Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 1 տարի առաջ - 16:29 03-04-2023

«Իմ երկիրը հետ է մնացել ժամանակից»․ ռուս գրող Միխայիլ Շիշկինի նամակը ուկրաինացուն

Ռուս ժամանակակից գրող Միխայիլ Շիշկինը ռուսական գրականության ամենաճանաչված հեղինակներից է։ Արժանացել է մի քանի հեղինակավոր գրական մրցանակների Ռուսաստանում և միջազգային ասպարեզում: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, այդ թվում՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն և իսպաներեն։

1995-ին գրողը տեղափոխվել է Շվեյցարիա։ Շիշկինը նշել է, որ ունի Ռուսաստանից հեռանալու անձնական և քաղաքական պատճառները։ Նա նաև նշել է, որ Շվեյցարիայում ապրելն իրեն թույլ է տվել առանց շեղումների կենտրոնանալ իր գրելու վրա և ապահովել է իրեն ավելի խաղաղ և կայուն միջավայր։

Ձեզ ենք ներկայացնում Միխայիլ Շիշկինը նամակը ուկրաինացի անծանոթին՝

Սիրելի ընկեր, Մեզնից մեր լեզուն գողացան։ Մենք իրար հետ զրուցել ու համագործակցվել ենք ռուս մեծ գրականության լեզվով։ Հիմա ամբողջ աշխարհի համար ռուսերենը՝ ուկրաինական քաղաքները ռմբակոծողների ու երեխաներ սպանողների լեզու է, ռազմական հանցագործների ու մարդասպանների լեզու է։ Նրանք դատվելու են մարդկության դեմ գործած հանցագործությունների համար։ Կուզենայի հավատալ, որ բոլոր նրանք, ովքեր նախապատրաստվել ու մասնակցել են այս պատերազմին, ովքեր այս կամ այն կերպ աջակցել են դրան, կանգնելու են դատարանի առջև։ Իսկ ինչպե՞ս դատել լեզվի դեմ գործած հանցագործի համար։

Հայրս 17 տարեկան էր, երբ գնաց ռազմաճակատ՝ գերմանացիների կողմից սպանված եղբոր վրեժը լուծելու։ Պատերազմից հետո նա իր ողջ կյանքում ատեց գերմանացիներին և ամենը ինչ գերմանական էր։ Փորձում էի բացատրել նրան. «Հայրի՛կ, կա գերմանական հոյակապ գրականություն, իսկ գերմաներենը հիանալի լեզու է», բայց այս խոսքերը նրա վրա ոչ մի ազդեցություն չունեցան։ Իսկ պատերազմից հետո ի՞նչ պետք է ասենք այն ուկրաինացիներին, որոնց տները ռմբակոծվել ու թալանվել են ռուսների կողմից, որոնց ընտանիքների անդամները զոհվել են։ Ասե՞նք, որ ռուս գրականությունն անչափ գեղեցիկ է, իսկ ռուսաց լեզուն՝ հիասքա՞նչ։

Արդյոք բռնապետերն ու բռնապետություններն են բնակչությանը ստրուկ դարձնում, թե՞ ստրկական մտածելակերպ ունեցող բնակչությունն է ծնում բռնապետեր: Ուկրաինան կարողացավ դուրս պրծնել այս դժոխային շղթայից, դուրս գալ մեր ընդհանուր, հրեշավոր, արյունոտ անցյալից։ Դրա համար էլ ռուս սրիկաներն ատում են ձեզ։ Ազատ և ժողովրդավար Ուկրաինան կարող է օրինակ ծառայել Ռուսաստանի բնակչության համար և հենց դա է պատճառը, որ Պուտինը ուզում է ոչնչացնել ձեզ։

Ռուսաստանում այդպես էլ ո՛չ ապաստալինացում, ո՛չ էլ կոմունիստական կուսակցության նյուրնբերգյան դատավարություն տեղի չունեցավ։ Արդյունքը տեսնում ենք՝ նոր բռնապետություն։ Բռնապետությունն իր էությամբ չի կարող գոյություն ունենալ առանց թշնամիների, հետևաբար և առանց պատերազմի։

Գլխավոր շտաբի պլանները հիմնավծ էին նրա վրա, որ ՆԱՏՕ-ն կհրաժարվի պաշտպանել ձեզ, և պատերազմի առաջին օրերին ՆԱՏՕ-ն իրագործեց Պուտինի այս կանխատեսումը։ Սակայն դուք՝ ուկրաինացիներդ, համաձայն չէիք նրա ծրագրերի հետ։ Դուք չհանձնվեցիք, նրանց տանկերը ծաղիկներով չդիմավորեցիք։ Դուք ոչ միայն պաշտպանում եք ձեր ազատությունն ու մարդկային արժանապատվությունը, այժմ դուք պաշտպանում եք ողջ մարդկության ազատությունն ու մարդկային արժանապատվությունը: Ձեզ չի կարելի հաղթել, քանի որ պատերազմը որոշվում է ոչ թե տանկերի ու հրթիռների քանակով, այլ ազատության հանդեպ սիրո ուժով։ Դուք ազատ մարդիկ եք, իսկ ռուս գեներալների հանցավոր հրամանները կատարողները՝ ստրուկներ։

