copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 13:30 31-03-2023

Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդը մերժել է Էրդողանի թեկնածությունը չհաստատելու դիմումը

Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդը որոշում է կայացրել մերժել գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը չհաստատելու պահանջով ընդդիմադիր կուսակցությունների կողմից ներկայացված դիմումը։ Ինչպես փոխանցում է թուրքական Duvar պարբերականը, այս մասին հայտարարել է բարձրագույն ընտրական խորհրդի նախագահ Ահմեթ Յեները։

Պաշտոնյան հայտնել է, որ հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել են Էրդողանի թեկնածությունը չհաստատելու հարցով ներկայացված հիմնավորումները։ Նրա խոսքով՝ Էրդողանի թեկնածության առաջադրման համար որևէ խոչընդոտ չկա։

Միևնույն ժամանակ բարձրագույն ընտրական խորհուրդը մերժել է նաև նախգահի մյուս թեկնածուների՝ Քեմալ Քըլըչդարօղլուի և Մուհարմեն Ինջեի թեկնածությունները չհաստատելու հարցով դիմումները։ Հանձնաժողովը որոշում է կայացրել, որ ավելի վաղ հրապարակված նախագահի թեկնածուների ժամանակավոր ցանկից պաշտոնապես նախագահի թեկնածուներ կառաջադրվեն գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ընդդիմադիր վեց կուսակցությունների միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն, Հայրենիք կուսակցության նախագահ Մուհարեմ Ինջեն և Աթա դաշինքի թեկնածու Սինան Օղանը։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Թուրքիայում ընդդիմադիր «Ժողովրդավարություն և առաջընթաց», «Լավ» և «Հայրենիք» կուսակցությունները դիմել են Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհրդին՝ պահանջելով առաջիկա նախագահական ընտրություններում չգրանցել գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը։

Թուրքիայում մի շարք ընդդիմադիր գործիչներ պնդում են, որ սահմանադրության համաձայն՝ Էրդողանը նախագահի պաշտոնի համար երրորդ ժամկետով առաջադրվելու իրավունք չունի։ Էրդողանի կողմնակիցները հայտարարում են, որ գործող նախագահի թեկնածության առաջադրումն օրինական է, քանի որ նա նախագահի պաշտոնում իր առաջին ժամկետը (2014-2018թթ) պաշտոնավարել է նախքան Թուրքիայում 2017 թվականին կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն և կառավարման համակարգի փոփոխությունը, որով իր պաշտոնավարման նախկին ժամկետը զրոյացվել է և նա կարող է ևս մեկ անգամ պայքարել նախագահի պաշտոնի համար։

Էրդողանի գլխավորած «Ազգայնական շարժում» կուսակցությունը Թուրքիայում իշխում է 2002 թվականից, իսկ Էրդողանը 2003-2014 թվականներին զբաղեցրել է երկրի վարչապետի, իսկ 2014-ից մինչև այսօր զբաղեցնում է նախագահի պաշտոնը։ Մի շարք փորձագետների համոզմամբ՝ այս ընտրապայքարը Էրդողանի համար լինելու է ամենաբարդը իր կառավարման երկու տասնամյակի ընթացքում։