Երևան +12°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:53 27-03-2023

Մինչև պապաս չգա, հաց չեմ ուտի․ զոհված Սամսոնի ընտանիքը ծանր վիճակում է

Ընտանիքում մեծ ուրախություն էր ու Սամսոնը կրկնակի անգամ երջանիկ էր։ Հիվանդանոցում տեսել էր նորածին դստերը՝ Էլենին։ Սիրելի կնոջ Լիլիթի մայրը՝ Լուսինե Ամիրջանյանը փեսայի մասին խոսելիս հուզվում է․

«Բարի էր, անսահման բարի, ընտանիքին նվիրված։ Էլենի ծնունդը յուրահատուկ ուրախություն էր Սամսոնի համար, դիրքերից իջավ, որ տեսնի նորածին աղջկան, մի անգամ տեսավ ու գնաց ծառայության։ Գոռը մինչև օրս սպասում է հորը»։



Սամսոն Հովակիմյանը զոհվեց 28 տարեկանում։ Նա կռվել է մինչև վերջին շունչը։ Լիլիթը վշտին չի դիմանում, դժավարությամբ է մեծացնում երկու երեխաներին։ Գոռը արդեն յոթ տարեկան է, իսկ Էլենը դեռ երեք տարեկան էլ չկա։




Երեխաները հարցեր են տալիս հոր մասին ու Լիլիթը հաճախ իրեն անօգնական ու փշրված է զգում։ Գոռը հաճախ է հիվանդանում, օրերս նորից վիրահատության է ենթարվել։ Ապրում են Սիսիանում, բավականին ծանր պայմաններում։

«Լիլիթն ու Սամսոնը հանդիպել են Երևանում, հետո նրանց ընտանիքը Հոկտեմբերյան եկավ՝ աղջկաս ձեռքը խնդրելու։ Մտածում էինք, որ դեռ ամուսնանալու ժամանակը չի ու մերժեցինք։ Օրեր անց փախցրեց։ Ավելի ուշ Սիսիան գնացին։ Լիլիթն ու երեխաները տան կարիք ունեն, բայց մեր վիճակն էլ մի բան չի ու առայժմ չենք կարողանում երեխեքին օգնենք։ Գոնե առողջ լինեն՝ Աստված մի դուռ կբացի»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմեց Լուսինե Ամիրջանյանը։



Սամսոնն իր ջոկի 6 տաղների հետ ակտիվ մարտ է վարել, ասում են՝ այնքան են կրակել, որ հրանոթի փողը շիկացել է, կարողացել են ճիշտ տակտիկայով պաշտպանվել ու ոչ մի զոհ չեն ունեցել, բայց թշնամին, տեսնելով, որ դիրքը անառիկ է, սկսել է ինքնաթիռից արկակոծել։

«Իրենց խրամատը թուլանում է ու որոշում են մյուս խրամատ տեղափոխվել։ Չեն պատկերացնում, որ թշնամին իրենց թիրախավորել է։ Վեց ընկերներով մնացել են հողի հաստ շերտի տակ։ Երբ հրետակոծությունը դադարել է մյուս ընկերները հողի տակից դուրս են բերել տղաների անշնչացած մարմինները։

«Ես Սամսոնին իմ սեփական որդու պես եմ սիրել։ Էս ինչ դաժան ճակատագիր էր։ Լիլիթը շատ է ուզում աշխատի, որ երեխեքը չխեղճանան։ Հոր տեղը չի կարող տալ, բայց գոնե մի քիչ հեշտ կլինի։ Աղջիկս էլ սրտի խնդիրներ ունի ու սոցիալական վիճակը ծայրահեղ ծանր է։ Գոռս հոր հետ շատ կապված է եղել։ Հիմա էլ լինում է, որ ասում է՝ մինչև պապաս չգա, հաց չեմ ուտի»,- արցունքները չի կարողանում զսպել Լուսինե Ամիրջանյանը։