Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 1 տարի առաջ - 21:17 30-03-2023

Մարի Կյուրի․ հայտնագործություններ, որ փոխեցին աշխարհը

Մարի Կյուրին համարվում է 20-րդ դարի ամենաազդեցիկ գիտնականներից մեկը։ Նա դարձավ առաջին կինը, որ արժանացավ Նոբելյան մրցանակի և առաջին մարդը, որ արժանացավ երկու Նոբելյան մրցանակի տարբեր գիտական ոլորտներում՝ ֆիզիկայի և քիմիայի: Ռադիոակտիվության ոլորտում նրա բեկումնային հայտնագործությունները հեղափոխեցին ֆիզիկայի բնագավառը և ճանապարհ հարթեցին ժամանակակից բժշկության զարգացման համար:

Մարին ամուսնու՝ Պիեռ Կյուրիի հետ, հայտնաբերեց երկու նոր քիմիական տարր՝ պոլոնիում և ռադիում։



Դեռևս Փարիզի Սորբոնի համալսարանի ուսանողուհի Մարի Կյուրին ամուսնու՝ Պիեռ Կյուրիի հետ սկսեց աշխատել Փարիզի քիմիայի և ֆիզիկայի դպրոցի հետազոտական լաբորատորիայում: Նրանք ուսումնասիրում էին ուրանի արձակած անտեսանելի ճառագայթները։ Մի քանի տարի առաջ պրոֆեսոր Անրի Բեքերելը հայտնաբերել էր, որ այդ ճառագայթները կարող են թափանցել պինդ նյութերի մեջ և առաջացնել էլեկտրականություն: Այս ճառագայթների ուսումնասիրության միջոցով Մարին և Պիերը հայտնաբերեցին մի քիմիկատ, որը կոչվում է ուրանինիտ՝ հանքանյութ, որը պատրաստված է ուրանի օքսիդից: Դրանից նրանք բացահայտեցին մուգ սև փոշի, որը զգալիորեն ավելի ռադիոակտիվ էր, քան ուրանը: Այս նոր, նախկինում չբացահայտված տարրը, անվանեցին պոլոնիում՝ վերցնելով Մարիի ծննդավայրի անունից՝ Poland (Լեհաստանից): Իր բարձր ռադիոակտիվության պատճառով պոլոնիումը չափազանց վտանգավոր է մարդկանց համար:

Պոլոնիումի արդյունահանումից հետո, ուսումնասիրելով մնացած հեղուկը, ամուսինները հայտնաբերեցին ևս մեկ ավելի ռադիոակտիվ, անհայտ տարր: Նրանք այս նոր տարրն անվանեցին ռադիում (ֆրանսերեն radium բառից, որն էլ իր հերթին առաջացել է լատիներեն radius-ից) նկատի ունենալով այն էներգիայի ճառագայթները, որ նյութը կարող էր արձակել:

Կյուրիի աշխատանքը ռադիումի հետ մեծ ազդեցություն ունեցավ բժշկական ոլորտի վրա: Նա հայտնաբերեց, որ ճառագայթումը կարող է օգտագործվել քաղցկեղի բջիջները ոչնչացնելու համար, ինչը հանգեցրեց ճառագայթային թերապիայի զարգացմանը՝ որպես քաղցկեղի բուժման միջոց: Նա նաև ռադիում է օգտագործել՝ դյուրակիր ռենտգեն սարք ստեղծելու համար, որն առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օգտագործվել է մարտադաշտում՝ վնասվածքներն ու հիվանդությունները ախտորոշելու համար: Այս փրկարար սարքերը, որոնք հայտնի են որպես «Petite Curies», օգնել են փրկել միլիոնավոր զինվորների կյանքեր։



Ի հավելումն իր բեկումնային գիտական հայտնագործությունների, Կյուրին գիտության ոլորտում կանանց համար առաջնորդն էր: Նա առաջին կինն էր, որ Փարիզի Սորբոնի համալսարանից ստացավ ֆիզիկայի թեկնածուի գիտական աստիճան և դարձավ համալսարանի պրոֆեսոր:

Չնայած իր բազմաթիվ ձեռքբերումների, Կյուրին իր կյանքի ընթացքում բախվեց զգալի մարտահրավերների: Նա որպես կին քննադատվեց տղամարդկանց կողմից ոչ միայն գիտական ոլորտում, այլ նաև իր ոչ սովորական անձնական կյանքի համար: Նա ձեռք էր բերել առողջական խնդիրներ, որոնք կապված էին ճառագայթման ազդեցության հետ և մահացավ լեյկոզից 1934-ին: Կյուրիի ավագ դուստրը՝ Իրեն Ժոլիոտ-Կյուրին նույնպես դարձավ քիմիկոս և ֆիզիկոս։ 1935-ին իր ամուսնու՝ Ֆրեդերիկ Ժոլիոտ-Կյուրիի հետ արժանացավ քիմիայի Նոբելյան մրցանակի՝ արհեստական ռադիոակտիվության հայտնաբերման համար:

Այսօր Մարի Կյուրին հիշվում է որպես ապագայի գիտնական, ում հայտնագործությունները հեղափոխեցին տիեզերքի ըմբռնումն ու ճանապարհ հարթեցին ժամանակակից բժշկության զարգացման համար:

Արմինե Մուրադյան