Ուղիղ եթեր
copy image url
Մշակույթ Խոսք 1 տարի առաջ - 12:44 05-04-2023

Ֆրանսահայ տենոր Արտավազդ Սարգսյան. «Առաջին անգամ երգել իմ հայրենիքում, ինձ համար գերագույն երջանկություն էր»

Օրերս Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում առաջին անգամ բնագրային սցենարով և իտալերեն լեզվով ներկայացվեց Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ» օպերան։ Մինչ այժմ Հայաստանում բեմադրվել է խորհրդային տարիներին ամբողջությամբ վերափոխված տարբերակը։

Այս առիթով զրուցել ենք «Արշակ Բ» օպերայում Վաղինակի դերակատար, տենոր ֆրանսահայ Արտավազդ Սարգսյանի հետ։

-Արտավա՛զդ, մի փոքր պատմեք ձեր մասին՝ որտեղի՞ց եք, ե՞րբ եք տեղափոխվել Ֆրանսիա։

-Ծնվել եմ Արտաշատ քաղաքում, արվեստասերների ընտանիքում։ 6 տարեկանից հանկարծ սկսեցի երգել ու ծնողներս, տեսնելով իմ երաժշտական ունակությունները, ինձ գրանցեցին Արտաշատի երաժշտական դպրոց։ Այնտեղ ես հաճախեցի վոկալի և դաշնամուրի բաժին։

Այնուհետև տեղափոխվեցինք Ֆրանսիա, որովհետև մորական պապս ծագումով ֆրանսիացի էր, ու ծնողներս որոշեցին տեղափոխվել պապիկիս հայրենիք։ Այդ տարիներին այստեղ էին տեսնում իմ ու մեծ եղբորս ապագան։ Դժգոհ չեմ, բայց շատ եմ կարոտում Հայաստանը։ Վերջին տարիներին փորձում եմ գոնե տարին մեկ անգամ վերադառնալ ու լիցքավորվել։

-Ինչպե՞ս ձեր մեջ բացահայտեցիք երգելու տաղանդը, ընտանիքում երաժշտությամբ զբաղվողներ կա՞ն և արդյոք հենց օպերային երգիչ դառնալն էր ձեր երազանքը։

-Հորական պապս, լինելով դպրոցի տնօրեն, նաև թառահար էր ու ինձ 6 տարեկանից սովորեցնում էր ժողովրդական երգեր։ Իմ առաջին քայլերը եղել են նրա շնորհիվ։ Եթե շարունակեինք ապրել Հայաստանում, ես հավանաբար կդառնայի ժողովրդական երգիչ։

-Ի՞նչ կրթական դպրոցներ եք անցել։

-Երբ դարձա 18 տարեկան, հաճախեցի Լիլի ազգային կոնսերվատորիայի վոկալի բաժին։ Այնտեղից ինձ մոտ սեր առաջացավ լիրիկական երգարվեստի հանդեպ։ Ավարտեցի ոսկե մեդալով, որից հետո ուսումս շարունակեցի Փարիզի կոնսերվատորիայում։ Ավարտելուց հետո ընդունվեցի Բաստիլի օպերայի ակադեմիան ու այդպես սկսվեց իմ կարիերան։ Իհարկե, դրանից առաջ ես արդեն երգում էի, բայց լուրջ կարիերաս սկսվեց ակադեմիայից հետո՝ 2015 թվականին։

-Ո՞ր բեմերում եք հանդես եկել և ո՞րն է ձեր բեմադրած ամենասիրելի կերպարը։

-Երգել եմ Ֆրանսիայի գրեթե բոլոր թատրոններում։ Փարիզի օպերաներից մինչև Նիս։ Իսկ արտասահմանում՝ Իտալիա, Գերմանիա, Բելգիա, Ֆինլանդիա, Հունգարիա, ԱՄՆ, Չինաստան, Սերբիա։

Բոլոր դերերը սիրում եմ, որովհետև բոլորն էլ ինձանից պահանջել են բավականին էներգիա և պատրաստում։ Ամեն անգամ նոր դեր երգելիս նա դառնում է ինձ համար ամենասիրելին։ Ամեն նոր դեր ինձ մի նոր բան է տվել։ Ամեն անգամ մի աստիճան մագլցել եմ ու հիմա ինչի որ հասել եմ, բոլոր դերերի կուտակումների շնորհիվ է։

Հիմա որ նայում եմ ու տեսնում, թե դեռ ինչքան աստիճան կա մագլցելու, երջանկանում եմ, որովհետև դրանք անվերջ են ու, անկասկած, շահագրգռիչ։ Այդ անհայտությունն է, որ արվեստագետին ուժ ու եռանդ է տալիս։ Արվեստագետի կյանքը լի է անհայտներով ու անակնկալներով։

-Ձեր երգացանկը բավականին բազմազան է՝ Մոցարտ, ֆրանսիական ռոմանտիզմ, 20-րդ դարի օպերաներ։ Ձեզ դո՞ւր է գալիս տարբեր ոճերում հանդես գալը և ո՞րն է ձեր նախընտրելի ոճը։

-Ես անսահման սիրում եմ անընդհատ ոճ ու դարաշրջան փոխել, որովհետև վախենում եմ ընտելանալ մեկին ու տարիների ընթացքում ձանձրանալ։ Ամեն անգամ, երբ անցնում եմ Մոցարտից Օֆենբախ, Ռոսսինիից Հենդել, մի տեսակ վերածնունդ եմ ապրում։ Դա դառնում է ժամանակի ճանապարհորդություն՝ դարից դար, մշակույթից մշակույթ, և ինձ անձամբ ավելի է գեղարվեստորեն հարստացնում։



-Երևանում մի քանի օր առաջ առաջին անգամ իտալերեն լեզվով բեմադրվեց Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ» օպերան և դուք Վաղինակի դերում էիք։ Սա ձեր առաջի՞ն ելույթն էր հայ հանդիսատեսի առաջ։ Կիսվեք ձեր տպավորություններով և ապրումներով։

-Անկեղծ ասած, շատ տպավորված եմ։ Առաջին անգամ երգել իմ հայրենիքում ինձ համար գերագույն երջանկություն էր։ Բայց նաև մեծ պատասխանատվություն էր։ Սխալվելու իրավունք չունեի։ Կարեւորը, որ ամեն ինչ լավ անցավ, ու համերգը շատ լավ ընդունվեց հանդիսատեսի կողմից։ Մենք ունենք այսպիսի հիանալի օպերա, բայց դա երբեք չէր հնչել մեր բեմահարթակից։ Ինչևէ, այդ բացթողումը լրացվեց Մաեստրո Դուրգարյանի շնորհիվ և հայ հանդիսատեսը վերջապես ծանոթացավ այդ աննկարագրելի գեղեցիկ ստեղծագործությանը։ Հուսամ, որ այն երկար կյանք կունենա։

Արմինե Մուրադյան