Երևան +21°
copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 16:04 04-04-2023

Ներքին վախով նայում ենք Սյունիքի կործանմանը ու ոչինչ չենք անում՝ այն փրկելու համար․ Արա Նախշքարյան

Ադրբեջանցիները վերջին օրերին գերակտիվ են, առանց կրակոցի առաջ են գալիս։ Սյունիքը գտնվում է վտանգի մեջ։ Կոռնիձոր, Տեղ կարևորագույն նշանակության գյուղերում լարված իրավիճակ է։ Պատերազմի վտանգ տեսնո՞ւմ եք։

-Եթե ասեմ, որ պատերազմ չի լինելու, ապա սխալված կլինեմ, բայց կարող եմ նաև հակառակը պնդել, որ այլևս պատերազմ չի լինի: Սակայն, վերջին միտքս, պատերազմ չլինելու առումով, ասեմ, որ դա միայն կենացաղային վիճակի ցանկություն է: Ըստ էության, այսօր իսկապես կանգնած ենք վատթարագույն վիճակի առաջ և ներքին վախով նայում ենք Սյունիքի կործանմանը ու ոչինչ չենք անում՝ այն փրկելու համար: Ստեպ-ստեպ թշնամին առաջ է գալիս ու իր պահանջն է դնում խաղասեղանին: Պատմությունից գիտենք, որ ուժեղն է թելադրողը, և նաև գիտենք, որ հաղթողներին չեն դատում, բայց թե ինչո՞ւ մենք այդ ասացվածքին ականջ չդրեցինք դեռ այն օրերին․ այ սա է, որ հասարակ մահկանացուներիս շփոթության մեջ է դնում: Վերադառնալով հարցի վերջին պարբերությանը՝ ասեմ. այո՛, ափսոս, պատերազմն անխուսափելի իրավիճակ է իրականության մեջ:



Այս բարդագույն իրավիճակների ֆոնին՝ վարչապետի կինը հայտարարում է 11 հազար դասալիքների մասին։ Զոհերի, վիրավորների, անհայտ կորածների մասին, ըստ Ձեզ, ինչո՞ւ պաշտոնական տվյալներ չեն հրապարակվում:

-Նախ սկսեմ այնտեղից, որ վարչապետի տիկինը խախտել է հեղինակային իրավունքի սկզբունքը: Կրկնել է սույն թվականի մարտի 18-ին իր ելույթի մեջ օգտագործած Ադրբեջանի նախագահ Ալիևի միտքը: Այստեղից հարց է առաջանում. ենթադրենք Ադրբեջանը իր լրտեսական ցանցերով ճշգրիտ ինֆորմացիա ունի և իրենց ղեկավարը դա բացահայտել է: Իսկ մեր փափկասուն տիկինը, պետական մարմնի անդամ չլինելով հանդերձ, ինչո՞ւ է կրկնում Ալիևի անհիմն հայտարարությունը, մանավանդ, որ պաշտոնական հայտարարություն չի եղել: Իսկ, եթե այդպես էլ է, ապա ինչո՞ւ դեռ մինչ օրս այդ դասալիքներից և ոչ մեկը չի դատապարտվել-ազատազրկվել: Թե՞ ուզում ենք ամեն գնով թշնամուն դուր գալու համար, իրենց ջրաղացի աշխատանքը կարգավորելու պատրվակով, ջուր լցնել ու ապացուցել, որ դեռ իրենց ծրագրով ենք շարժվում, և կարծես թե ոչ մի խոչնդոտ չկա:

Տիկնոջ ասածը ես վստահորեն կհերքեմ, որովհետև դա պետական ու պաշտոնական հայտարարություն չէ: Չեն հայտնում զոհերի ու վիրավորների և անհետ կորածների մասին, որովհետև շրջանառվող թվականը շատ ավելի քիչ է, ու նրանք ներքին վախ ունեն զայրույթի 9-րդ ալիքի բարձրանալուց: Բայց այս ամենի մեջ ամենավտանգավորը այն է, որ երկրի հասարակությունը, կարծես թե, համակերպվում է, և դա է, որ իշխանություններին ստիպում է առավել ստելու, խաբելու:



Մասնակցել եք պատերազմների․ ինքներդ դասալիքների հանդիպե՞լ եք, որոնք հետագայում դատվել են:

-Նախ, ասեմ, որ չեմ հանդիպել․ գուցե եղել են, չեմ հերքում, բայց ես գոնե չեմ հանդիպել: Իսկ եթե եղել էլ են, ապա իսկապես չեմ լսել որեւէ մեկի պատասխանատվության ենթարկելու մասին:

Բանակը ցած է բերվում դիրքերից ու փոխարենը ԱԱԾ-ն է դիրքեր բարձրանում, սա չի՞ թուլացնի բանակը:

- Այս իշխանությունը ամեն ինչ անում է, որ գոնե երկրում եղած ամենակուռ կառույց հանդիսացող բանակը զրկի մարտունակությունից և դարձնի մանկապարտեզ: Ես ինքս զինվորի հայր եմ, ու իմ զինվորը հենց այս պահին ամենավտանգավոր հատվածում է, բայց ես չեմ տրտնջում, որովհետև ինքն այդ տարածքում է հասկանալու Հայրենիք ունենալու վեհագույն սկզբունքը, և, իր նահատակ ընկերների արյան կանչին հավատարիմ մնալով, պիտի ամուր բռնի վրեժի ձեռքը: Մենք պարտվեցինք դեռ այն ժամանակ, երբ մեր զավակներին հորդորեցինք ձեռքից վայր գցել քարը, քանի որ դրա մեջ արյուն կա: Ոչ, սա մեր զավակների ազատ ու խաղաղ ապրելու հանդեպ ծնողական ոտնձգություն է:

Ի վերջո ի՞նչ է սպասվում սողացող պատերազմի մեջ գտնվող Հայաստանին:

-Երբ Ես-ը դարձավ Մենք, այդ ժամանակ հավատացեք, որ կհաջողենք բոլոր ոլորտներում: Երբեմն ինձ ասում են, թե ես վատատես եմ, ոչ, ես իրատես եմ: Մեր երազկոտությունը դարձավ երազխաբության պատճառը: Միշտ հուսացինք՝ մատներս մատներիս չտալով, ու թախտին նստած մնալով: Ոչ, երբեք դա հնարավոր չէ, եթե դու քո կայունության համար ոչինչ չես անում և միայն սպասում ես, որ շքերթը մի օր էլ ձեր դռնով պիտի անցնի: Հայրենիքն ամենամեծ Սրբությունն է: Այն կորցնելը չի խրախուսվում: Եթե մտածում ենք, որ բարեկամության ձեռք մեկնելով մեր սիրելի թշնամիներին, պիտի խաղաղվենք ու ապրենք բարեկեցիկ կյանքով, ապա շտապեմ հիասթափեցնել,․ չկա՛ նման բան:

Հիշեք՝ թշնամին չունի գույն ու ազգություն, չունի հոգևոր ու գաղափարական եզրույթներ մի ազգի հետ, ով պարզապես ուզել է ազատ ու խաղաղ ապրել այս երկնքի տակ, մտածելով, որ արևը բոլորի համար ու ամեն ինչի վրա է ծագում: Այնքան էլ սպասելիքներս մեծ չեն մեր վաղվանից, բայց մի փոքր հավատ ունեմ, որ գալու է ավելի վճռական սերունդ և մի օր վերջ է դնելու Հայի տառապանքներին:

Ամենից շատ դիտված