Մշակույթ 3 տարի առաջ - 23:33 30-03-2023

Արևածաղիկները դարձան այցեքարտ

1853 թ. մարտի 30-ին ծնվել է հոլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգը։

Հանճարեղ այս նկարիչն իր ապրած 37 տարիների ընթացքում ընդամենը մեկ տասնամյակ է զբաղվել կերպարվեստով, բայց հասցրել է ստեղծել մոտ 2.100 գործ, որոնցից 860-ը յուղաներկ աշխատանքներն են։ Բազմաթիվ դիմանկարների, նատյուրմորտների, ինքնադիմանկարների ու բնապատկերների հեղինակին լայն հասարակությունը առաջին հերթին ճանաչում և նրան ասոցացնում է արևածաղիկների հետ։



Արևով հագեցած, տաք ու վառ գույներով և տրամադրություններով այս ծաղիկների առաջին շարքը Վան Գոգը ստեղծել է Փարիզում` 1887 թվականին։ Երկրորդ շարքը ստեղծվել է մեկ տարի հետո՝ ապրիլին։

Իր ողջ կյանքի ընթացքում Վան Գոգը ստեղծել է 11 նկար, որտեղ պատկերված են արևածաղիկներ:

Արևածաղիկների ստեղծման հարցում իրենց դերն են ունեցել նկարիչ Պոլ Գոգենն ու Վան Գոգի եղբայրը` Թեոն։



Երբ 1888 թվականին Վան Գոգը Փարիզից Առլ տեղափոխվեց նոր ուղղություն հիմնելու համար, նրան միացավ նաև Պոլ Գոգենը։ Հենց Առլում ապրելու ընթացքում էլ ստեղծվեցին նրա արևածաղիկներով չորս նատյուրմորտները։ Գոգենը շատ տպավորված էր դրանցով ու ոգևորում էր Վան Գոգին, ասելով, որ արևածաղիկները դառնալու են նրա այցեքարտը։ Հանճարեղ նկարչի կանխատեսումը, կարելի է ասել, իրականացավ։

Վան Գոգի արևածաղիկները շատ հնարավոր է, որ լինեին մռայլ ու մուգ գույներով, եթե չլիներ նրա եղբայրը` Թեոն։ Հոլանդացի նկարիչը սկզբում նկարում էր միայն գորշ ու տխուր թեմաներ և օգտագործում էր մուգ գույներ։



27 տարեկանում երբ նա սկսեց նկարել, հաստատ որոշել էր պատկերել հասարակ մարդկանց դժվարին կյանքը։ Սակայն, Թեոն, որը փորձառու նկար վաճառող էր, եղբորն ասաց, որ «գյուղական» թեման վատ է վաճառվում։ Այլ բան են իմպրեսիոնիստների ուրախ ու գունեղ գործերը։ Նա եղբորը Փարիզ հրավիրեց, որտեղ ծանոթացրեց Մոնեի, Ռենուարի և Դեգայի ու նրանց գույների հետ։
Վան Գոգը կտրուկ փոխեց իր ներկապնակը։ Նա մռայլ գույներից անցավ վառ գույներին ու հատկապես` դեղինին։ Թեոն շատ օգնեց եղբորը` իր արվեստը զարգացնելու գործում։ Սակայն, ավաղ, երկուսն էլ չհասցրեցին ոչ մի նկար վաճառել ու հարստանալ։ Վան Գոգի մահից մեկ տարի անց մահացավ նաև Թեոն։



Առլում ստեղծված Վան Գոգի չորս նատյուրմորտներից երկուսն այժմ գտնվում են Մյունխենի և Լոնդոնի թանգարաններում, մյուս երկուսը մասնավոր հավաքածուներում են։ Մեկը Միացյալ նահանգներում է, մյուսը տիրոջ տան հետ այրվել է Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ` Ճապոնիայում։ Պահպանված լուսանկարի հիման վրա, 2010-ին նույնությամբ ստեղծվել է նկարի կրկնօրինակը, որը ցուցադրվում է ճապոնական մի թանգարանում։

Առլից հետո Վան Գոգը նկարեց ևս երեք արևածաղիկների կրկնօրինակներ։ Ամենահայտնին դրանցից այսօր ցուցադրվում է Ամստերդամի Վան Գոգի թանգարանում, մյուսը` երկնագույն ֆոնով տարբերակը Ֆիլադելֆիայի թանգարանում։ Երրորդը` կրկին Ճապոնիայում է։

Նաիրա Եղիազարյան

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
14:23 Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
09:00 Քրիստինե Գրիգորյանի հորաքրոջ հետախուզվող տղան և ՔՊ-ականների ընտանեկան արտոնությունները
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
13:00 Դոն Քիխոտի պես. ինչու է Փաշինյանը հոխորտում ընդդիմության վրա
16:12 Մենք փոքր ազգ ենք. Արա Ղազարյանն անդրադարձել է Սոնա Մանուկյանի շուրջ ստեղծված սկանդալին
18:42 Սիրում եմ քեզ շատ․ Վահագն Գալստյանի անակնկալն ու շնորհավորանքը դստեր ծննդյան տարեդարձին