Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:01 04-08-2022

Նաիրի Հոխիկյանը IFJ Բրյուսելի կենտրոնական գրասենյակի ղեկավարությանը ներկայացրել է Արցախում վերջին օրերի ագրեսիան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է արել, որ որպես Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի լիիրավ անդամ՝ այսօր նամակ է ուղարկել IFJ Բրյուսելի կենտրոնական գրասենյակի ղեկավարությանը՝ ներկայացնելով Արցախի պատմությունը և խնդիրները՝ միաժամանակ պատմելով Ադրբեջանի վերջին օրերի ագրեսիայի մասին։

«Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի անդամ լրագրողներին և լրագրողական կազմակերպություններին կոչ եմ արել ուշադրության կենտրոնում պահել Արցախի խնդիրը և ակտիվորեն լուսաբանել հայ-ադրբեջանական հակամարտությունը, ցույց տալ իր բնիկ հայրենիքում ապրող հայ ազգի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիայի տարբեր դրսևորումները։

Նամակի բովանդակությունը․

Լեռնային Ղարաբաղի հայերն ապրում են իրենց հայրենիքում և իրավունք ունեն պետականության

IFJ պատվելի նախագահ Դոմինիկ Պրադալի (Dominique Pradalié),

IFJ հարգելի համակարգող խորհուրդ, անդամ գործընկերներ,

Ես IFJ անդամ եմ Հայաստանի Հանրապետությունից։ Իմ երկիրն աշխարհի ամենահին պետություններից մեկն է, ունի մի քանի հազար տարվա մշակութային արժեքներ, ժուռնալիստիկայի հարուստ ավանդույթներ։ Հայաստանն արդեն ավելի քան 30 տարի ռազմական հակամարտության մեջ է հարևան Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հայկական պատմական տարածքի համար, որը ես ինքս լուսաբանում եմ տևական ժամանակ։

Լեռնային Ղարաբաղը պատմական հայկական տարածք է, որը հայերը անվանում են Արցախ՝ ի պատիվ մ․թ․ա 1769 – 1743 թվականների Հայաստանի թագավոր Արա Գեղեցիկի։

1921 թվականին ԽՍՀՄ հիմնադիր Վլադիմիր Լենինը ապօրինի կերպով Արցախը հանձնել է Ադրբեջանին, որը Հայաստանին հաջողվել է վերադարձնել 1994 թվականին։ 2020թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սկսած պատերազմի ժամանակ Արցախի հայ բնակչության դեմ կիրառվել են միջազգային մակարդակով արգելված տարբեր զենքեր, որոնց ես ականատես եմ եղել պատերազմը լուսաբանելիս։ Ադրբեջանը բազմիցս հարձակումներ է գործել նաև պատերազմը լուսաբանող տարբեր երկրներից ժամանած լրագրողների դեմ, ինչը ապացուցվել է փաստերով, վիրավորվել են Ֆրանսիայից և ՌԴ-ից ժամանած լրագրողներ։

2022թ․ օգոստոսի 1-ից Ադրբեջանը կրկին խախտում է հրադադարի պայմանավորվածությունը և կրակում Արցախի հայկական բնակավայրերի վրա՝ խախտելով խաղաղ համակեցության բոլոր կանոնները, փորձելով իրենց բնիկ հայրենիքից տեղահանել Արցախի հայ բնակիչներին։

Լինելով Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի անդամ՝ խնդրում եմ միջազգային հեղինակություն ունեցող IFJ -ում քննարկման դնել այս նամակը և հանդես գալ Ադրբեջանի ռազմատենչ գործողությունները դատապարտող հայտարարությամբ և IFJ անդամ լրագրողների և լրագրողական կազմակերպությունների ուշադրությունը հրավիրել Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ հակամարդկային արարքների վրա»,- գրել է Հոխիկյանը։