Երևան +15°
copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 17:29 27-03-2023

Ինչպես խաբելով հող են վաճառում, այնպես էլ խաբելով ընտրություն են կրում․ Սիսիանի ՏԻՄ ընտրությունների խախտումների ականատես

Սիսիանի ՏԻՄ ընտրությունների ժամանակ ցանկացած ընտրատեղամասի մոտ տեղի ՔՊ-ական թեկնածուն եղել է մարդկային կուտակումների կիզակետում։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ ԵԿ փոխնախագահ Աշոտ Անդրեասյանը՝ անդրադառնալով մարտի 26-ին Սիսիանում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ընթացքում իր ու մյուս դիտորդների կողմից արձանագրված խախտումներին։

«Այսինքն, սա նշանակում է, որ մարդկային հոսքեր են եղել, որոնք ուղղորդված տարվել են ընտրության։ Դա մեկ ընտրախախտումն է։ Երկրորդ՝ ոչ միայն ընտրատեղամասերի մոտ, այլև ընտրության օրը մենք գիտենք, որ օրենքը թույլ չի տալիս, որ ֆեյսբուքում գովազդներ լինեն՝ ընտրությունների նույն օրվա ընթացքում։ Այդ օրը չի կարելի ուղղորդել ընտրողներին՝ այս կամ այն կուսակցությանն ընտրելու հարցում։ Էնտեղ եղել է նաև ՔՊ պատգամավոր Կարեն Համբարձումյանը, ով ժամերով ընտրատեղամասի մոտ է եղել ու լրագրողի հարցից հետո է դուրս եկել ընտրատեղամասից»,- ասաց նա։

Oragir.News-ի զրուցակիցը խոսեց նաև մեկ այլ խախտման մասին, որը մեծ թափով տարածվեց ու քննարկվեց համացանցում։

«Լուսանկար հրապարակվեց, որտեղ երևում է, թե ինչպես են հեռախոսից նայում նույնիսկ ՏԻՄ ընտրություններին եկողների ու ընտրողների անուններն ու ցուցակները։ Այդ չաթում գրել էին՝ Ձեր հերթն է գալիս։ Սա խայտառակություն է։ Մի ուժ, որը նախկիններին մեղադրում էր ընտրակեղծիքների մեջ, մեղադրում էր այն ամենի մեջ, ինչը չի եղել՝ իրենք այսօր պրոֆեսիոնալ կերպով այդ ամենն անում են»,- ասաց նա։

ՀՀԿ ներկայացուցչի խոսքով՝ իշխանության ներկայացուցիչներն այդ ամբողջ ընթացքում ամեն կերպ փորձել են ծածկել կատարվող բոլոր խախտումները՝ հայտարարելով, թե ընտրություններն ընթանում են բնականոն հունով։

«ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ուղիղ եթերով ասում էր, թե ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ արդար է։ Սրանք եկել են իշխանության՝ առաջին իսկ օրից մանիպուլյացիաներ իրականացնելով, խաբելով։ Նույնիսկ հեղափոխությունն են խաբելով արել ու խաբելով էլ պահում են։ Խաբելով հող են վաճառում, խաբելով ընտորւթյուն են կրում, խաբելով տանում ու մեր 5000 եղբայրների գլուխն են ուտում։ Այդ մարդիկ սատանաներ են, որոնք մեկ է՝ իրենց սատանայություններն անելու են այնքան ժամանակ, քանի դեռ իշխանության գլխին են»,- ասաց նա։

Սիսիանի բոլոր ընտրատեղամասերում, ըստ Անդրեասյանի, իրենք ընտրախախտումներ են արձանագրել։ «Անդադար ուղղորդումներ էին կատարվում։ Նույնիսկ այնտեղ մարդ կար, որ ասում էր՝ գումար է բաժանվում։ Պարզապես ես հիմա փաստ չունեմ, որպեսզի դա իմ անունից հրապարակեմ։ Բայց կին կար, որ ասում էր՝ դպրոցի աշխատողներին 20,000 դրամ գումար են տվել, որ գան ընտրության։ Նա պարզապես չխոսեց՝ վախենալով, որ իրեն աշխատանքից կհեռացնեն»,- ասաց նա։

Մեր զրուցակցի խոսքով՝ ընտրախախտումները հանրության շրջանում վստահության պակասի զգացողության արդյունք են։ «Եթե դու ժողովրդավար ես, եթե ժողովրդի կողմից սիրված ես՝ կարիք չունես այդ խախտումներն իրագործելու։ Ընտրախախտումներն ու ընտրակեղծիքները լինում են նրանից, որ վստահություն չկա, որ քո քաղաքական ուժը կհաղթի կամ կհասնի հաջողության։ Այսօր արդեն երևան են գալիս այն բոլոր խախտումները, որոնք արվել են իշխանությունների կողմից։ Միանշանակ, նրանք կորցրել են վստահությունը ժողովրդի մոտ։

Մենք Սիսիանի ժողովրդի հետ էլ ենք շփվել, բոլորը Նիկոլից ու նրա քաղաքական թիմից որևէ սպասում ու դրական ակնկալիք չունեն։ Նրանք մտածում են, որ Նիկոլ Փաշինյանը պարզապես Սիսիանը, Գորիսն ու Սյունիքը հանձնելու է թուրքերին։ Ինչի՞ մասին է խոսքը»,- ասաց նա։

Այս առումով, մեր զրուցակիցն անընդունելի համարեց Նիկոլ Փաշինյանի գրառումը՝ Սիսիանի կողմից իրենց հանեպ վստահության մասին։ «Գրել է՝ երեկվա ընտրությունները եղել են սիրով և սիսիանցին վստահել է մեզ։ Սա ցինիկություն է, սա խեղկատակություն է, սա հարիր է Նիկոլ Փաշինյանին ու նրա քաղաքական գործելաոճին։ Սիսիանում Նիկոլ Փաշինյանի անունը լսել չեն ուզում։ Իսկ այն ձայները, որ եղել են՝ տրվել են բացառապես ընտրակեղծիքների ու տոտալ բռնաճնշումների արդյունքում։

Մարդիկ հարյուրներով ու հազարներով ասում էին՝ մենք Նիկոլ Փաշինյանին չենք ուզում ընտրել, բայց վախից ընտրում ենք, որովետև գործից կհեռանեն։ Սա ժողովրդավարություն ու արդար ընտրություններ կրե՞լ է, որ մի հատ էլ Նիկոլ Փաշինյանն իր էջի գրի՝ ես սիրում եմ ձեզ, սրանք սիրո ընտրություններ են։ Սա ցինիկություն է, որով Նիկոլ Փաշինյանն ինչպես 2018 թվականին եկել է իշխանության, այնպես էլ շարունակում է այսօր։

Մենք 5000 զոհ ունենք, մերք շրջափակված հայրենիք՝ Արցախ ունենք, մենք ՀՀ սուվերեն տարածք ունենք, որն օկուպացված է թշնամու կողմից, իսկ սրանց խեղկատակ փոխքաղաքապետն առավոտյան գնում է քաղաքապետարան՝ ասում՝ «կոնիշուա, պարոն Բեգոյան»։ Սա ցինիկության վերջն աստիճանն է»,- ասաց նա։

Ըստ Աշոտ Անդրեասյանի՝ ստեղծված իրավիճակից միակ ելքը ներկա իշխանությունների հեռացումն է։ «Ինչ վերաբերում է տվյալ ընտրախախտումներին՝ կարծում եմ, որ այդ խախտումներն անպատասխան չեն մնա ու գործողություններ կձեռնարկվեն դրանց ուղղությամբ։ Ամեն դեպքում, մենք մեր արձանագրած բոլոր խախտումներն արդեն իսկ հրապարակել ենք ֆեյսբուքում ու հայտնել ենք լրատվամիջոցներին։ Այդ խախտումներն ավելի քան ակնհայտ են»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի