրավերքների և զբոսաշրջումների ժամանակ»:

Ռեգինա Ղազարյանը հիշում է, որ երբ առաջին անգամ ցույց է տվել Չարենցին իր գրած բանաստեղծությունը, Չարենցը հոնքերը կիտել է, խստապահանջ դեմքի արտահայտությամբ ընթերցել, ապա ասել․ «Թեպետ անտաղանդ է, բայց շատ անմիջական է ու ջերմ»:

Իսկ երբ իր նկարներն է ցույց տվել, ոգևորված բացականչել է․ «Դու նկարի՜չ ես, Ռոլան, նկարի՜չ»։ Եվ Ղազարյանը տարիներ անց փորձել է իր մեծ սերն ու նվիրումն արտահայտել Չարենցի հանդեպ նաև իր կտավներում։ Նրա ստեծագործության մեջ իսկապես մեծ տեղ է զբաղեցնում չարենցյան թեմատիկան՝ նույնքան բարդ ու խճճված, որքան Չարենցի էությունն էր։



Ռեգինան մի շատ կարևոր առաքելություն էլ է իրականացրել Չարենցի համար։ Աղասի Խանջյանի՝ Թիֆլիս գնալու օրը Չարենցը նրան մի երկտող է տվել և հանձնարարել շտապով հասցնել կայարան և գաղտնի հանձնել Խանջյանին։ Միգուցե դա զգուշացում էր, Թիֆլիս գնալուց հետ պահելու խնդրանք։ Փաստ է, որ Խանջյանի սպանությունը ծանրագույն հարված էր Չարենցի համար։

«Հիմա ինձ ներել չեմ կարողանում, որ Չարենցի ձեռքով ծալված անծրար թուղթը չմտածեցի անգամ բաց անել, հանգամանք, որն այսօր թերևս հնարավորություն կտար պարզելու որևէ հանգույց այդ գերլարված օրերի եղելություններից. արդյո՞ք այդ գրությունը կապ ուներ այն փաստաթղթի հետ, որը Չարենցն ինձ ցույց էր տվել մի երկու օր առաջ` Խանջյանի ստորագրությամբ, որով նրան պետք է Փարիզ ուղարկեին բուժվելու…»,- իր հուշերում գրում է Ռեգինան։



Իր մեծագույն առաքելության մասին Ռեգինան գրում է․ «Մենք աննկարագրելի արագությամբ հազիվ միայն շապիկից թղթի վրա արտագրեցինք սրտակեղեք այդ տողերը և, անգիր անելով գրածը, ոչնչացրինք անգամ այդ թուղթը… որից հետո Իզաբելլան շտապ դատարկեց միջին չափի մի ճամպրուկ և, բացելով Չարենցի գրասեղանի դռները, կարծես տենդի մեջ, հապճեպորեն ու խառնիխուռն խցկելով տարբեր դարակներից աջ ու ձախ ձեռքն ընկած ձեռագրերը` մոտ քսան թղթապանակ տեղավորեց այնտեղ: Վերջին երեք հաստափոր թղթապանակները չտեղավորվեցին ճամպրուկում:

Ի՞նչ անել. խառնաշփոթ որոնումների մեջ, աշխատասենյակում չտեսնելով ոչինչ պատշաճ, մենք անցանք խոհանոց. այնտեղ իմ ուշադրությունը գրավեց անկյունում դրված հասարակ ֆաներայից պատրաստված գորշագույն նեղ պահարանը, որտեղ Իզաբելլան ամանեղեն էր շարում: Մխիթարականն այն էր, որ պահարանը կրկնահատակ էր. հենց այդ կրկնակի հատակի արանքում էլ տեղավորեցինք մյուս երեք թղթապանակները, պահարանը թողնելով կանգուն` նույն տեղում: Ես մտածում էի, որ հետագայում, հարմար առիթով, այն հեշտ դուրս կբերվի Չարենցի բնակարանից որպես ծայրահեղ անպաճույճ իր: Դրանից հետո, գերհուզված վերադառնալով աշխատասենյակ, Իզաբելլան ձեռքս տվեց լեցուն ճամպրուկը և հեկեկալով ուղեկցեց ինձ:

Ինձ վրա դրված էր աներևակայելի պատասխանատվություն. անհրաժեշտ էր ամեն գնով փրկել ձեռագրերը: Սրտի դողով, բայց հաստատակամ ես այն հասցրի տուն և հենց նույն գիշերը իմ հարազատներից մեկի տան ներքնահարկում (նախկին Ադամյան փողոց 7.այժմ Կ. Մարքսի նրբանցք) փոս փորեցի և չունենալով ձեռքի տակ ավելի հուսալի հարմարանք` հապճեպորեն զմռսեցի միջին չափի մի տակառ, թղթապանակները փաթաթեցի մոմլաթի տարբեր կտորների մեջ և դասավորելով տակառում` հանձնեցի հողին»:



Հողի տակ երկար ժամանակ թաղված լինելով՝ ձեռագրերի 25% անվերադարձ կորսվել է, և մինչ օրս թանգարանում պահվում են պարկեր, որոնք լցված են այն փոշով, որին վերածվել են ձեռագրերը: Բայց այդ մասունքները սրբազան նշխար են, որոնք տարիներ անց՝ բռնապետի մահից հետո միայն Ռեգինա Ղազարյանը հանեց թաքստոցից և հանձնեց Եղիշե Չարենցի անվան գրականության թանգարանին։

«Ձեռագրերը չեն այրվում»,- ասում է Բուլգակովի հերոսը։

Ձեռագրերը նաև չեն փտում, չեն փոշիանում, ձեռագրերը կենարար խոսք են դառնում, անցնում ժամանակների միջով, թրծվում, թակում ամենքիս սիրտն ու հոգին․․․

Օվսաննա Իսրայելյան

Ամենից շատ դիտված