Ուղիղ եթեր
Մենք պետք է դաս տանք Ամերիկային այս ընտրություններում. Էրդողանը հրաժարվել է ընդունել ԱՄՆ դեսպանին
copy image url

Մենք պետք է դաս տանք Ամերիկային այս ընտրություններում. Էրդողանը հրաժարվել է ընդունել ԱՄՆ դեսպանին

Արտաքին 2 տարի առաջ - 14:50 03-04-2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խիստ քննադատության է ենթարկել երկրում ԱՄՆ դեպսան Ջեֆ Ֆլեյքին՝ նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հետ ունեցած հանդիպման համար և հրաժարվել է ընդունել նրան։ Այս մասին տեղեկացնում է թուրքական haber7 լրատվական գործակալությունը։

Էրդողանն ընդգծել է, որ իրենք այս ընտրություններում պետք է ԱՄՆ-ին դաս տան։ «Մենք պետք է դաս տանք Ամերիկային այս ընտրություններում։ Ջո Բայդենը խոսում է այնտեղից, ի՞նչ է անում այստեղ Բայդենի դեսպանը։ Նա գնում և այցելում է պարոն Քեմալին։ Ամոթ է, մի փոքր գլուխդ աշխատեցրու։ Դու դեսպան ես և քո զրուցակիցն այստեղ նախագահն է»,- հայտարարել է նա։

Վերջինս միևնույն ժամանակ զարմանք է հայտնել առ այն, որ դիվանագետը ընդդիմության միասնական թեկնածուի հետ հանդիպումից հետո համարձակվել է իր հետ հանդիպում խնդրել։ Էրդողանը շեշտել է, որ իր դռներն այսուհետ փակ են ԱՄՆ դեսպանի համար, և նա այլևս չի կարողանա հանդիպել թուրք պաշտոնյաների հետ։

«Այսուհետ ի՞նչ դեմքով ես նախագահից նշանակում խնդրելու։ Մեր դռները նրա առաջ փակ են, նա այլևս չի կարողանա ներս մտնել։ Ինչո՞ւ։ Դու կիմանաս քո սահմանը: Դու կիմանաս, թե որն է դեսպանի պաշտոնում քո պարտականությունը։ Դու կսովորես, թե ինչպես է աշխատում դեսպանը: Եթե ​​սա չսովորես, այս դուռը անցողիկ իջևանատուն չէ, չես կարող ներս մտնել»,- հայտարարել է նա։

Թուրքիայի նախագահը միևնույն ժամանակ առաջիկա ընտրություններում կարևորել է երիտասարդների դերը։ Նա շեշտել է, որ ընտրություններին մասնակցելու է շուրջ 6 միլիոն երիտասարդ ընտրող, որոնց դիրքորոշումն ընտրություններում չափազանց կարևոր է։

Հիշեցնենք, որ Թուրքիայում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջեֆրի Ֆլեյքն օրեր առաջ հանդիպում էր ունեցել առաջիկա նախագահական ընտրություններում ընդդիմադիր վեց կուսակցություններից բաղկացած Ազգ դաշինքի միասնական թեկնածու, Հանրապետական-ժողովրդական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ։ Ֆլեյքը նախկինում նույնպես հանդիպել էր Քըլըչդարօղլուի հետ, որից հետո դեսպանը կանչվել էր Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչություն։

Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսի 14-ին։

Ամենից շատ դիտված