Մեկ տարի առաջ, երբ ռուսական տանկերը շարժվում էին դեպի Կիև, ամբողջ աշխարհը զարմացավ, թե ինչու Ռուսաստանում զանգվածային հակապատերազմական ցույցեր չեղան, ինչու միայն հատուկենտ մարդիկ դուրս եկան փողոց։ Ես դա կապում եմ վախի հետ։ Լռությունը ռուսական գոյատևման հիմնական ռազմավարությունն է։ Նրանք, ովքեր այն ժամանակ բողոքում էին հայտնվեցին բանտում։ Ահա թե ինչպես են ռուսները սերնդեսերունդ գոյատևել լռությամբ։ Պուշկինը ձևակերպել է այս ռուսական ապրելակերպը իր պատմական դրամայի՝ «Բորիս Գոդունով»-ի վերջին տողում՝ «Ժողովուրդը լռում է»։ Իսկ Ուկրաինայի դեմ ագրեսիայի սկսվելուց հետո ժողովուրդը «լռում էր»։ Բայց հետո աշնանը սկսվեց զանգվածային մոբիլիզացիա, և այլևս ոչ մի կերպ հնարավոր չեղավ բացատրել այն փաստը, որ հարյուր հազարավոր ռուսներ հնազանդորեն գնացին սպանելու ուկրաինացիներին և սպանվելու: Սա այլ բան է՝ ավելի խորն ու ավելի սարսափելի:

Ես միայն մեկ բացատրություն եմ ունեմ դրան՝ իմ երկիրը հետ է մնացել ժամանակից ։ 21-րդ դարում ժամանակակից մարդն իրավասու է որոշել, թե որն է լավ, որը՝ վատ: Եվ եթե նա տեսնում է, որ իր երկիրն ու ժողովուրդը ստոր ու ամոթալի պատերազմ է մղում, նա դուրս է գալիս իր երկրի և ժողովրդի դեմ։ Բայց ռուսների մեծ մասը հոգեպես դեռ ապրում է անցյալում, երբ մարդիկ իրենց կապում էին իրենց ցեղի հետ: Մեր ցեղը միշտ ճիշտ է, իսկ մյուս ցեղերը մեր թշնամիներն են և ուզում են մեզ ոչնչացնել։ Մենք պատասխանատու չենք և ոչինչ չենք որոշում, ամեն ինչ մեզ համար որոշում է մեր առաջնորդը /խանը/ թագավորը։ Նրանք այսպես են մտածում՝ եթե մեր թշնամիները՝ Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի ֆաշիստները, հարձակվում են մեր հայրենիքի վրա, մենք գնալու ենք հայրենիքը պաշտպանելու, ինչպես մեր պապերն են պաշտպանել գերմանացի ֆաշիստներից։ Հայրենիքի հանդեպ սիրո զգացումը, հայրենասիրության այդ հրաշալի զգացումը բոլոր բռնապետերն օգտագործել են իրենց նպատակների համար։ Հայրս կարծում էր, որ պաշտպանում է իր հայրենիքը նացիստական ​​ռեժիմից, բայց պաշտպանում էր հենց Ստալինի ֆաշիստական ​​ռեժիմը։ Ռուսները հիմա պատերազմ են գնում, ինչպես Պուտինի քարոզչամեքենան է ներկայացնում՝ իրենց հայրենիքը «եվրոպական և ամերիկյան նացիզմից» պաշտպանելու և չեն հասկանում, որ պաշտպանում են Կրեմլը զավթած հանցավոր խմբի իշխանությունը, որ պատանդ է վերցրել ողջ երկիրը։

Միակ ելքը պուտինյան ռեժիմին ռազմական պարտության մատնելն է։ Հետևաբար, ժողովրդավարական երկրները պետք է ուկրաինացիներին օգնեն ինչով կարող են, առաջին հերթին՝ զենքով։ Պատերազմից հետո ամբողջ աշխարհը կգա ձեզ օգնության՝ վերականգնելու ավերվածը, և երկիրը ոտքի կկանգնի։ Իսկ Ռուսաստանը մնալու է տնտեսության ավերակների և գիտակցության փլատակների տակ։ Իմ երկրի վերածնունդը հնարավոր է միայն պուտինյան ռեժիմի լիակատար ոչնչացումից հետո։ Կայսրության գաղափարը պետք է հեռացվի ռուս մարդու մտքից, ինչպես չարորակ ուռուցքը։ Այս «զրո ժամը» կենսական նշանակություն ունի Ռուսաստանի համար։ Իմ երկիրն ապագա կունենա միայն այն դեպքում, եթե անցնի տոտալ պարտության միջով, ինչպես եղավ Գերմանիայի հետ։ Փա՛ռք Ուկրաինային։

Միխայիլ