Ուղիղ եթեր
Ինձ ժողովուրդս պահեց, հա՛, ժողովուրդս․․․
copy image url

Ինձ ժողովուրդս պահեց, հա՛, ժողովուրդս․․․

Մշակույթ 2 տարի առաջ - 23:25 29-03-2023
1971 թվականի մարտի 29-ին մահացել է հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ավետ Ավետիսյանը։

Միշտ հետաքրքիր է կարդալ հուշեր մեր մեծերի մասին։ Դրանք բացահայտում են ոչ միայն նրանց կյանքի մանրամասները, այլ նաև նրանց մարդկային տեսակը, որակները, մտածողությունը, հույզերը, ներքին անհանգստությունները, ուրախություններն ու մտահոգությունները։ Այդպիսի մի գեղեցիկ հուշ է պատմում Սոս Սարգսյանը` իր ավագ գործընկերոջ` դերասան Ավետ Ավետիսյանի մասին։



«Առիթը չէինք փախցնում մեծերի հետ լինել, լսել նրանց, հարցեր տալ։ Էսպես մի գեղեցիկ օր ես ու Ֆրունզը ներկայացումից հետո Ավետ Ավետիսյանին ուղեկցում ենք տուն։ Ստալինն արդեն սատկել էր, ու մարդիկ ինչ-որ չափով շունչ էին առել։ Քայլում ենք գիշերային Երևանով. Ավետն էդ օրը բացվեց։

Սովորաբար շատ զգուշավոր մարդ էր, միանշանակ հավատարիմ կոմունիստ։ Ժողովներին բոցավառ ճառեր էր ասում կոմունիստական կարգախոսներով, բայց էդ օրը հանկարծ անկեղծացավ։ Պատմում էր, թե ինչ դժվար կյանք է ունեցել, ինչեր են գլխով անցել, ու ինչ սարսափներ։

Ավետը ուրիշ տեսակ երևաց մեզ` խորը, լուռ ու մունջ տառապած, հազար ու մի փորձանքից փրկված, հազար վախի միջով անցած։ Էսօր հեշտ է դատողություններ անել, էսօր դժվար է, գրեթե անհնարին պատկերացնել ստալինյան ժամանակները, քանի որ էդքան սուտ, էդքան դաժանություն երբևէ եղած չկա։



Մեծ տաղանդի տեր Ավետը ստեղծագործել է ու հետն էլ վախը սրտում։

Խուլ ձայնով կարծես ավելի շատ ինքն իր հետ մտորում էր, դառնացած պատմում Ջանանի մասին, թե ինչ դերասան էր, որ դերն ինչպես էր խաղում, և թե վերջը ինչպես տարան, տարան ու տարան։ Յաղուբյանի մասին էր պատմում, որ Փարիզից եկավ Հայրենիք ու տարան, կորցրին... Ու էլի շատ մարդկանց մասին, որոնց հետ անձամբ ծանոթ է եղել, ընկեր բարեկամ...

Ազդվեցինք ու տխրեցինք շատ, արդեն լուռ հասցրեցինք նրան մինչև իր տուն ու բաժանվելուց առաջ հարցրեցինք.
- Ավետ Մարկիչ, բա դու ո՞նց փրկվեցիր, ինչպե՞ս է որ ձեզ չկարողացան ձեռք տալ։

Երկար լռեց, հետո «Կազբեկի» տուփը հանեց գրպանից, վառեց ծխախոտը, մի քանի անգամ խորը ներս քաշեց ծուխը.
- Ի՞նձ... Ե՞ս... Հա, ասեմ։ Ինձ ժողովուրդս պահեց... Հա՛, ժողովուրդս։

Ու աչքերը լցվեցին։ Էնպես էր հուզված։ Ինքը ժողովրդինն էր, ժողովուրդը` իրենը, ինչպես կհամարձակվեին։ Ժողովուրդը թույլ չէր տա...

Երեխայի պես միամիտ մարդ էր Ավետը»։

Պատրաստեց Նաիրա Եղիազարյանը

Ամենից շատ դիտված

22:09 Կողմնակիցներիս ու ընտանիքիս անդամների հասցեին հայհոյանքը չեմ կարող այլևս հանդուրժել. Փաշինյան
23:39 Սրբազանի համար ամեն ինչի պատրաստ ենք. Գյումրիում ստորագրահավաք է սկսվել
19:45 Ընթացող զարգացումների ֆոնին Ալիևը փոխում է Ադրբեջանի նախագահի անվտանգության ծառայության ղեկավարին
21:53 Հայ-թուրքական սահմանը բացելու գինը. Հայաստանը կզիջի՞ ատոմակայանն ու ՀԷՑ-ը Թուրքիային
22:02 Սամվել Կարապետյանի ընտանիքը ներդրումային վեճ սկսելու մասին պաշտոնական ծանուցում է ուղարկել ՀՀ պետական մարմիններին 
16:20 «Նաիրիտ»-ի ապամոնտաժումն անխուսափելի է. «գիգանտները» թույլ չեն տա, որ ՀՀ-ում կաուչուկ արտադրվի
22:48 Եթե ՌԴ-ն շարունակի մեղմ քաղաքականությունը Բաքվի դեմ, ապա դա էլ ավելի կլկտիացնի Ալիևին և նրա հովանավորներին
15:00 Մութ ձի, մութ պատմություն ու կասկածներ Արման Թաթոյանի շուրջ
23:02 Իմ հանդեպ վստահության մակարդակի անկումը հասել է մի կետի, որ ես հրաժարական եմ տվել. Արայիկ Հարությունյանը՝ Բաքվում
15:30 Ոչխարը ծախեմ, ականջս դինջ ապրեմ. լոռեցի հովիվ

Ձեզ գուցե հետաքրքրի