Գյումրեցի ծանրամարտիկ Գրետա Վարդանյանին այցելեցինք մարզումների ժամանակ։
Գրետա Վարդանյանի համար հիմա առավել պատասխանատու փուլ է, պատրաստվում է օգոստոսին կայանալիք պարափաուերլիֆթինգի աշխարհի առաջնությանը։
Գյումրեցի 37-ամյա ծանրամարտիկ Գրետա Վարդանյանը պարափաուերլիֆթինգի աշխարհի գավաթի առաջնության չեմպիոն է դարձել անցած տարվա դեկտեմբերին։ Հաշմանդամային սպորտում վաստակած բոլոր մեդալներից այս մեկն Աշխարհի գավաթակիր ծանրորդուհու համար նոր նշաձող է դառնալու։
Գրետա Վարդանյանը մի քանի մարզաձևերով է զբաղվել՝ բազկամարտով, լեռնադահուկային սպորտով, սայլակավազքով։ 2007 թ․-ից հետաքրքրվել է ծանրամարտով և որոշել է ընտրել այս մարզաձևն ու կենտրոնանալ դրա վրա։ Գրետա Վարդանյանը 2 տարեկանում՝ 88-ի երկրաշարժի ժամանակ կորցրել է երկու ոտքերը, ֆիզիկական դժվարությունները սովորել է հաղթահարել հենց այդ տարիքից։
Ասում է՝ հանձնվելն իր համար չէ։ Ֆիզիկական ու հոգեբանական դժվարությունները հաղթահարում է կամային ուժեղ բնավորության շնորհիվ։ 2 երեխաների մոր՝ Գրետայի համար երբեք հաշմանդամություն ունենալը խոչընդոտ չի եղել։

«Ես զգացի, որ ծանրամարտում կարող եմ հաջողություններ ունենալ, քան մյուս սպորտաձևերում և այդ ամենը փաստացի հետագայում երևաց։ Ես որոշեցի, որ պետք է հաշմանդամային ծանրամարտ փորձեմ, երեք ամիս ընդամենը մարզվելով մասնակցեցի Հունաստանի Կավալա քաղաքում անցկացվող Եվրոպայի բաց առաջնությանը, մեդալ նվաճեցի, ոգևորվեցի և որոշեցի, որ հենց այս սպորտաձևով եմ շարունակելու։
Ծանրամարտը գյումրեցիների պատվավոր սպորտաձևն է, որովհետև բոլոր գյումրեցի մարզիկները մեդալներով են հետ գալիս։ Գյումրին մեծ ներդրում ունի այս սպորտաձևի մեջ։ Ինձ համար ծանրամարտը ծանր սպորտաձև է, բայց կարողանում եմ հասցնել, ժամանակի մեջ տեղավորվել, մարզումների գալ, տանը երեխաներով զբաղվել»,-
Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Գրետան։

Գրետան միջազգային կարգի սպորտի վարպետ է, ծանրամարտի պարալիմպիկ խաղերի է մասնակցել աշխարհի 16 երկրներում, մեդալներ նվաճել, նաև մարզիչ է: Աշխատում է Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում՝ որպես փորձագետ:
Մարզուհի, մարզիչ, մայր ու ԱԻՆ-ի աշխատակից: Գրետան ասում է՝ հանձնվելն ամենահեշտն բանն է, որ մարդիկ կարող են անել, դրանով ամեն ինչ սահմանափակվում է, իսկ առաջ գնալու համար պայքարել է պետք:
«Իմ մարզիչը հիմա Հայաստանում չի գտնվում, մոտավորապես 5-6 ամիս է ամուսինս է օգնում մարզումների ժամանակ։ Ամուսնուս շնորհիվ էլ է, որ ես կարողացա ոսկե մեդալներ նվաճել։ Բոլորի ներդրումն այս գործի մեջ կա, բայց ամենաշատը ամուսնունս է, որովհետև նա ամեն վայրկյան, ամեն պահ իմ կողքին է եղել, աջակցել, որպեսզի կարողանամ մարզումներս ժամանակին անցկացնել։ Երբ ամուսինս դիրքեր չի բարձրանում, միշտ օգնում է ինձ, իսկ երբ դիրքերում է լինում, արդեն դահլիճի տղաներն են ինձ օգնում»,- ասում է Գրետան։
Մարզումների ընթացքում Գրետայի կողքին են ամուսինն ու մեկ ու կես տարեկան դուստրը՝ Անգելինան: Արշալույս Սարգսյանը պայմանագրային զինծառայող է, երբ դիրքային ծառայությունից վերադառնում է տուն, մարզումների ժամանակ օգնում է կնոջը։ «Երբ դիրքերում չեմ, միշտ կողքին եմ լինում մարզումների ժամանակ, բայց հաճախ եմ դիրքերում լինում, և երբ հեռախոսով խոսում ենք, ասում եմ, որ միշտ մարտական վիճակում լինի։ Երեխաս փոքրուց մարզասրահում է, երևի փոքրիկն աշխարհի չեմպիոն մեծանա»,- ասում է Գրետա Վարդանյանի ամուսինը։

Գյումրեցի մարզիկը ոսկե մեդալ է նվաճել նաև բարձրացրած քաշերի գումարային հաշվարկում: Գրետան հիմնել է «Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց ծանրամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը, իր փորձով օգնում է հաշմանդամություն ունեցող մարզիկներին: Մարզչական աշխատանքում ևս հաջողություն է գրանցել, սաներից մեկն էլ անցած տարի դարձել է Եվրոպայի բրոնզե մեդալակիր:

Գրետա Վարդանյանը 4 Պարալիմպիկ խաղերի` 1 ձմեռային (Թուրին) ու 3 ամառային (Պեկին, Լոնդոն, Ռիո) մասնակից է։