Երևան +15°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:15 12-04-2023

Հայագիտության հանդեպ ատելությունը գալիս է իրենց տերերից՝ թուրքերից. Սրապիոնյան

ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակել, որով նախատեսվում է որոշակի մասնագիտությունների գծով, սկսած 2023-24 ուսումնական տարվանից, ուսանողների կրթաթոշակները բարձրացնել 5000-ից 70.000 դրամ այն պարագայում, եթե Կառավարությունը ընդունի այս որոշումը։ Բարձր կրթաթոշակ ստանալու հնարավորություն է ընձեռվում միայն ԲՏՃՄ ուղղությունների և ագրարային համապատասխան մասնագիտությունների ֆակուլտետներում սովորող ուսանողներին, ցանկում ներառված չէ որևէ հայագիտական մասնագիտություն:

Գրականագետ Սերժ Սրապիոնյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ բոլորովին զարմացած չէ նման նախագծում հայագիտական ֆակուլտետների բացակայությունից, քանի որ իշխանության համար դա խոցելի տեղ է հանդիսանում։

«Հայագիտականը գազափարական է, կերտում է ազգային դիմագծով ուսանողներ, իսկ իրենց խոցելի տեղը հայագիտությունն է, իրենց պետք չեն հայկականությամբ, հայագիտական գիտելիքներով զինված մասնագետներ»,- ասաց գրականագետը։

Սրապիոնյանը նշեց, որ նրանք նման որոշումների կայացման համար տարբեր պատճառաբանություններ են մատնանշում։

«Հիմա դա պատճառաբանում են նրանով, որ բնագիտական ֆակուլտետներում պակաս կա, ոգևորում են, որ գան՝ բնագիտություն սովորելու։ Սա արտաքուստ շատ անմեղ թվացող պատճառաբանություն է, բայց երբ նայում ենք նրանց ամբողջ պայքարին ընդդեմ հայագիտության, հայկական ինքնության ձևավորման, հայոց եկեղեցու, միանգամից պարզ է դառնում, որ միտումնավորություն կա, որ հայագիտական առարկաներից հեռացնեն մարդկանց, գրավիչ չդառնա»,-ասաց գրականագետը։

Գրականագետն ընդգծեց, որ հայագիտական ֆակուլտետներում վերջին տարիններին դիմորդների թիվը նվազել է։

«Դա է պատճառը, որ հայագիտական բոլոր բաժիններում թերբեռնվածություն կա, նախատեսվածի չափ դիմումներ չեն լինում, հինգ տարվա ընթացքում աստիճանաբար իջավ, հասավ 30 տոկոսի»,- ասաց նա։

Գրականագետն ընդգծեց, որ ստեղծված իրավիճակը մեր թշնամիների հետ պայմանավորվածության արդյունք է. «Հայագիտության հանդեպ ատելությունը գալիս է իրենց տերերից՝ թուրքերից։ Աս մարդիկ Թուրքիայում որոշակի դասընթացների են մասնակցել, այս մարդիկ թուրքերի թելադրմամբ մեզ համար կազմում են մեր պատմության ծրագրերը, թուրքերի ցանկությամբ կազմում են մեր գրականության ծրագրերը։ Րաֆֆուն գրական շրջանակներից դուրս թողնելու միտում ունեն․ դեռ դուրս չեն թողել, բայց արդեն շատ կրճատել են, այս կամ այն գրողներին, ովքեր այս կամ այն կերպ առնչվել են երկրի և նրա պետականության գաղափարին, աստիճանաբար դուրս են մղում ծրագրից։ Դա գալիս է սրանց և մեր դարավոր թշնամիների համագործակցությունից։ Հայագիտությունը սպանվում է»,- ասաց նա։

Սրապիոնյանը զուգահեռներ տարավ ներկա և նախկին իշխանությունների՝ հայագիտության հանդեպ ունեցած վերաբերմունքների միջը և ասաց. «Դուք կհիշեք, թե նախկինների վերաբերյալ սրանք ինչեր էին ասում, բայց նախկինների ժամանակ հայագիտությունը հռչակվեց որպես գերակա ճյուղ գիտության մեջ։ Եթե այդ հռչակումը այնուամենայնիվ առարկայաբար դեռ չէր կայացել, բայց դա արդեն քաղաքականություն էր, դոկտրին էր, և գնում էին դրան։ Նախկինների նկատմամբ սրանց ունեցած անթաքույց ատելությունը նաև պայմանավորված էր հենց հայագիտության նկատմամբ նախկինների զուտ հայկական հոգատարությամբ»։

Գրականագետն ասաց, որ ներկա իշխանության օրոք ընդամենը մեկ երկիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ մնացած երկրները, որոնք նակինում ճանաչել էին, փոշմանել են դրան համար։ Ցեղասպանության ճանաչումը՝ իբրև Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկը, հռչակվեց հենց երկրորդ նախագահի օրոք, սրանք եկան և Ցեղասպանության ճանաչումը համարեցին վնասակար, սրանց օրոք մի պետություն է միայն ճանաչել Ցեղասպանությունը, մնացածն էլ փոշմանել են, որ ճանաչել են, որովհետև եթե քո երկիրը Ցեղասպանության ճանաչումը գնահատում է վնասակար, նշանակում է նրանք խաբվել են։ Հայագիտությունը հայոց պատմությունն է, հայոց գրականությունն է, հայոց լեզուն է, հայոց եկեղեցու պատմությունն է, հայ մշակույթի պատմությունն է։ Այս բոլոր առարկները նրանք աստիճանաբար քշում են փակուղի, որպեսզի դրանցով հետաքրքրվողներ չլինեն, և դա չդառնա հայկական գաղափարաբանության կերտման դարբնոց»,- ընդգծեց գրականագետը։