Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:48 07-04-2023

Կվճարեն՝ կվճարեն, չեն վճարի՝ իրավական գնահատականներ տալիս այդ ամենը հաշվի կառնվի

««Նոր Զովքի» սեփականատեր Արամ Արամյանի ազատ արձակման գործի մասով մանրամասներ չներկայացնեմ։ Միայն կարող եմ ասել, որ թաքցված պետտուրքի մյուս մասի վերականգնման ուղղությամբ կոնկրետ միջոցներ են ձեռնարկվում»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը՝ անդրադառնալով Արամ Արամյանի ազատ արձակման վերաբերյալ տեղեկությանը։

«Պետտուրքի մյուս մասի վճարման ժամկետների հետ կապված իրենք են որոշողը։ Կվճարեն՝ կվճարեն, չեն վճարի՝ իրավական գնահատականներ տալիս, բնականաբար, այդ ամենը հաշվի կառնվի։ Բայց կրկնում եմ, որ թաքցնելու հանգամանքն իրենք ընդունել են և դա փաստ է։ Մնում է վնասի վերականգնման հետ կապված մնացած գործընթացներն իրականացվեն, ինչի ուղղությամբ էլ ծավալուն աշխատանք է կատարվում»,- ասաց ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

ՀՀ ՔԿ ներկայացուցչի խոսքով՝ կալանքի համար նախատեսված առավելագույն ժամկետը կարող է լինել մինչև 2 ամիս։ Այդ ժամկետի լրանալուց օրեր առաջ, եթե վարույթ իրականացնող մարմինը համարում է, որ կալանքը պահպանելու հիմքերը դեռևս պահպանվում են՝ կարող է միջնորդություն ներկայացվել՝ կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ։

«Ստորագրությամբ ազատման դեպքում նման խնդիր չունենք։ Դա կարող է ուժի մեջ մնալ այնքան ժամանակ, քանի դեռ դրա համար հիմքեր կան։ Հիմքերը վերանալու դեպքում խափանման միջոցը հանվում։ Օրինակ, եթե գործը գնում է դատարան, ապա դա կարող է մինչև դատական քննության ավարտը մնալ»,- ասաց նա։

Ավելի վաղ Oragir.News-ը հայտնել էր, որ qրեական վարույթի նախաքննության ընթացքում «Նոր Զովք» ՍՊԸ սեփականատեր Ա.Ա.-ն, ընկերության տնօրեն Ռ.Ա.-ն, գլխավոր հաշվապահ Ս.Ս.-ն ընդունել են դիտավորությամբ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հանգամանքը և ընկերության կողմից հարկային մարմնին ներկայացված ճշտված հաշվետվությունների արդյունքում պետական բյուջե է վճարվել 2.000.000.000 դրամ։

Հաշվի առնելով, որ նման պայմաններում քրեական վարույթով մեղադրյալների օրինական վարքագիծը հնարավոր է ապահովել նվազ խիստ խափանման միջոցի կիրառմամբ՝ նշված 3 անձանց նկատմամբ նախկինում որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոփոխվել է և նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: