copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:16 28-03-2023

Աշոտ Նավասարդյան․ անուղղելի անկախականը

1967 թվականն էր։ 17-ամյա Աշոտ Նավասարդյանը ծանոթացավ Ազատ Արշակյանի ու Պարույր Հայրիկյանի հետ և շատ շուտով օդաչու դառնալու նրան երազանքը հօդս ցնդեց։Նա անդամագրվեց ընդհատակյա Ազգային միացյալ կուսակցությանը (ԱՄԿ)։ Այս քայլը վճռեց նրա հետագա կյանքի ողջ ընթացքը։ 1968-ի փետրվարի 18-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի ունեցավ նրա երդման արարողությունը։ ԱՄԿ-ի նպատակը անկախ Հայաստանի ստեղծումն ու պատմական տարածքների հետ վերամիավորումն էր։



Այդ ժամանակվանից սկսած՝ ԽՍՀՄ-ում համարյա ամեն տարի ԱՄԿ-ական էր դատապարտվում։ Աշոտն էլ բացառություն չեղավ։ Անդամագրվելուց շատ չանցած՝ 1969-ին նա ձերբակալվեց և համախոհների հետ միասին դատապարտվեց «Շանթ» հակապետական խմբի կազմավորման մեղադրանքով։ Վերադարձից հետո ընկերներով հավաքվեցին Երևանի սրճարաններից մեկում՝ նշելու։ Աշոտ Նավասարդյանի մանկության և պայքարի ընկերը՝ Ռազմիկ Մարկոսյանը, այդ օրվանից մի դրվագ է հիշում, թե ինչպես սրճարանում հայտնվեց Հովհաննես Շիրազը, երբ նրանք հայրենասիրական երգեր էին երգում։ Շիրազը միանում է նրանց և իմանալով հավաքի պատճառն ու Աշոտի վերադարձը՝ մոտեցավ և համբուրեց Աշոտի ձեռքը։ Հովհաննես Շիրազն այդ ժամանակ ազատագրական մտքի գաղափարական հենասյուներից մեկն էր, և միայն պատկերացնել կարելի է, թե ինչ ազդեցություն ունեցավ այդ համբույրը Աշոտի ոգու կերտման վրա։

Սակայն այս ազատազրկումը Աշոտի համար միակը չէր։ Նա կալանավորվեց ևս 2 անգամ։ Նախ 1974թ.-ին ԱՄԿ ծրագիրը և թերթիկներ տարածելու մեղադրանքով, նա դատապարտվեց 7 տարի ազատազրկման և 2 տարի աքսորի, բայց 1976-ին վաղաժամ ազատագրվեց, ապա կրկին ձերբակալվեցև դատապարտվեց 1981-ին՝ ԱՄԿ-ին անդամակցության եւ ինքնահրատի տարածման համար:

Նա ճանաչվեց հատուկ վտանգավոր ռեցիդիվիստ, անուղղելի քաղաքական հանցագործև դատապարտվեց 8 տարվա ազատազրկման: Ամբողջ Սովետական Միությունում մատների վրա կարելի էր հաշվել քաղաքական ռեցիդիստներին, իսկ մասշտաբներով ամենափոքր սովետական երկրներից մեկը՝ Հայաստանը, այդ ժամանակաշրջանում ունեցել է երկու քաղաքական ռեցիդիվիստ՝ Աշոտ Նավասարդյան, Ազատ Արշակյան։

1987-ին գորբաչովյան ռեժիմի օրոք Աշոտին և մի շարք այլ քաղբանտարկյալների ներում շնորհվեց։ Ընդհանուր հաշվարկով Աշոտ Նավասարդյանը դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման ու 5 տարվա աքսորի, բայց կալանավայրերում անցկացրեց շուրջ 12 տարի։



Վերադառնալով Հայաստան՝ նա համառորեն շարունակեց հետևել իր անկախական գաղափարներին։ Ակտիվորեն մասնակցեց 1988-ին ծավալված գործողություններին, իսկ Երասխավանի մարտերի ժամանակ հիմնեց «Անկախության բանակ» ռազմաքաղաքական կազմակերպությունը, որի գլուխ անցավ Լեոնիդ Ազգալդյանը։ «Անկախության բանակը» հետագայում դարձավ հայկական բանակի նախակարապետը։ Աշոտը նախաձեռնեց նաև հայկական կամավորական ջոկատները համակարգող խորհուրդ։

1990-ին հիմնեց Հայաստանի հանրապետական կուսակցությունը։ Աշոտը կարծում էր, որ ժամանակն է, զինված բանակ լինելուց բացի, նաև քաղաքական պայքար մղել ու կառուցողական ծրագրերով ներկայանալ խորհրդարանում, թեև դեռ շարունակում էր նաև մասնակցել մարտական գործողություններին։



1990-1995թթ․ եղել է ՀՀ ԳԽ Անկախ պետականության հաստատման և ազգային քաղաքականության հարցերի և Սահմանադրական հանձնաժողովների անդամ, 1995-1997թթ․՝ ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ։ 1996-ին Գերմանիայում մասնակցել է Ռազմավարական հետազոտությունների Մարշալի կենտրոնի դասընթացներին, ստացել է ռազմագետի որակավորում։ Մահացել է 1997թ. նոյեմբերի 3-ին կաթվածից: Թաղված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

Աշոտ Նավասարդյանն իր ողջ գիտակից կյանքը նվիրեց հայրենիքին՝ պայքարելով դեռ հեռավոր 1960-ականներից, երբ անկախության գաղափարը անիրատեսական ու ցնորային միտք էր թվում, տեսավ հայրենիքի անկախությունն ու մինչև վերջ իր մոտեցումների մեջ մնաց անսասան։

Այսօր Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 73 տարեկան։

Արմինե Մուրադյան

Ձեզ գուցե հետաքրքրի