Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 1 տարի առաջ - 21:01 16-04-2023

«Մահվան բժիշկը»․ Հիպոկրատի երդման դրժո՞ւմ, թե՞ պայքար մահվան իրավունքի համար

Պատմության մեջ առաջին անգամ 1990 թ․ հենց այս օրը՝ ապրիլի 16-ին է իրականացվել առաջին էֆթանազիան։ Այն իրականացրել է ազգությամբ հայ բժիշկ Ջեք Գևորգյանը։ Իր ստեղծած սարքի օգնությամբ նրան հաջողվել է խլել 130 մարդու կյանք։ Իր գործունեության համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման, սակայն ութ տարի անց ազատ է արձակվել։

Դեռևս Միչիգանի համալսարանի բժշկական դպրոցում սովորելու տարիներին Ջեք Գևորգյանին «Մահվան բժիշկ» մականունն էին տալիս, քանի որ նրան ավելի հաճախ էին հանդիպում դիահերձման սենյակում, քան լսարանում: Մասնավորապես, նա զննել է դիակների՝ փորձելով գտնել մի մեթոդ, որը կօգնի որոշել մահվան հստակ ժամանակը։

Ավարտելուց հետո Գևորգյանը միացել է ԱՄՆ-ի բանակին, մասնակցել Կորեական պատերազմին որպես բժիշկ և վերադառնալուց հետո սկսել է աշխատել Դեթրոյթի հիվանդանոցում որպես պաթոլոգ:



Սակայն նա ոչ միայն դիահերձումներ ու փորձագիտական ​​եզրակացություններ է գրել, այլեւ փորձեր է կատարել։ Օրինակ՝ նա դիակների արյունը փոխներարկում էր կամավորների, մինչև նրանցից մեկը վարակվեց հեպատիտով։

1990-ին Գևորգյանը կատարեց առաջին միջամտությունը, որով դադարեցրեց իր հիվանդի կյանքը։ Նա 54-ամյա Ջանեթ Ադկինսն էր։ Ասում են, որ Ջանեթի առաջին հանդիպումը բժշկի հետ տևել է ընդամենը մեկ ժամ։ Նա հետազոտություններ չի արել, չի խնդրել նրա հիվանդության պատմությունը։ Հիվանդին լսելուց հետո նշանակեց իրենց հաջորդ հանդիպման օրը, որը վերջինն էր:

Հենց Ջանեթի վրա բժիշկը փորձարկեց իր ստեղծած «մահվան մեքենան»։ Նա այն անվանել է «ողորմության մեքենա»։ Հիվանդները այն գործի էին դնում ինքնուրույն:

Գևորգյանն այդ պրոցեդուրան կատարել է Օրեգոն նահանգում, և չորս տարի անց այդ նահանգում օրինականացվել է էֆթանազիան։ Գործընթացը տեղի է ունեցել բժշկի անձնական, հատուկ սարքավորված միկրոավտոբուսում։ Հետագա պրոցեդուրաները նա կատարում էր այդտեղ կամ իր տանը և երբեմն այցելում էր մոթելներում գտնվող հիվանդներին:



Ենթադրվում է, որ «Մահվան բժշկի» գործունեության ողջ ընթացքում նա նպաստել է 130 մարդու կյանքից զրկելուն։

1998-ին Գևորգյանի հիվանդը 52-ամյա Թոմաս Յուկն էր, ով տառապում էր կողային ամիոտրոֆիկ սկլերոզով։ Սովորաբար «Մահվան բժիշկն» իր հիվանդներին հնարավորություն էր տալիս ինքնուրույն խառնել պրոցեդուրաների համար նախատեսված դեղերը։ Սակայն այս անգամ նա որոշել է ամեն ինչ անել միայնակ։ Ավելին, նա տեսագրել է ընթացքը և ձայներիզն ուղարկել CBS հեռուստաալիքին՝ թերևս հույս ունենալով այս կերպ ապացուցել իր ճշմարտացիությունը։ Ընթացքը դիտել է 16 միլիոն մարդ էր։ Հենց այս տեսանյութն էլ օգտագործվել է բժշկի դեմ սկսված դատավարության ժամանակ:

Դատավարության ժամանակ Գևորգյանն իր արարքը բացատրել է նրանով, որ ինքը պարզապես ցանկանում էր պաշտպանել իր հիվանդին ցավից: Սակայն դատարանը փաստարկը համոզիչ չի համարել։ Բժիշկը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման, թեև նա ընդամենը ութ տարի է կրել պատիժը՝ ազատվելով լավ վարքի համար։

2007 թվականին բանտից ազատվելուց հետո Գևորգյանը հայտարարել է էֆթանազիայի համընդհանուր օրինականացմանը հասնելու համար քաղաքական կարիերա սկսելու իր մտադրության մասին։ Սակայն 2008 թվականին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում Գևորգյանը ստացել է ընտրողների աջակցության միայն 2,7%-ը։



Բացի Օրեգոնից, էֆթանազիան օրինական է ճանաչվել Վաշինգտոն նահանգում (2008թ.), Մոնտանայում (2008թ.-ից՝ դատարանի որոշմամբ) և Վերմոնտում (2013թ.): Կալիֆոռնիան վերջին նահանգն էր, որն օրինականացրեց էֆթանազիան ԱՄՆ-ում։

Առաջին երկիրը, որն օրինականացրել է էֆթանազիան, եղել է Նիդեռլանդները, որտեղ այդ ընթացակարգը թույլատրվում է 1984 թվականից։ Դրան հաջորդում է Բելգիան, որն ընդունել է համապատասխան օրենքը 2002 թվականին, իսկ 12 տարի անց իշխանությունները թույլ են տվել դրա կիրառումը երեխաների նկատմամբ։ Բայց թերևս էֆթանազիան կիրառող ամենաակտիվ երկիրը Շվեյցարիան է:

Շատ երկրներում էֆթանազիան օրենքով արգելված է։ Այդ երկրներից են Ղազախստանը, Ռուսաստանը, նաև Հայաստանը։

Գևորգյանը պատմության մեջ հետք է թողել ոչ միայն բժշկական պրակտիկայով և իր ստեղծագործություններով (ազատ ժամանակ նկարել է, նվագել տարբեր երաժշտական ​​գործիքներ և հորինել մեղեդիներ)։ 2010 թվականին Բարրի Լևինսոնը նկարահանեց «Դու չես ճանաչում Ջեքին» ֆիլմը, որը հիմնված է իրական պատմության վրա և լույս է սփռում բժշկի կենսագրության վրա։ Բժշկի ազգանունը հիշատակվում է նաև Վուդի Ալենի «Հոլիվուդյան ավարտ» ֆիլմում։ Ռեփեր Էմինեմը հիշատակում է Գևորգյանին «It's only fair to warn» երգում։