copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 18:00 24-03-2023

Վրաստանը բարձր է գնահատում Գերմանիայի աջակցությունը՝ երկրի եվրոպական նկրտումներին. Վրաստանի ԱԳ նախարար

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը բարձր է գնահատում Գերմանիայի աջակցությունը՝ երկրի եվրոպական նկրտումներին։ Ինչպես փոխանցում է վրացական Gruzia Online լրատվական գործակալությունը, այս մասին Դարչիաշվիլին ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերքոբի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Դարչիաշվիլին հայտնել է, որ իր գերմանացի գործընկերոջ հետ բանակցությունների ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև Վրաստանի ինտեգրումը Եվրամիությանը։ Նրա խոսքով՝ հանդիպման առանցքային թեմաներից մեկը Վրաստանին թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելն էր։

«Ես իմ գործընկերոջը ներկայացրի այն ինտենսիվ աշխատանքի արդյունքները, որոնք մենք կատարել ենք Եվրոպական հանձնաժողովի 12 առաջնահերթությունների իրականացման ուղղությամբ։ Դրանց մեծ մասն ավարտված է, և կան մի քանի կետեր, որոնց վրա շարունակում են ակտիվորեն աշխատել խորհրդարանում»,- ասել է նա։

Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ Թբիլիսիի արձանագրած առաջընթացն արդարացիորեն կգնահատվի, և Վրաստանն ու Եվրամիությունը միասին կնշեն ևս մեկ պատմական որոշում։

Անալենա Բերբոքն իր հերթին ընդգծել է, որ Գերմանիան ցանկանում է Վրաստանին տեսնել ԵՄ-ի կազմում։ «Մենք ձեզ կաջակցենք ճանապարհին։ Դուք ունեք ընկերներ Բրյուսելում և Բեռլինում, որոնց վրա կարող եք հույս դնել»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Գերմանիայի արտգործնախարարը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Թբիլիսի։ Հանդիպման ծրագիրը ներառում էր բանակցություններ արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, ինչպես նաև հանդիպում ուսանողների հետ և այցելություն Հարավային Օսեթիայի հետ փաստացի սահման։

Ձեզ գուցե հետաքրքրի