Երևան +11°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:51 05-04-2023

Առաջին ատյանում գործը մերժել են, այժմ սպասում ենք Վերաքննիչի որոշմանը, որից հետո կդիմենք Վճռաբեկ. ո՞ր փուլում է Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի քրգործը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ պարզվել է, որ 2020թ. ապրիլի 29-ին՝ ժամը 17:05-ի սահմաններում, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Երևան քաղաքի «Մալիբուի այգի» կոչվող զբոսայգու տարածքում, նկատելով «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանին, բարևել է նրան, սակայն վերջինս, ներկա անձանց մոտ սեփական անձի առավելությունն ընդդգծելու նպատակով, սեռական բնույթի հայհոյանք է տվել ԱԺ նախագահի և նրա ծնողների հասցեին, որից անակնկալի եկած Ա.Սիմոնյանը ճակատով մեկ անգամ հարվածել է Ա. Դանիելյանի քթին, ինչից հետո նրանց միջև քաշքշուկ է սկսվել:

Այդ ժամանակ Ա. Դանիելյանը, անտեսելով հասարակական վայր հանդիսացող Երևանի մարդաշատ զբոսայգում գտնվելու հանգամանքը, տարածքում իրենց հանգիստն անցկացնող մարդկանց ներկայությամբ, խուլիգանական դրդումներով, շարունակել է դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը՝ հասարակության նկատմամբ դրսևորելով անթաքույց արհամարհանք և բացահայտ անհարգալից վերաբերմունք, սեռական բնույթի հայհոյանքներ է տվել ՀՀ օրենսդիր իշխանության մարմնի ղեկավար աշխատողի հասցեին և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ բռունցքով հարվածներ է հասցրել Ա.Սիմոնյանի գլխի շրջանին և մարմնի այլ մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ա.Դանիելյանը, անտեսելով իրեն մոտեցած քաղաքացիների` կռիվը դադարեցնելու վերաբերյալ հորդորները, շարունակել է խուլիգանական գործողությունները, որի ընթացքում հարվածներ է հասցրել ԱԺ փոխխոսնակին, ապա հետապնդել արդեն իսկ հեռացող Ա. Սիմոնյանին և նրա հասցեին տվել սեռական բնույթի հայհոյանքներ:

Վերը նշված արարքի կատարման համար Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով:

Գործով փաստաբան Տիգրան Աթանեսյանն Oragir.news-ի հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ փուլում է քրեական գործը՝ Աթանեսյանն ասաց. «Ոչ մի որոշում էլ չկա, Վերաքննիչ դատարանի որոշմանն ենք սպասում, գործն ուղարկվել է դատարան։ Այն կարճվել է՝ վաղեմության ժամկետն անցնելու պատճառով, բայց Ալեն Սիմոնյանի մասով, որ կարճվել է՝ քրեականով այդ ժամանակահատվածում չգիտեմ՝ ինչ են արել, չեն իրականացրել որևէ բան, քննիչի որոշմամբ բողոքարկվել է, մի խոսքով՝ սպասում ենք Վերաքննիչ քրեական դատարանի պատասխանի որոշմանը, Առաջին ատյանի դատարանում մերժել են, դրա համար այժմ սպասում ենք Վերաքննիչի որոշմանը։

Ոչ մի ակնկալիք չունենք, մենք սպասում ենք, որ դատարանը հերթական անգամ բռնություն կգործադրի մարդու իրավունքի և օրինականության նկատմամբ, և կմերժի բողոքը։ Եթե այս անգամ էլ գործը մերժվի՝ կդիմենք Վճռաբեկ դատարան, որից հետո էլ ՝ Եվրոպական դատարան»։

Հիշեցնենք, որ նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ա.Դանիելյանին հարված հասցնելու պահին Ա. Սիմոնյանը գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, հանգամանքը հաստատվել է քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներով: Նման պայմաններում 2020թ. հուլիսի 30-ին որոշում է կայացվել Ա.Սիմոնյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Վարույթն իրականացնող մարմինը, ձեռք բերված ապացույցները բավարար համարելով, քրեական գործով մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, այդ մասին հայտնել է տուժողին և նրա ներկայացուցչին, մեղադրյալին ու նրա պաշտպանին՝ նրանց տրամադրելով քրեական գործի նյութերը ծանոթանալու համար: