copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 18:02 13-04-2023

Ուժային կառույցներում շուտով բանիմաց մասնագետներ չեն մնա

Վերջին ժամանակահատվածում ուժային կառույցում բարձր պաշտոնակատար անձանց ազատումները, սովորաբար, հետևում են իշխանության կողմից թույլ տրված թերացումերին ու բացթողումներին։ Ըստ էության, չի բացառվում, որ այդ անձանց հետագայում արդեն նաև սկսեն մեղադրել որևէ հարցում։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Պահեստազորային զինծառայողների նախաձեռնության համակարգող Էդգար Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից Արման Մարալչյանի ազատման փաստին։

«Սովորաբար, այսպիսի լուր տարածելիս պետք է նաև հանրության համար պարզաբանում արվի, որպեսզի իմանանք, թե ինչի պատճառով է դա եղել։ Գուցե իր սեփական նախաձեռնությամբ ու առողջական խնդիրներով է ազատվել, գուցե ավելի լուրջ ինչ-որ խնդիր է եղել։ Տվյալ պարագայում մի փոքր դժվար է մեկնաբանել, քանի որ մեր երկրի ներկա իշխանությունների գործողություններն անկանխատեսելի են»,- ասաց նա։

Այս առումով, Հովհաննիսյանը հիշեց, թե ինչպես տարիներ առաջ՝ այս իշխանությունների գալուց հետո, ՀՀ-ում ու Արցախի Հանրապետությունում փոփոխությունների ենթարկվեցին ուժային կառույցների հրամանատարական կազմը։

«Տվյալ պարագայում, օրինակ, աչքովս վերջերս ընկավ երեկ, ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթը, որտեղ ինքը, քրեական գործերից մեկի մասով, մեջբերում արեց, որ տվյալներ կան, որ հրամկազմի ներկայացուցիչներից մեկը նահանջելու ու դիրքերը թողնելու հրաման է արձակել, ինչ հետևանքով դիրքն անցել է թշնամուն։

Որքան հիշում եմ՝ պատասխանը մոտավորապես այդպես էր։ Ըստ այդ, հաշվի առնելով մեր իշխանությունների մանիպուլյատիվ հայտարարությունները, ինձ մոտ տպավորություն է ձևավորվել, որ այդ մեկ դրվագի ներկայացումը կտրված է ընդհանուր կոնտեքստից։ Այդ կտրվածքով դժվար է պատկերացում կազմել, թե իրականում ինչ է տեղի ունեցել»,- ասաց նա։

Մեր զրուցակցի խոսքով՝ հաշվի առնելով, որ ներկայիս իշխանության գալով, 2018 թվականից ամբողջ հրամկազմը փոփոխության է ենթարկվել, ապա Նիկոլ Փաշինյանի մատնանշած դրվագի տեղի ունեցած լինելու պարագայում, այդ դեպքի համար առաջնահերթ ամբողջ պատասխանատվությունը կրում է իշխող քաղաքական ուժը։

«Բացի այդ, եթե այդ մեջբերումն, իրենց սովորության համաձայն, հանված է ինչ-որ կոնտեքստից, ապա մեր զինծառայության կանոնագրքի պահանջների համաձայն, հրամանատարն անձամբ պատասխանատվություն է կրում անձնակազմի կյանքի ու առողջության համար։ Տվյալ պարագայում, մենք կարող ենք նաև կարծիք կազմել, որ, հաշվի առնելով տեղեկությունը, որ ԱԹՍ-ների հարվածների ֆոնին մեր զորքն անպաշտպան է եղել, ինչպես նաև կապի խնդիր է եղել՝ գուցե հրամանատարը տվյալ պարագայում, սթափ գնահատելով իրավիճակը, նահանջի հրաման է տվել՝ զորքի անվտանգությունն ապահովելու, վերաբաշխվելու և հետագայում հակահարձակման գնալու նպատակով։

Մենք նաև լսում էինք, որ 2016 թվականին մեր օդը բաց է եղել ու դրա հետևանքով անպաշտպան ենք եղել։ 2020 թվականին ևս, ընդ որում, մեր օդը բաց էր և մեր կորուստները հիմնականում տեղի են ունեցել հենց այդ օդի բաց լինելու հետևանքով։

Տվյալ պարագայում, լրատվադաշտում հայտնված տեղեկություններից կարելի է եզրահանգել, որ զորքի մեծ կորուստները տեղի են ունեցել անգամ ռազմաճակատ չհասած զորքում։ Ըստ այդմ էլ հասկանալի է դառնում, որ թիկունքում ունեցել ենք կորուստներ։ Ապա կարելի է եզրահանգել, որ բացի օդից նաև մեր թիկունքն է բաց եղել։ Այնպես որ տվյալ պարագայում դժվար է մեկնաբանել իրենց հայտարարություններն ու քայլերի հերթականությունը»,- ասաց նա։

Այս առումով, Պահեստազորային զինծառայողների նախաձեռնության նախաձեռնողը տեսակետ հայտնեց, որ երբ պաշտոնից ազատվում է պատրաստված ու իր գործից լավ հասկացող մասնագետ, ապա առաջնահերթ տուժում է այդ ոլորտը։

«Պարեկային ծառայությունը վառ օրինակ։ Մամուլի հրապարակումներից մենք ականատես ենք լինում, որ ոստիկանության շարքերում հայտնաբերվել են ոստիկաններ, որոնք զբաղվում են ոչ թե օրենքի պաշտպանությամբ, այլ թմրանյութերի վաճառքով և այլ իրավախախտումներով, օրինակ՝ գողությամբ։ Տվյալ պարագայում յուրաքանչյուր ոլորտում՝ դա լինի թե՛ ԶՈւ, թե՛ Ազգային անվտանգության սահմանապահ զորքեր, թե՛ ոստիկանությունը, ազատելով պատրաստված ու ճանապարհ անցած մասնագետների, նրանց փոխարեն նշանակելով պաշտոնին ոչ համապատասխան մասնագետի, տուժում և թուլանում է այդ համակարգը»,- ասաց նա։

Հովհաննիսյանն առկա այս խնդրի լուծումը տեսնում է երկիրը ղեկավարող ամենաբարձր մակարդակներում փոփոխությամբ։

«Սովորաբար ձուկը գլխից է փտում։ Ըստ այդմ, խնդրի լուծման պետք է հասնել ամենաբարձր իշխանական կառավարման համակարգի փոփոխությամբ»,- ասաց նա։

Ձեզ գուցե հետաքրքրի