Երևան +10°
copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 19:36 15-04-2023

Մենք իմիջային կորուստ կրեցինք. ռազմական փորձագետ

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների բյուրոն Երևանից պահանջում է պատասխանատվության ենթարկել Հայաստանում ադրբեջանցի զինվորականի նկատմամբ դաժան վերաբերմունքի մեղավորներին։

Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ արդարության համար պետք է ասել, որ եվրոպական, արևմտյան կառույցները հետևողականորեն դատապարտել են հայ ռազմագերիների նկատմամբ իրականացված բոլոր հայտնի դարձած դեպքերը․

«Առնվազն գոնե այս տիպի հայտարարության կարգի հայտարարություններ եղել են, սխալ կլինի ասել, թե եվրոպական դիտորդները կամ արևմուտքը չի դատապարտել մեր գերիների նկատմամբ իրականացված ապօրինի քայլերն ադրբեջանական կողմի վերաբերյալ»,- ասաց Հակոբյանը։

Խոսելով տարածված տեսանյութից՝ Հակոբյանն ասաց, որ երևույթը մի քանի աստիճաններ ունի. «Ակնհայտ է, որ մենք իմիջային կորուստ կրեցինք, բայց մենք տեսնում ենք, որ քաղաքացիներն են, իմ համար անընդունելի, քայլն արել այն դեպում, երբ Ադրբեջանի պարագայում իրենց պետական մարմինները, զինվորականները, ուժայիններն են հայ գերիների նկատմամբ վատ վարվում։

Եթե այնտեղ հակահայկականությունը պետական կառույցի գործողության մակարդակով է արտահայտվում, ապա այստեղ կար մի քաղաքացի, որը կարող էր լինել հոգեկան հուզմունքի վիճակում, կարող էր ի վերջո իր անձնական վրեժը լուծել, էմոցիաներին հագուրդ տալ։ Սա այս առումով ընկալվում է որպես ոչ ՀՀ վարքագիծ, այս առումով ակնհայտ տարբերություն կա Ադրբեջանի վարկագծի հետ»,- ասաց Հակոբյանը։

Հակոբյանը հավելեց, որ եթե մենք ուզում ենք ժողովրդավարական, իրավական երկիր ունենալ, ապա չպետք է մեզ նման վարքագիծ թույլ տայինք։ «Եթե մենք գերիների հետ վարվենք այնպես, ինչպես ադրբեջանցիները մեր գերիների հետ են վարվում, դա առաջին հայացքից պարզագույն վրեժխնդրություն կլինի, բայց այդ վրեժը չի հասնի այն անձանց, ովքեր իրոք մեղավոր են, այսինքն՝ այս պահին խոշտանգում ես մեկին, որը հնարավոր է՝ այն կողմից չի խոշտանգել քեզ, երկրորդն այն է, որ դու ոչնչով, քո վարկագծով չես տարբերվի այն մարդուց, որը նման վարքագիծ է թույլ տալիս, այսինքն՝ դու ասում ես, որ դա վատ բան է, բայց այդ նույն վատ բանը դու ես անում»,- ասաց Հակոբյանը։

Հակոբյանը նշեց, որ ադրբեջանցիները շատ վատ են վարվում մեր գերիների հետ, ստորացնում են, ծեծում են, գնդակահարում են, իսկ վերջերս տարածում գտած տեսանյությում մենք տեսնում ենք, որ քաղաքացիական անձը մի հարված է հասցնում ադրբեջանցի գերուն։

«Այստեղ այլ էպիզոդ չկա, իր այդ կեղտոտ տեսքը նրանից էր, որ նա չորս օր գիշեր-ցերեկ քայլել էր և դա կապ չուներ իրեն բռնելու հետ։ Ոտքով բերանին խփեցին, ես դա դատապարտում եմ, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, քանի որ եթե մենք երազում ենք ուժեղ պետություն ունենալ, այդ ուժեղ պետությունում պետք է նաև գերիների և ազատազրկված անձանց նկատմամբ նորմալ վերաբերմունք»,- ասաց Հակոբյանը։

Հակոբյանն ընդգծեց, որ վերջին շրջանում մենք շատ ենք կորուստներ կրել և մարդիկ փորձում են գոնե այդ մանր դրվագներում իրենց բարոյական բավարարումը ստանալ։

«Պետությունը պետք է մտածի և լուրջ անվտանգային խնդիրները լուծի այնպես, որ հասարակության անդամները, լինելով ավելի ուժեղ, պաշտպանված, ավելի բարձր դիրքերի վրա, զերծ մնան գերուն խոշտանգելու տեսարանից ներքին բարոյական գայտակղություն ստանալու գայտակղությունից»,- ասաց Հակոբյանը։

Հակոբյանը հավելեց, որ տեղին կլինի հիշել նաև, որ այդ նույն գերին բռնվելուց ժամեր առաջ լայվ էր մտել և արյունալի հայտարարություններ արել։