Երևան +14°
copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 18:46 26-03-2023

Թատրոնում տոն էր, բոլորը զուգված սպասում էին

Մարտի 27-ը Թատրոնի միջազգային օրն է։ Տոնը նշվում է 1961 թվականից, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջազգային թատրոնի ինստիտուտը` IX կոնգրեսի ժամանակ մարտի 27-ը հռչակեց Թատրոնի միջազգային օր: Սկզբում թատրոնի տոնը նշել են միայն Ֆրանսիայում, ապա այն տարածվել է ամբողջ աշխարհում:
Արդեն ավանդական դարձած տոնը նշում են նաև Հայաստանում:

Թատրոնի միջազգային օրվա առթիվ ձեզ ենք ներկայացնում հայ թատրոնի պատմության մեջ մեծ դեր ու նշանակություն ունեցած և իրենց յուրահատուկ հետքը թողած երկու թատերական գործչի։

Արդեն պատմության գիրկն անցած արվեստագետներին ճանաչելու, գնահատելու, նրանց մարդկային ու ստեղծագործական նկարագիրը բացահայտելու համար լավագույն տարբերակը նրանց մասին հուշեր կարդալն է։ Ահա այդպիսի մի հուշ գրել է դերասան Մհեր Մկրտչյանը հայ բեմի խոշորագույն բեմադրիչի` Վարդան Աճեմյանի մասին։



«Երևանից գալու էր Աճեմյանը` իր ուսանողի ներկայացումը շտկելու։ Լենինականում խոսում էին, որ արդեն եկել է։ Իսկ թատրոնում պատմեցին, թե. «Երեկ գնացել են կայարան Աճեմյանին դիմավորելու, բայց նա վագոնից դուրս չի եկել։ Բարձրացել են տեսել, որ նա առանց տաբատի նստած է։ Զարմացել են։
Պարզվել է, որ տաբատը կորել է։ Մարդ են ուղարկել նոր տաբատ բերելու։ Բերել է։ Աճեմյանը տեսել է ու ասել` վրաս մեծ է։ Մարդն ասել է` մեռա փնտրելով, փոքրը չկար։ Աճեմյանը կատաղել է. «Պիոներ պալատից բերեիր»։ Բոլորը ծիծաղել են, իսկ ամենից շատ` Աճեմյանը։ Հետո մտել է մեծ տաբատի մեջ ու բերել են հյուրանոց»։

Թատրոնում տոն էր։ Բոլորը զուգված սպասում էին։ Հանկարծ մեկը բղավեց. «Բերին»։ Ես հուզմունքից կծկվել էի միջանցքում, բեմի բանվորի կողքին։ Միջանցք մտավ մի պստլիկ մարդ ու ձեռքի փայտը ռիթմիկ քսելով ջեռուցիչին, ճռճռացնելով, շխկշխկացնելով արագ մեր կողմը եկավ։
- Վարդան Նիկիտիչ, երկինքը ի՞նչ գույն ներկեմ,- հեռվից հարցրեց նկարիչը։
- Դեղին, - առանց մտածելու ասաց Աճեմյանը ու շարժվեց առաջ։ Երբ անցավ, բեմի բանվորին հարցրի. «Ինչու՞ ոտքի չկանգնեցիր»։ «Ես իրանից նեղեցած եմ։ Մեզի թողել գնացել է»։



...Արտաքուստ կարծես ոչինչ չասող այս աճեմյանական անցումը շատ բան էր պարունակում։ Նրան լավ ճանաչողը հասկանում էր, որ ջեռուցիչի շխկշխկոցը կամ տաբատ կորցնելը կատակ չէր։ Նա աշխատում էր, անվերջ որոնումների մեջ էր։ Նրա արվեստը անվերջ ճակատամարտ էր դոգմաների դեմ։ Ահա, թե ինչու երկինքը կապույտ չէր։ Իզուր մեզանից շատերը զարմացան, երբ ասաց «դեղին», որովհետև մի քանի օր հետո Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոնի» պրեմիերային մենք խենթի պես ծափահարում էինք հենց այդ դեղին երկնքի համար։

Տաղանդը հենց հավատն էր իր ուժի հանդեպ։ Ես աշխատեցի նրա հետ 25 տարի ու չեմ հիշում մեկին, ով նրան չէր հավատում։ Գերմարդկային ինչ ուժ էր պետք` մեր մեծերին համոզելու, բերելու մի հավատի` ներկայացման հավատին։ Աճեմյանն ուներ այդ ուժը։ Նա ստեղծում էր իր ստեղծագործական սքանչելի մթնոլորտը, որից և ծնվում էր ներկայացումը։ Եվ այս բոլորն անում էր դրսից մեղմ, երբեմն թույլ ու անփույթ թվացող Վարդան Աճեմյանը։ Ահա թե ինչու էին ասում, թե նա կարողանում է «Փայտից դերասան սարքել»։ Արի ու տես, որ հիմա ռեժիսորները հակառակն են անում։ Տեսնելով ինձ Լենինականի թատրոնի միջանցքում` «օհո» ասաց, ծիծաղեց ու անցավ։ Մտածում էի, ինչու՞։ Բանն այն է, որ նա հիանալի ծաղրանկարիչ էր, և պատկերացրեք, թե ինչ էր կատարվել իր հետ, երբ հանկարծ տեսել էր պատրաստի ծաղրանկար իր առջև կանգնած, «Օհո», հապա ուրիշ ի՞նչ։



Աճեմյան ասելով` մենք հասկանում էինք աշխատանք։ Նա երջանկության մասին մտածելու ժամանակ չուներ, բայց ունենում էր երջանկության պահեր` օթյակում, պրեմիերաների ժամանակ։ Ներկայացումը սկսվելուն պես հայտնվում էր այնտեղ և կլանված սկսում նայել մեկ` բեմին, մեկ` հանդիսատեսին և այսպես անընդհատ։



Հնարավոր չէր նկարագրել նրա հրճվանքը, երբ դահլիճը ծափահարում էր. «Ժողովուրդն ու թատրոնը հասկացան իրար, հասկանու՞մ ես, հասկացան»։ Ասում էր ու մթան մեջ քողարկում ուրախության արցունքները։ Արժե նորից հիշել բեմի բանվորի խոսքերը. «Ես իրանից նեղեցած եմ։ Մեզի թողել, գնացել է»։ Չեմ հիշում մեկին, որ նրան չէր հավատում..

Պատրաստեց Նաիրա Եղիազարյանը

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