copy image url
Ներքին Խոսք 11 ամիս առաջ - 14:51 30-03-2023

Դատավորին ստիպել են քաղաքական որոշում կայացնել․ Նաիրի Հոխիկյանը՝ դատարանում պարտվելու մասին

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Էդգար Հովհաննիսյանի նախագահությամբ, հրապարակել է Վլադիմիր Կարապետյանն ընդդեմ Նաիրի Հոխիկյանի գործով դատական ակտն, ըստ որի՝ դատարանն ամբողջությամբ բավարարել է Կարապետյանի հերքման պահանջը, իսկ փոխհատուցման պահանջը բավարարել է մասնակի:

Oragir.News-ի հետ զրույցում Նաիրի Հոխիկյանն ասաց, որ դեռ ծանոթ չէ որոշման մանրամասներին, մասնավորապես, իր համար հասկանալի չէ, թե մասնակի բավարարումը ֆինանասական առումով ինչ է նշանակում։

«Անկեղծ ասեմ՝ այլ բան չէի էլ սպասում դատավորից, որովհետրև դատական գործընթացը, որ տևեց մոտ 2 տարի՝ ամբողջությամբ քաղաքականացված էր, ամբողջությամբ հակաօրինական գործողություններով էր հագեցած։ Նույնիսկ դատավորը թույլ է տվել օրենքի մի քանի կոպիտ խախտում, որի համար մենք անպայման դիմելու ենք և ԲԴԽ, և, իհարկե, Վերաքննիչում վիճարկելու ենք դատավորի օրինական գործունեությունը։

Ընդ որում՝ վստահ եմ, որ դատավորը հատուկ էր ընտրված, որովհետև ողջ դատական պրոցեսի ընթացքում նա աչք փակեց հակառակ կողմի բազմաթիվ ապօրինությունների վրա։ Մասնավորապես, երբ հակառակ կողմն էր փակ ինֆորմացիա ներկայացնում՝ նա որևէ կերպ չէր խանգարում, իսկ երբ մենք էինք փակ ինֆորմացիան բացում՝ հակառակ կողմի պահանջով և դատավորի հրահանգով մեզ ուղղակի արգելվում էր։ Այսինքն՝ մենք զրկված էինք պաշտպանության տարրական հնարավորությունից։

Դատավորը մեզ անգամ զրկեց փաստացի ապացույց հեռախոսը, որի մեջ ամբողջ ապացույցը կար՝ դատական գործում որպես փաստ ներկայացնել։

Դատավորի թույլ տված մեկ այլ խախտում վերաբերում է լիազորագիր չներկայացնելուն։ Այսինքն՝ հակառակ կողմն առանց լիազորագրի հայց է ներկայացնում դատարան, ինչն օրենքով արգելված է և նույնիսկ մեկ տարվա փորձ ունեցող դատավորը անմիջապես տվյալ գործը հետ է վերադարձնում, մինչդեռ այդ պայմաններում Հովհաննիսյանը գործն ընդունել էր վարույթ։ Մեր միջնորդությունը, որը ներկայացրինք, թե սա վաղեմության ժամկետների խախտում է , օրինական չէ այս հայցն ընդհանրապես, դատավորը բառացիորեն կրկնեց հայցվորի խոսքերը, առ այն, որ օբյեկտիվ իրականության մեջ լիազորագիր եղել է։ Այսինքն, լիազորագիրը կարող է ինչ-որ մեկի դարակում դրված լինի ու դատավորը դա ընդունում է, որպես փաստ։

Սա տարրական դատավարական գործընթացների կամ տգիտություն է, կամ հատուկ շեղում։ Իհարկե, հասկանում ենք, որ ԲԴԽ-ն էլ է իրենց ձեռքում, բայց կան փաստեր, որոնք եթե ընդառաջ քայլ չանի ԲԴԽ-ն ու Վերաքննիչ դատարանը նաև Վճռաբեկը, ապա սա դասական եվրադատարանի գործ է»։

Նա ընդգծեց, որ իր համար սպասելի էր, որ այսպիսի որոշում պետք է լինի և պատրաստ էր։ «Ավելի վատ դատավորի համար, որովհետև ինքը ամբողջությամբ ենթարկվել է քաղաքական իշխանության հրահանգներին։ Ընդհուպ՝ որոշումը պետք է հրապարակվեր մարտի 27-ին, իսկ հենց այդ օրը մեզ նամակ է գալիս դատավորի կողմից, որ իրեն հրավիրել են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նա վկայի կարգավիճակով պետք է հարցաքննվի, մինչդեռ հարցաքննությունը կարող է տևել 2-3 կամ 4 ժամ, բացի այդ՝ դատավորը որոշումը 1 օրում կամ 1 ժամում չի կայացնում։

Մարտի 27-ը նախատեսված էր հրապարակման համար, ոչ թե որոշման կայացման։ Մենք այդ օրը հասկացանք, որ որոշումը չէր կայացվել, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեում ընդամենը իրեն կանչել են, որպեսզի ցուցում տան, թե ինչ անել։ Իհարկե, դատավորն էլ այնպես չէ, որ մաքուր է ու վկայի կարգավիճակով իրեն այնտեղ տանելը և հարցաքննելն էլ պատահական չէր հենց այդ օրը։ Այնպես, որ վստահ եմ, որ ստիպել են քաղաքական որոշումներ կայացնել»։

Հոխիկյանն ասաց, որ միանշանակ բողոքարկելու ենք՝ ընդհուպ մինչև եվրադատարան։ «Չեմ պատրաստվում հերքել անհերքելին, այն ինչ սեփական աչքերով եմ տեսել և սեփական ականջներով լսել, առավել ևս, երբ բոլոր ապացույցները ձեռքիս տակ, դատավորը ամեն ինչ կարդալով ու լսելով գլուխը բռնել, ցնցվում էր ու, այդքան ապացույցներ ձեռքի տակ ունենալով, նման որոշում է կայացրել։ Չեմ պատրաստվում նման որոշում կատարել»։

Ձեզ գուցե հետաքրքրի